Օրչարդ ռոուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրչարդ ռոուդ
անգլ.՝ Orchard Road
Երկիր Սինգապուր
Գտնվում էOrchard?
Երկարություն2,2 ± 0,1 կմ
Սուրբծննդյան հրավառություն Օրչարդ ռոուդ փողոցում

Օրչարդ ռոուդ (չինարեն՝ 乌节路, անգլ.՝ Orchard Road, բառ.՝ «ճանապարհ դեպի մրգային այգի»), փողոց Սինգապուրում, առևտրի և զվարճանքների կենտրոնը, զբոսաշրջության գլխավոր տեսարժան վայրը: Հաճախ փողոցը և նրա շինությունները պարզապես անվանում են «Օրչարդ» («մրգային այգի»)[1], մասնավորապես՝ այստեղ տեղակայված համանուն մետրոյի անվանումից ելնելով:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցն սկսվում է Սթեմֆորդ ռոուդ, Բենկուլեն-սթրիթ և Ֆորտ-Քանինգ ռոուդ փողոցների տրամախաչումից և շարունակվում է 2,2 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ մինչև Օրանժ-Գրոու ռոուդ և Թանգլին ռոուդ փողոցների տրամախաչումը: 1974 թվականից փողոցով շարժումը միակողմանի է ՝ Օրանժ-Գրոու ռոուդից դեպի Սթեմֆորդ ռոուդի կողմը[2]:

Փողոցն ունի զարգացած ստորգետնյա ինֆրակառուցվածք՝ ներառյալ բազմաթիվ հետիոտնային թունելները, որոնք միավորում են առևտրի կենտրոնները և հարևան փողոցները:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրչարդ ռոուդն անվանակոչվել է ի պատիվ այն մրգային պլանտացիաների, որոնց կողմը տանում էր:

Փողոցի անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «Ճանապարհ դեպի մրգային այգի», հիշեցնում է XIX դարի կեսի մասին, երբ այդ ճանապարհը տանում էր դեպի մշկընկույզի, սև պղպեղի մրգատու ծառերի պլանտացիաներ: Փողոցի առևտրային կառուցապատումն սկսվեց XX դարում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրչարդ ռոուդը մոտավորապես 1900 թվականին

Օրչարդ ռոուդը հայտնի էր դեռևս 1830 թվականից, չնայած Սինգապուրի՝ 1836 թվականի քարտեզում նշված չէ: 1830-ական թվականներին այդ շրջանը գամբիրի և սև պղպեղի մշակման վայր էր: Ավելի ուշ դրանց փոխարինեցին մրգատու ծառերի և մշկընկույզի պլանտացիաները:

1846 թվականին ճանապարհի կառուցապատումը հասավ Թանկ ռոուդին: Այդ ժամանակ մոտավորապես ներկայիս Օրչարդ ռոուդի և Սքոթս ռոուդի տրամախաչման տեղում գտնվում էր դոկտոր Ջունի այգին, ինչը նպաստեց փողոցի անվան ամրագրմանը: 1840-ական թվականների վերջում ճանապարհի երկայնքով սկսեցին գերեզմաններ հայտնվել: Չինական խոշոր գերեզմանը տեղակայվեց Բայդեֆորդ ռոուդից սկսվող ներկայիս խաչմերուկի շրջանում, բենկուլենյան գերեզմանը՝ վարչապետի ներկայիս նստավայրից ոչ շատ հեռու: Ավելի ուշ այժմյան Դհոբի-Գաութ կայարանի շրջանում հայտնվեց հրեական գերեզմանը, որը տեղափոխվեց 1984 թվականին:

1860-ական թվականներին Օրչարդ ռոուդի բլուրների երկայնքով հայտնվեցին մի շարք մասնավոր տներ և բունգալոներ: 1890-ական թվականների սկզբին Թաիլանդի թագավոր Չուլալոնգկորնը տիրացավ Հարրիքեյն Հաուս-ին, որը գտնվում էր Թաիլանդի հյուպատոսության դիմաց: Հետո յուրացվեցին հարևան հողակտորները, ինչը Օրչարդ ռոուդ 370 հասցեում ձևավորեց Թաիլանդի թագավորական հյուպատոսությունը:

XX դարի սկզբում փողոցը համեմատում էին Դևոն հերցոգության քաղաքների փողոցների հետ: Չինացիներն այն անվանեցին tang leng pa sat koi՝ «Թանգլինի շուկա տանող ճանապարհ»:Տամիլացիները այն հիշատակում էին որպես vaira kimadam՝ «թափառական ձեռնածուների փողոց» և muttu than՝ «բարձր տեղ»:

2009 թվականին փողոցի շինարարության վրա ծախսվեց 40 միլիոն դոլար: 2010 թվականի հունիսի 19-ին հորդ անձրևները ջրհեղեղ առաջացրին Սքոթս ռոուդ խաչմերուկի շրջանում: Ըստ հաղորդագրությունների՝ ջրի մակարդակը հասավ 184 թվականի ռեկորդին: Տուժեցին առևտրային կենտրոնները, որոնք տեղակայված էին Օրչարդ ռոուդում: Տրանսպորտի ավելի քան 70 ուղևորներ, ովքեր այդ ժամանակ հեղեված շրջանում էին գտնվում, տարհանվեցին: Զոհերից և վիրավորներից հնարավոր եղավ խուսափել[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Orchard Road» (անգլերեն)։ YourSingapore։ Արխիվացված օրիգինալից 2013-05-24-ին։ Վերցված է 2018-10-25 
  2. «Orchard Road»։ Singapore Infopedia։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-24-ին։ Վերցված է 2018-10-25 
  3. «Annual Weather Review 2010»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-24-ին։ Վերցված է 2018-10-25 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]