«Blow», ամերիկացի երգչուհի Կեշայի երգն իր առաջին «Cannibal» մինի ալբոմից, որը թողարկվել է 2011 թվականի փետրվարի 8-ին։ Երգը այդ մինի ալբոմի երկրորդ և վերջին սինգլն է։ Այն գրել է Քեշան Klas Åhlund-ի, Lukasz Gottwald-ի, Allan Grigg-ի, Benjamin Levin-ի և Max Martin-ի հետ համատեղ։ Արտադրությանը մասնակցել են Dr. Luke-ն, Max Martin-ը, Benny Blanco-ն և Kool Kojak-ը։ Կեշան ասել է, որ կոմպոզիցիայի խոսքերը վերաբերում են իրեն և իր երկրպագուներին։ «Blow» երգը գրված է էլեկտրոփոփ և դանս փոփ ժանրերում և կարելի է բնութագրել որպես երեկույթի հիմն, որը կոչ է անում լավ ժամանակ անցկացնել ակումբում։
Քննադատները հիմնականում դրական են գնահատել «Blow»-ը. շատերին դուր են եկել հուքերը ու ներածությունը, բայց ոմանք կրկներգը համարել են անհետաքրքիր և սովորական։ Կեշայի կատարումը տարբեր գնահատականներ է ստացել. որոշ քննադատների դուր չի եկել, որ նա հանդուգն ու լկտի է, իսկ մյուսներին, որ նրա անհատականությունը բացակայում է երգից։ «Blow»-ը դարձել է Կեշայի համար թվով 6-րդ սոլո հիթը, որը հայտնվել է ԱՄՆ-ի և Ավստրալիայի լավագույն տասնյակներում։ Երգը հայտնվել է նաև Նոր Զելանդիայի լավագույն տասնյակում և Կանադայի քսանյակում։
Երգի տեսահոլովակը թողարկվել է 2011 թվականի փետրվարի 25-ին (ռեժ.՝ Chris Marrs Piliero)։ Դրանում նկարահանվել է դերասան Ջեյմս Վան դեր Բիկը, որը մարմնավորել է Կեշայի թշնամուն։ Քննադատները դրական արձագանքներ են տվել տեսահոլովակին՝ գնահատելով դրանում հնչող զվարճալի երկխոսությունը։