Ադրբեջանական ՕՄՈՆ
Ադրբեջանի Ոստիկանության հատուկ նշանակության ուժեր | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ոստիկանության զինված ստորաբաժանում |
Երկիր | Ադրբեջան |
Ենթարկոում | Ադրբեջանի Ներքին գործերի նախարարություն |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ և Ադրբեջանի ոստիկանության հատուկ նշանակության ուժերի խռովություն |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Ռովշան Ջավադով |
Ադրբեջանական ՕՄՈՆ (պաշտոնապես՝ Ադրբեջանի Ոստիկանության հատուկ նշանակության ուժեր, Ադրբեջանի Միլիցիայի հատուկ նշանակության ուժեր, նախկինում՝ ադրբ.՝ Azərbaycan Polisinin Xüsusi Qüvvələri, ադրբ.՝ Xüsusi Təyinatlı Polis Dəstəsi (Azərbaycan), ադրբ.՝ XTPD, ռուս.՝ ОМОН Азербайджана)), ոստիկանական ուժային ստորաբաժանում Խորհրդային Ադրբեջանում, հետագայում՝ Ադրբեջանի Հանրապետությունում։ Ստեղծվել է 1990 թվականին Խորհրդային Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության ենթակայությամբ արցախյան հակամարտության ժամանակ հայկական զինված ուժերի դեմ պայքարելու համար։ Ադրբեջանական ՕՄՈՆ-ն իր սպառազինության մեջ ուներ հրաձգային զինատեսակներ և զրահատեխնիկա[1][2]։
Արցախյան պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-1991 թվականներին Ադրբեջանական ՕՄՈՆ-ն օգտագործվում էր ԼՂԻՄ-ում, Շահումյանի շրջանում և հայ-ադրբեջանական շփման գծի այլ հատվածներում հայկական զինված ուժերին ճնշելու և ոչնչացնելու նպատակով, ինչպես նաև հայկական բնակավայրերից հայ բնակչության տեղահանումը, հաղորդակցության, այդ թվում՝ ճանապարհների արգելափակումը[3]։
Օղակ գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի ապրիլի 29-ից մայիսի 4-ը Ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները ԽՍՀՄ բանակի և ներքին զորքերի հետ իրականացրեցին «Կոլցո» գործողությունը Ադրբեջանական ԽՍՀ կազմում գտնվող Շահումյանի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի նկատմամբ, որի հետևանքով հայկական այդ բնակավայրերի բնակիչները բռնի կերպով արտաքսվեցին իրենց տներից։ Նրանց փոխարեն բնակեցվեցին ադրբեջանցիներ։
Հետխորհրդային շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի Հանրապետության անկախության հռչակումից հետո ոստիկանության հատուկ նշանակության ուժերն ընդգրկվեցին նորանկախ պետության Ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո։
Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի խռովություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականի մարտի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի կողմից սկսվեց զինված խռովություն ընդդեմ կենտրոնական իշխանությունների։
Մարտի 13-ի գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի զինյալները քաղաքացիական հագուստով զինված անձանց հետ միասին գրավում և տիրում են Ղազախ քաղաքի քաղաքային ոստիկանության բաժանմունքը և Ադրբեջանի զինված ուժերի զորամասը։ Վերցնելով մի քանի միավոր զրահատեխնիկա և զինամթերք՝ նրանք շարժվեցին Աղստևի շրջանի ուղղությամբ։ Ժամը 04:40-ին Աղստև քաղաքի մատույցներում նրանց կողմից գնդակոծվեց ճանապարհային ոստիկանության հենակետը, որն այնուհետև գրավվեց և զինաթափվեց[4]։ Շարժվելով քաղաքի ուղղությամբ՝ առավոտյան ժամը 05։20-ին խռովարարները քաղաքային ոստիկանության վարչության մոտակայքում զինված ընդհարումների մեջ մտան քաղաքային ոստիկանության աշխատակիցների հետ։ Ժամը 06։30-ի սահմաններում նրանք գրավեցին և զինաթափեցին Աղստևի ոստիկանությանը։ Ավելի ուշ Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը փորձեցին գրոհել Թովուզի շրջանում տեղակայված զինվորականներին, սակայն պարտության մատնվեցին[4]։ Մարտի 15-ին կառավարական զինված ուժերը սկսեցին առաջխաղացում Աղստևի շրջանում գտնվող Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի դիրքերի ուղղությամբ՝ խռովարարներին ստիպելով նահանջել Աղստևից։Համաձայն Թուրան լրատվական գործակալության՝ մարտերի ընթացքում կիրառվել է նաև «Գրադ» հրթիռային կայանքներ[5]։
Մարտի 14-ին հեռուստատեսությամբ ներկայացվեց Ադրբեջանի Ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի հրամանագիրը Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի լուծարման մասին։ Այդ որոշումը կայացվել էր այն պատճառով, որ Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը «դարձել էին անկառավարելի ստորաբաժանում, ամբողջությամբ դուրս էին եկել նախարարության վերահսկողությունից»[6]։ Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի հրամանատարին և իր մարտիկներին հրահանգված էր սկսած մարտի 17-ից՝ ժամը 00։00-ից, երեքօրյա ժամկետում ստորաբաժանման տրամադրության ներքո գտնվող ամբողջ տեխնիկական միջոցներն ու զինանոցը հանձնել։ Հաջորդ օրը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ռովշան Ջավադովին ազատեց Ներքին գործերի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը երեկոյան Ջավադովը, ով իր կողմնակիցների հետ տեղակայվել էր Բաքվի «8-րդ կիլոմետր» կոչվող բնակելի թաղամասում գտնվող Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի հենակայանում, հանդես եկավ նախագահ Հեյդար Ալիևի, Ազգային ժողովի նախագահ Ռասուլ Գուլիևի և Ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի հրաժարականի պահանջով[5]։
Մարտի 16-ի լույս 17-ի գիշերը Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի և կառավարական զինված ուժերի միջև սկսվեցին զինված բախումներ։ Համաձայն պաշտոնական տեսակետի՝ Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի աշխատակիցները գիշերը ժամը 2-ին առաջինն են սկսել ռազմական գործողությունները։ Խռովարարների պնդմամբ առաջինը կրակ են բացել կառավարական ուժերը[4]։ Խռովարար ոստիկանները գրավեցին մոտակա դպրոցի, մանկատան շենքերը և դիրքավորվեցին բնակելի շենքերի տանիքներին՝ փորձելով ճեղքել պաշարումն ու մոտենալ «Նեֆթչիլյար» մետրոյի կայարանը, սակայն կանգնեցվել էին Պաշտպանության նախարարության պարետային հենակետերի կողմից։ Առավոտյան ժամը 4-ին կառավարական դիրքերին քաղաքի կողմից գեներալ-լեյտենանտ Ն․Սադիկովի հրամանատարությամբ օգնության են գալիս նոր ուժեր[4]։ Կատաղի մարտերի հետևանքով Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի մարտիկները նահանջեցին իրենց զորամասի տարածք, որի շրջագծով կրկին սկսվեցին կատաղի մարտեր։ Ռովշան Ջավադովը մահացու վիրավորվեց և հետագայում մահացավ հիվանդանոցում։ Առավոտյան ժամը 11։30-ին Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը բարձրացրեցին սպիտակ դրոշ, սակայն կրակը շարունակվեց ևս 10 րոպե՝ ավարտվելով կառավարական ուժերի հաղթանակով։
1995 թվականի մարտի 13-ից 17-ը տեղի ունեցած զինված բախումների հետևանքով սպանվեց 45 մարդ, այդ թվում՝ 25 զինվորական, Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի 11 մարտիկ, 2 ոստիկան և 7 քաղաքացիական անձ։ 117 մարդ վիրավորվել էին[4]։ Հատուկ նշանակության ուժերի հարյուրավոր աշխատակիցներ, ինչպես նաև մի քանի զինվորականներ, ոստիկաններ ու քաղաքացիական անձինք 3-ից 15 տարի պատժաչափեր, որոշները՝ դատապարտվեցին մահապատժի (հետագայում փոխարինվեց ցմահ ազատազրկման)[7]։ Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը, որպես Ներքին գործերի նախարարության ուժային կառույց, լուծարվեց[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ընդդեմ Արցախի 1991-1994 թթ.» (արխիվացված)։
- ↑ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարան, Երևան, 2004 թվական, (թվային տարբերակը Վիքիդարանում)։
- ↑ Авиация в Армяно-Азербайджанском конфликте․(ռուս.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 "МАРТОВСКИЕ СОБЫТИЯ" (արխիվացված)։(ռուս.)
- ↑ 5,0 5,1 Ситуация в Азербайджане, Политик политику lupus est, Газета "Коммерсантъ" №48 от 17.03.1995․(արխիվացված)։(ռուս.)
- ↑ Ситуация в Азербайджане, Бунт полицейских разгорается, Газета "Коммерсантъ" №47 от 16.03.1995․ (արխիվացված)։
- ↑ ПРЕСЛЕДОВАНИЯ ПО ПОЛИТИЧЕСКИМ МОТИВАМ, Дела отряда полиции особого назначения (ОПОН)(արխիվացված)։(ռուս.)
- ↑ ОТЧЕТ О СОВМЕСТНОЙ ЭКСПЕДИЦИИ В АРМЕНИЮ, АЗЕРБАЙДЖАН И НАГОРНЫЙ КАРАБАХ, С.Ганнушкина и Б.Клазен, Мемориал Արխիվացված 2017-01-10 Wayback Machine (արխիվացված)։(ռուս.)