Jump to content

Արիան ԱՄՅու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիան ԱՄՅու
Տեսակտառատեսակաշար
ԴասակարգումԳերընտանիք
(ի հավելումն շղագիր, գրչագիր, միալայնք տառատեսակների, պարունակում է նաև հայկական ավանդական Գրքինը և Արամյանը)
ՏառաստեղծՌուբեն Թարումյան
ԿազմակերպությունARGA Foundation
ԱրտոնագիրԱզատ և անվճար[1]
Հիմնված է«Arial AMU»-ի ամբողջովին վերգրված տարբերակ
(Սկզբունքային թերության շտկմամբ՝ դարձնելով այն ամբողջովին Յունիքոդ-համատեղելի)

Արիան ԱՄՅու կամ Arian AMU, բոլոր ոճերով հայկական, լատինական, կիրիլյան, հունական, վրացական և եբրայերեն այբուբենների բոլոր անհրաժեշտ գրանաշանները, այդ թվում՝ այբուբենների լրակազմը, կետադրական նշանները, թվանշաններն ու մաթեմատիկական գործողությունների հիմնական նշանները պարունակող Յունիկոդ տառատեսակների ընտանիք։ Ընտանիքն ընդգրկում է ծայրատներով, առանց ծայրատների և միալայնք տառատեսակներն իրենց չորս բոլոր ոճերով՝ ուղիղ, թավ, շեղ և թավ շեղ։ Ներառված տառատեսակներից միայն շղագիր «Arian AMU»֊ի ուղիղ ոճն է պարունակում հայերենի բոլոր կցագրերը («ﬓ», «ﬔ», «ﬕ», «ﬖ», «ﬗ», ինչպես նաև «և»֊ը), իսկ գրչագիրն ու միալայնքը, համապատասխանաբար «Arian AMU Serif»֊ը և «Arian AMU Mono»֊ն, պարունակում են միայն «և»֊ը, որը Խորհրդային Միության բարեփոխումներից հետո, ստացավ առանձին տառի կարգավիճակ։ Շնորհիվ կետաշտկման և ծոցավորման (անգլ.՝ «hinting» և «kerning») տառատեսակներով ներկայացված տեքստերն ընթեռնելի են թե՛ էկրանից, թե՛ տպագրված վիճակում, և հայերեն առոգանական նշանները տեղադրվում են համապատասխան ձայնավորի վրա։ Ընտանիքի տառատեսակները ստեղծվել են տառաստեղծ Ռուբեն Հակոբյանի (Թարումյանի) կողմից ARGA հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Արիան ԱՄՅու տառատեսակը ստեղծվել է, որպեսզի փոխարինի ABBYY ընկերության կողմից ներկայացված Arial AMU տառատեսակին, որը հանդիսանում է Թարումյանի կողմից ստեղծված Arial AM֊ի UTF-8 տարբերակը, և զուգահեռ ArmSCII աջակցելու պատճառով ուներ սկզբունքային հակասություններ Յունիկոդի այլագրման ձևանմուշի հետ[2][3]։

Արիան ԱՄՅու տառատեսակը W3Consortium միջազգային չափանիշներ մշակող ընկերության կողմից հայերեն գրվածքները ներկայացնելու համար խորհուրդ տրվող տառատեսակն է։ Որպես համացանցային կայքերի ստանդարտ ներկայացման տառատեսակ այն օգտագործվում է պետական այրերի և կառույցների կայքերում, ինչպիսիք են ՀՀ նախագահի, կառավարության և նախարարությունների կայքերում, ինչպես նաև մի շարք այլ պետական և ոչ պետական կայքերում[4]։

Արիան ԱՄՅու ընտանիքը տարածվում է ազատ և անվճար ոչ ուղղակի առևտրային նպատակներով։ Այն չի կարող վերավաճառվել հենց որպես տառատեսակ, բայց կարող է ընդգրկվել մեկ այլ նախագծի մեջ, որն օգտագործում է տառատեսակը և անգամ այն դեպքում, երբ այդ նախագիծը շահույթ է հետապնդում[1][5]։

«Arian AMU»,
առանց ծայրատների
«Arian AMU Serif», ծայրատներով
«Arian AMU Mono», միալայնք

Արիան ԱՄՅու֊ի նախատիպային տառատեսակն է հանդիսանում Arial AM֊ը, որն ArmSCII այլագրման ստանդարտով տառատեսակ էր ստեղծված 1995 թվականին Ռուբեն Հակոբյանի կողմից։ Այն լինելով ժամանակին լավագույն տառատեսակներից մեկն էկրաններին հայերեն գրվածքները ներկայացնելու համար՝ շնորհիվ կետաշտկման (անգլ.՝ hinting), լայն տարածում գտավ։ Հետագայում ABBYY ընկերության «FineReader» OCR տառաճանաչման ծրագրում կիրառման համար հեղինակի կողմից ստեղծվեց նույն տառատեսակի Յունիքոդ տարբերակը, որը պահպանում էր ArmSCII հետադարձ համատեղելիությունը։ Այն ուներ միայն Յունիքոդի Basic Latin և Armenian գոտիների գրանշանները։ Բայց քանի որ այն ուներ ArmSCII հետադարձ համատեղելիություն, առաջանում էր Յունիքոդի UTF-8 այլագրման ձևնմուշի հետ սկզբունքային հակասություններ[2][6]։ Ավելի ուշ՝ 2011 թվականին, երբ անհրաժեշտություն կար լիարժեք բազմալեզու Յունիքոդ տառատեսակի և դյուրակիր սարքերի էկրաններին հայերեն գրվածքները պատշաճ կերպով ներկայացնելու, Ռուբեն Հակոբյանի կողմից ստեղծվեց Արիան ԱՄՅու տառատեսակը, որը ամբողջովին վերաստեղծվեց։ 2013 թվականի ապրիլին Արիան ԱՄՅու֊ն դարձավ տառատեսակների ընտանիք, երբ հեղինակը ներկայացրեց գրչագիր և միալայնք տեսակները՝ դարձնելով այն միակ լիարժեք բոլոր ոճերով հայերեն տառատեսակների ընտանիքը։ Բացի հայատառից տառատեսակները թույլ են տալիս ներկայացնել լատինատառ, հունատառ, կիրիլատառ, վրացատառ և եբրայատառ գրվածքները[2][4]։

Ընտանիքի բոլոր տառատեսակներում՝ շղագիր, գրչագիր և միալայնք, առկա են 4 հիմնական ոճերը՝ ուղիղ, թավ, շեղ և թավ շեղ (անգլ.՝ Regular, Italic, Bold և Bold italic)։ Տառատեսակների բոլոր ոճերը պարունակում են հայկական, լատինական, կիրիլյան, հունական, վրացական և եբրայական գրերի անհրաժեշտ գրանշանները։

Arian AMU Arian AMU Serif Arian AMU Mono
Ուղիղ Ուղիղ Ուղիղ
Թավ Թավ Թավ
Շեղ Շեղ Շեղ
Թավ շեղ Թավ շեղ Թավ շեղ

Ներառված տառատեսակներից միայն առանց ծայրատների «Arian AMU» տառատեսակի ուղիղ ոճն է պարունակում հայերենի բոլոր կցագրերը («ﬓ», «ﬔ», «ﬕ», «ﬖ», «ﬗ», ինչպես նաև «և»֊ը), իսկ ծայրատներովն ու միալայնքը, համապատասխանաբար «Arian AMU Serif»֊ը և «Arian AMU Mono»֊ն, պարունակում են միայն «և»֊ը, որը Խորհրդային Միության բարեփոխումներից հետո, ստացավ առանձին տառի կարգավիճակ։ Շնորհիվ կետաշտկման և ծոցավորման (անգլ.՝ hinting և kerning) տառատեսակներով ներկայացված տեքստերն ընթեռնելի են թե՛ էկրանից, թե՛ տպագրված վիճակում, և հայերեն առոգանական նշանները տեղադրվում են համապատասխան ձայնավորի վրա։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տառատեսակները կիրառելի է ինչպես Վինդոուզով, այնպես էլ Լինուքսով և ՕԷս Տաս օպերացիոն համակարգերում։ Իսկ Ջենթու Լինուքսի հիման վրա ստեղծված Արաքս ՕՀ֊ն անգամ հնարավորություն է տալիս մեկ հրամանով համակարգչի վրա տեղակայել ընտանիքի բոլոր տառատեսակները և կից ներկայացվաղ Արիան Գրքի տառատեսակը։ Նաև համացանցում տառատեսակները մեծ կիրառություն են ստացել հայերեն տեքստերը ներկայացնելու համար։

Արիան ԱՄՅու տառատեսակը W3Consortium միջազգային չափանիշներ մշակող ընկերության կողմից հայերեն գրվածքները ներկայացնելու համար խորհուրդ տրվող տառատեսակն է։ Որպես համացանցային կայքերի ստանդարտ ներկայացման տառատեսակ այն օգտագործվում է պետական այրերի և կառույցների կայքերում, ինչպիսիք են ՀՀ նախագահի, կառավարության և նախարարությունների կայքերում, ինչպես նաև մի շարք այլ պետական և ոչ պետական կայքերում[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Արիան ԱՄՅու տառատեսակների ընտանիքի թույլտվության համաձայնագիր».
  2. 2,0 2,1 2,2 Lezu.am. «Ռուբեն Թառումյանը ներկայացրեց համակարգչային տառատեսակների ամենախոշոր հայկական ընտանիքը».
  3. 3,0 3,1 news.am. «News.am ― ԱՌԳԱ հիմնադրամը ֆինանսավորել է Arian AMU տառատեսակների ստեղծումը».
  4. 4,0 4,1 4,2 Tert.am. «ԱՌԳԱ հիմնադրամը ֆինանսավորել է Arian AMU տառատեսակների ստեղծումը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  5. «Հայերեն.am ― Տառատեսակներ».
  6. ArmUnicode.com. «Arial AMU».