Jump to content

Արժեք (տնտեսագիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արժեք, տնտեսական կատեգորիա, մարդու կողմից սահմանափակ ռեսուրսների գնահատական, որոնք բավարարում են նրա այս կամ այն պահանջմունքը։ Փոխանակային հարաբերությունների արդյունավետությունը և զարգացումը հիմնված են համարժեքության սկզբունքի վրա, որն իր հերթին պայմանավորված է յուրաքանչյուր ապրանքի արժեքի չափման և գնահատման անհրաժեշտությամբ։ Արժեքի չափման և գնահատման հիմնախնդիրը կարևորվել է մի շարք տնտեսագիտական տեսությունների կողմից, որոնք տարբեր կերպ են բնորոշել արժեքի էությունը, այն պայմանավորող գործոնները և դերը փոխանակային հարաբերություններում։

Արժեքի տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրողների համար կարևոր է տարբեր բարիքների (ցորենի, կոշիկի, կոստյումի, պանրի, մսի և այլն) փոխանակային հարաբերակցության, այսինքն՝ դրանց արժեքի մեծության որոշումը։ Արժեքը պայմանավորված է ռեսուրսի սահմանափակությամբ։ Դա ստիպել է մարդկանց գտնել ռեսուրսների օգտագործման արդյունավետ ուղի։ Որպես այդպիսի կարևոր ուղի Ադամ Սմիթը համարել է աշխատանքի հասարակական բաժանումը։ Այդ գործընթացը աստիճանաբար նպաստել է արտադրության ամենահիմնական գործոնների (աշխատանք, կապիտալ, բնական ռեսուրսներ, ձեռնարկատիրություն) ավելի արդյունավետ օգտագործմանը և տարբեր տնտեսավարող սուբյեկտների միջև փոխանակային հարաբերությունների առաջացմանը։ Բնատնտեսության ժամանակ եղել է գործունեության ոլորտների բաժանում և դրանց արդյունքների փոխանակություն։ Աշխատանքի հասարակական բաժանմանը նպաստել է ռեսուրսների անհամաչափ բաշխվածությունն ինչպես տարբեր տնտեսական շրջանների, այնպես էլ երկրների միջև։ Աշխատանքի հասարակական բաժանման արդյունքում տարբեր արտադրողներ մասնագիտանում են այս կամ այն արդյունքի արտադրության մեջ։ Աշխատանքի բաժանման վրա հիմնված տնտեսության պայմաններում որևէ տնտեսավարող սուբյեկտ չի կարող բավարարել իր պահանջմունքները` առանց մյուսների հետ անհրաժեշտ փոխանակության հարաբերության, երկրորդ` միմյանց նկատմամբ ձևավորվում է փոխադարձ կախվածություն, երրորդ՝ ավելի է կարևորվում սեփականության իրավունքի հաստատումը արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների նկատմամբ։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ որևէ արտադրող արդյունքը ստեղծում է ոչ թե իր անմիջական պահանջմունքները բավարարելու, այլ փոխանակելու համար։ Այդ փոխանակության շնորհիվ նա ձեռք է բերում իրեն անհրաժեշտ բարիքները, որոնք սահմանափակ են, և այդ հիմքի վրա էլ ներկայացնում է դրանց նկատմամբ իր գնահատականը։ Սա բարիքի արժեքն է։ Արժեքը դրսևորվում է փոխանակային հարաբերությունների միջոցով։ Տեղի է ունենում բարիքների փոխանակություն, որոնք ունեն իրենց արժեքները կամ գնահատականները։

Արժեքի աշխատանքային տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեքի աշխատանքային տեսությունը համակարգվել է անգլիական դասական քաղաքատնտեսության (տնտեսագիտության) ներկայացուցիչների կողմից՝ հանձինս Վիլյամ Պետիի, Ադամ Սմիթի և Դավիթ Ռիկարդոյի։ Արժեքի աշխատանքային տեսությունը հետագայում զարգացրեց գերմանացի տնտեսագետ Կարլ Մարքսը։ Արժեքի աշխատանքային տեսության համաձայն՝ երկու տարբեր սպառողական հատկություններ ունեցող բարիքների՝ ընդհանրականն այն է, որ դրանք մարդու աշխատանքի արդյունք են։ Հենց արդյունքի մեջ առարկայացած աշխատանքն էլ կազմում է դրա արժեքը։ Երբ փոխանակության ժամանակ, ապրանքները նույն արժեքն ունեն, նշանակում է՝ առաջին բարիքի վրա ծախսվել է այնքան աշխատանք, որքան երկրորդի վրա։ Արդյունքի մեջ առարկայացած աշխատանքը, ըստ Կարլ Մարքսի, երկակի բնույթ ունի։ Դա մի կողմից՝ որոշակի (կոնկրետ) աշխատանք է, իսկ մյուս կողմից՝ վերացական։ Որպես որոշակի աշխատանքի ծախսում ստեղծվում է այս կամ այն սպառողական հատկությամբ արդյունք (հաց, կոշիկ, կոստյում և այլն)։ Արդյունք արտադրողների աշխատանքները տարբեր են։ Այդ տարբերություններն արտահայտվում են հումքի, նյութերի, սարքավորումների, գործիքների, արտադրության բնույթի և պայմանների, ինչպես նաև որոշակի արդյունքի (հաց, կոշիկ, կոստյում և այլն) միջոցով։ Անկախ ծախսված որոշակի աշխատանքի բնույթից՝ այն իրենից ներկայացնում է մարդկային էներգիայի (մկանների, ուղեղի, նյարդերի և այլն), այսինքն՝ աշխատանքի ծախսում ընդհանրապես։ Եթե վերացարկում կատարենք որոշակի աշխատանքից, ապա արդյունքում կունենանք աշխատանքի ծախսում ընդհանրապես։ Դա էլ վերացական աշխատանքն է։ Ըստ արժեքի աշխատանքային տեսության մարքսյան մեկնաբանության՝ արդյունքների փոխանակության ժամանակ հիմք է ընդունվում հենց վերացական աշխատանքը, այսինքն՝ աշխատանքի ծախսումն ընդհանրապես՝ անկախ դրա որոշակի ձևից։ Վերացական աշխատանքն էլ կազմում է այս կամ այն արդյունքի արժեքը։ Արժեքն, ըստ Կարլ Մարքսի, արդյունքի մեջ մարմնավորված (բյուրեղացած) վերացական աշխատանքն է։ Յուրաքանչյուր բարիք այս կամ այն որոշակի աշխատանքի արդյունքն է, իսկ փոխանակության ժամանակ հանդես է գալիս որպես վերացական աշխատանքի արդյունք[1]։ [2]

Սահմանային օգտակարության տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տեսության՝ ցանկացած սուբյեկտ բարիքը գնահատում է՝ ելնելով դրա օգտակարությունից։ Այն, որ ցանկացած բարիք արժեք ունի, պայմանավորված է սպառողի կամ գնորդի նախասիրություններով, ինչն իր հերթին կախված է բազմաթիվ գործոններից (տնտեսության ընդհանուր վիճակ, մշակութային զարգացման մակարդակ, ազգային հոգեբանություն, ճաշակ և այլն)։ Սահմանային օգտակարության տեսության համաձայն՝ արդյունքի իրացմամբ է պարզվում դրա իրական արժեքը (գնահատականը), որովհետև վերջնական որոշումը սպառողինն է՝ գնե՞լ, թե՞ չգնել։ Ելնելով այս ընդհանուր դատողություններից՝ սահմանային օգտակարության տեսությունը հանգում է այն եզրակացության, որ «արժեքը ենթադրում է առարկաների քանակի ուղղակի սահմանափակություն, և արժեքի բացակայությունը ենթադրում է դրանց առատություն»[3]։ Արդյունքի արժեքի մեծությունը նախևառաջ պայմանավորված է դրա սահմանափակության աստիճանով։ Սահմանային օգտակարություն որոշելու ժամանակ անհրաժեշտություն է առաջանում գնահատելու օգտակարության նվազման սահմանը։ Որպես այդպիսի սահման համարվում է բարիքի այն չափը, որը բավարարում է «անհետաձգելի պահանջմունքը»։ Այդ չափը (քանակությունը) կամ նմուշը դեռևս բավարարման շրջանակներ ունի։ Որոշակի սահմանից հետո բարիքի մասնաչափի կամ նմուշի վերջին միավորի ավելացումը, դրա նկատմամբ հագեցվածության պատճառով, այլևս չի իրացվում։ Վերջին միավորը համարվում է օգտակարության սահմանը։

Ալֆրեդ Մարշալի տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Մարշալի կարծիքով՝ որևէ արդյունքի արժեքը (գնահատականը) կախված է ոչ միայն սպառողի, այլև արտադրողի վարքագծից։ Նույն բարիքի արժեքը պետք է մի կողմից՝ դիտարկել սպառողի, իսկ մյուս կողմից՝ արտադրողի տեսանկյունից։ Սպառողին հետաքրքրում է բարիքի կամ արդյունքի օգտակարությունը, այսինքն՝ թե դա ինչ չափով է բավարարում նրա այս կամ այն պահանջմունքը։ Թե ինչ ծախսերի արդյունքում է ստեղծվել այդ բարիքը, սպառողին չի հետաքրքրում։ Դա կարևոր է արտադրողի համար։ Արտադրողի տեսանկյունից՝ տվյալ բարիքի օգտակարությունը կախված է համապատասխան եկամուտ ապահովելու հատկությունից։ Այդ բարիքի արտադրությունը պահանջում է որոշակի ծախսեր։ Դրանք հիմնականում հանդես են գալիս արտադրության գործոնների (կապիտալի, աշխատանքի, հողի կամ բնական ռեսուրսների) օգտագործման հետևանքով։ Արտադրողի համար այդ բարիքի օգտակարությունը ծախսերի փոխհատուցման արդյունքում անհրաժեշտ եկամտի ապահովումն է։ Այդ երկու սուբյեկտների (սպառողի և արտադրողի) կամ պահանջարկի և առաջարկի փոխհարաբերության արդյունքում ձևավորվում է բարիքի արժեքը։ Մարշալի կարծիքով՝

«Մենք կարող ենք հավասար հիմքով վիճարկել, թե արդյոք արժեքը կարգավորվում է օգտակարությա՞մբ, թե՞ արտադրության ծախսերով»։

Սպառողի և արտադրողի (կամ պահանջարկի և առաջարկի) փոխհարաբերության արդյունքում այդ երկու կողմերը գալիս են համաձայնության և որոշում, թե ինչ համամասնությամբ պետք է փոխանակվեն իրենց բարիքները։ Սա նշանակում է, որ բարիքի արժեքը պայմանավորված է բազմաթիվ գործոններով։ Սպառողի պահանջարկը կախված է նրա հակումներից, նախասիրություններից, եկամտի չափից, բարիքի սահմանային օգտակարությունից և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. К. Маркс «Капитал» т.3, гл. VII — Добавления с.153 «Стоимость всякого товара, — а следовательно, и товаров, из которых состоит капитал, — определяется не тем необходимым рабочим временем, которое заключается в нём самом, а рабочим временем, общественно необходимым для его воспроизводства.»
  2. К. Маркс «Капитал» т.3, гл. L с.948 «…стоимость рабочей силы, как и всякого другого товара, определяется рабочим временем, необходимым для её воспроизводства.»
  3. Бем-Баверк Е., Основы теории ценности хозяйственных благ. Австрийская школа в политической экономии. М., 1992, с. 262.
  • Ավետիսյան Ս.Ս., Թովմասյան Ռ.Ա., Տնտեսագիտության տեսություն. - Երևան, ։«Նահապետ», 2010 թ.,324 էջ
  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Երևան, Տնտեսագետ, 2008.- 172 էջ։
  • Տնտեսագիտության տեսություն, Գ.Ե. Կիրակոսյանի և Ի.Ե. Խլղաթյան-Երևան, Տնտեսագետ, 2009.- 752 էջ։