Ավազան, ճարտարապետության մեջ, արհեստական ջրամբար, արհեստական լճակ, գուռ, սովորաբար պարտեզի կամ պուրակի ճարտարապետական կոմպլեքսի մաս։ Հին Արևելքի երկրների, ավելի ուշ՝ Հին Հունաստանի և Հին Հռոմի հայտնի առաջին ավազանները ուղղանկյուն էին և գլխավորապես ծառայում էին լվացվելու, լողանալու համար։ 16-րդ դարի երկրորդ կեսից Իտալիայում ի հայտ են գալիս դեկորատիվ ավազաններ, իսկ 18-րդ դարից շատրվաններով կամ ջրի հայելու տեսքով ուղղանկյուն կամ բարդ ձևի ավազանները դառնում են պուրակների (գլխավորապես կանոնավոր) ճարտարապետության կարևոր կոմպոզիցիոն տարր (Պետերհոֆի, այժմ՝ Պետրոդվորեց, Վերսալի և այլ ավազաններ)։ Ժամանակակից ճարտարապետության մեջ ավազանները մեծ տեղ են գրավում։
Երևանում կառուցվել են բազմաթիվ դեկորատիվ ավազաններ («Կարապի լիճ», «Արևիկ», «Էրեբունի» և այլն), որոնք ճարտարապետական անսամբլները լրացնելուց զատ նպաստում են քաղաքի կլիմայի բարելավմանը։ Արհեստական ավազաններ են կառուցվել նաև Գյումրիում և Վանաձորում։ Ավազաններ են կոչվում նաև լողալու համար կառուցված բաց և ծածկված շինությունները՝ լողավազանները, եկեղեցու ներսում, հյուսիսային պատի մեջ զտնվող կամ առանձին մկրտարանների փոքրիկ գուռերը, որտեղ կատարվում է մկրտությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 602)։