Ֆերդինանդ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերդինանդ Ղազարյան
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Գիտական աստիճան՝ Մանկավարժական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ մանկավարժ, պետական գործիչ, քաղաքական գործիչ և հասարակական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 16, 1938(1938-12-16)
Ծննդավայր Ազատեկ, Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր դեկտեմբերի 26, 1997(1997-12-26) (59 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Ֆերդինանդ Կարապետի Ղազարյան (դեկտեմբերի 16, 1938(1938-12-16), Ազատեկ, Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 1997(1997-12-26)), հայ մանկավարժ, պետական, հասարակական գործիչ։ Մանկավարժական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերդինանդ Ղազարյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 16-ին Վայքի շրջանի Ազատեկ գյուղում, գյուղացու ընտանիքում։ Սովորել է տեղի յոթնամյա դպրոցում, այնուհետև սովորել Զառիթափի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանում, որն ավարտելուց հետո ընդունվել է Գորիսի մանկավարժական ուսումնարան։ 1958 թվականին ավարտել է ուսումնարանը և ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1962 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Վայքի N 1 միջնակարգ դպրոցում՝ որպես ուսումնական մասի վարիչ[1]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965-1967 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Վայքի շրջկոմի առաջին քարտուղար, միաժամանակ՝ հեռակա կարգով ընդունվել և ավարտել Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1967-1974 թվականներին եղել է ՀԿԿ Վայքի շրջկոմի կազմակերպական բաժնի վարիչ։ 1974 թվականին ընտրվել է ՀԿԿ Վայքի շրջկոմի քարտուղար, 1976 թվականին՝ երկրորդ քարտուղար։ 1985 թվականի դեկտեմբերից մինչև 1991 թվականը աշխատել է Ջերմուկի քաղխորհրդի գործկոմի նախագահ։ 1990 թվականին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է կրթության, գիտության, լեզվի, մշակույթի հարցերի հանձնաժողովի անդամ[2], միաժամանակ դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ և հրապարակախոսությամբ՝ մամուլում հրապարակելով բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ։ Որպես հասարակական պաշտպան՝ մասնակցել է Կ. Բալայանի և «Սեպտեմբերի 26»-ի գործով մյուս մեղադրյալների դատական պաշտպանությանը։ Եղել է «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամներից, այդ կազմակերպության խորհրդի անդամ։

1978 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը, այդ նույն տարում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1985 թվականին հրատարակել է «Դպրոցականների դաստիարակության նկատմամբ կոմպլեքսային մոտեցում» մենագրությունը։ Մամուլում հրապարակվել են մի քանի գիտական հոդվածներ։ Ջերմուկում աշխատելու տարիներին, Վ. Ազատյանի հետ համատեղ, հրապարակել է «Ջերմուկ» գիրք-ուղեցույցը։

Ֆերդինանդ Ղազարյանի հուշաքարը Ջերմուկի ըմպելասրահից ձգվող ճեմուղում

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրեր
  • Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1997 թվականի դեկտեմբերի 26-ին։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի Ջերմուկի քաղաքային համայնքի ավագանու որոշմամբ Ջերմուկի ըմպելասրահից մինչև Սառնաղբյուր ձգվող ճեմուղին անվանակոչվել է Ֆերդինանդ Ղազարյանի անունով։ Ճեմուղու սկզբնամասում կանգնեցված է Ֆերդինանդ Ղազարյանի հուշաքարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. One, Studio. «Ֆերդինանդ Ղազարյանն այսօր կդառնար 76 տարեկան». www.slaq.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.(չաշխատող հղում)
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]