RSAC (Red Samara Automobile Club), ռուսական երաժշտական խումբ[1]։ Բացի հիմնադիր և մենակատար Ֆելիքս Բոնդարևից, կազմի մեջ մտնում են Tesla Boy-ի նախկին կիթառահար Լեոնիդ Զատագինը (բաս կիթառ), Mana Island-ի նախկին թմբկահար Իվան Ամելենկոն (հարվածային գործիքներ) և երգչուհի ELLA–ն (իրական անունը Էլվիրա Պոնոմարյովա), որը ծնունդով Դոնեցկից է (Ուկրաինա), ներկայումս բնակվում է Դոնի Ռոստով քաղաքում (Ռուսաստան), «Ուկրաինայի ձայնը» հեռուստաշոուի նախկին մասնակից է[2]։
Խումբը ստեղծվել է որպես երգիչ/ինդի երաժիշտ Ֆելիքս Բոնդարևի նախագիծ։ Անվանումը «Red Samara Automobile Club»-ի կրճատումն է։
Բոնդարևը, որն աշխատել է այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են «The Brian Jonestown Massacre»-ը, «Մումիյ Տրոլլ»-ը և «Սանսարան»[3], տարիների ընթացքում շատ նախագծեր է ունեցել, սակայն դրանցից ոչ մեկը համընդհանուր հավանության չի արժանացել։ 2019 թվականի դրությամբ RSAC խումբը արդեն գոյություն ունի 10 տարուց ավելի։
2018 թվականին Ֆելիքս Բոնդարևին դուր է եկել RSAC-ի «Боль, Боль, Боль» երգի Էլլայի քավեր տարբերակը․ աղջիկը Instagram սոցիալական ցանցում տեղադրել էր այն #хочуфит #феликсбондарев #рсак հեշթեգերով։ Բացի այդ, նա ձայնագրում և ինտերնետ է տեղադրում տարբեր երգերի քավեր տարբերակները։ Դրանից հետո նրանք ձայնագրել են «Поезда» երգը, որն ընդգրկվել է «Голые факты» ալբոմում[4]։
Նույն 2018 թվականի աշնանը թողարկվել է «АРГУМЕНТЫ» նոր ալբոմը, որտեղ Էլլան արդեն հայտարարվել է որպես խմբի անդամ, այլ ոչ թե հրավիրված արտիստ։ Ալբոմը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ներկայացնելուց հետո խումբը ամբողջ կազմով ուղևորվել է շրջագայության Ռուսաստանով։
Խմբին ժողովրդականություն է բերել «NBA» երգը, որը թողարկվել է «АРГУМЕНТЫ» ալբոմի կազմում։ 2019 թվականի ամռանը այս երգը վերաձայնագրվել և վերաթողարկվել է «Фелла» ալբոմի հետ և ստացել է «NBA (Не мешай)» անվանումը[3]։