Օտարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտարը
ֆր.՝ L'Étranger[1]
ՀեղինակԱլբեր Քամյու[2][1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրփիլիսոփայական վեպ և աբսուրդ գրականություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն[1]
Կերպար(ներ)Meursault?, l'Arabe?, Emmanuel? և Céleste?
Ստեղծման տարեթիվմայիս 1940[1]
Նկարագրում էԱլժիր
ՇարքԱբսուրդի շարք
ՆախորդՍիզիփոսի առասպելը
ՀաջորդThe Misunderstanding?
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1942
Պարգև(ներ)
ՎիքիքաղվածքՕտարը
 The Stranger (Camus) Վիքիպահեստում

Օտարը (ֆր.՝ L'Étranger), ֆրանսիացի գրող և փիլիսոփա Ալբեր Կամյուի 1942 թվականին լույս տեսած առաջին վեպը, որում հեղինակը գեղարվեստականորեն ներկայացնում է աբսուրդի և Էքզիստենցիալիզմի փիլիսոփայության իր հայացքները։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը գլխավորապես ծավալվում է երեք հիմնական սյուժետային կետերի շուրջ, որոնք են.

  • Հերոսի մոր մահը.
  • Հերոսի կողմից տեղաբնիկներից մեկի սպանությունը և դրա կապակցությամբ նրա դատավարությունը.
  • Մարի անունով մի աղջկա հետ հերոսի ունեցած կարճատև սիրավեպը։

Մերսոն Ալժիրում բնակվող ֆրանսիացի մանր ծառայող է։ Լուր է ստանում մոր մահվան մասին։ Երեք տարի դրանից առաջ՝ չկարողանալով պահել մորը՝ հանձնել է ծերանոց։ Մոր թաղմանը գնալու համար ստանում է երկշաբաթ ազատում աշխատանքից։ Ծերանոցի տնօրենի հետ կարճ զրույցից հետո պատրաստվում է գիշերն անցկացնել մոր դագաղի մոտ։ Սակայն հրաժարվում է վերջին անգամ նայելու հանգուցյալի դեմքին։ Զրուցում է պահակի հետ, խմում է սուրճ, ծխում է, հետո քնում։ Արթնանալով տեսնում է, որ ծերանոցի մոր ընկերուհիները հավաքվել են իր շուրջը և հակված են մեղադրել նրան։ Հաջորդ օրը Մերսոն թաղում է մորը և վերադառնում է Ալժիր։ Տասներկու ժամ քնելուց հետո գնում է ծովափ, որտեղ հանդիպում է իր նախկին գրասենյակի մեքենագրուհի Մարի Կարդոնային։ Նույն երեկո վերջինս դառնում է նրա սիրուհին։ Հաջորդ օրն անցկացնելով իր սենյակի պատուհանի մոտ` Մերսոն որոշում է, որ իր կյանքում ըստ էության ոչինչ չի փոխվել։

Հաջորդ օրը վերադառնալով աշխատանքից տուն՝ հանդիպում է հարևաններին՝ ծերուկ Սալամանոյին իր շան հետ և Ռայմոն Սինտեսին։ Սինտեսն ուզում է վրեժ լուծել իր արաբ սիրուհուց, որը լքել է իրեն։ Խնդրում է Մերսոյին իր անունից այնպիսի հմուտ նամակ գրել, որ աղջիկը այցելի իրեն։ Իսկ նա կթքի աղջկա երեսին և վրեժը լուծված կլինի։ Շուտով Մերսոն Սինտեսի և արաբ աղջկա բուռն վեճի ականատես է լինում, և երբ բանը հասնում է ոստիկանությանը, որպես վկա է հանդես գալիս՝ պաշտպանելով Ռայմոնին։

Մերսոյի տնօրենը նրան նոր պաշտոն է առաջարկում Փարիզում։ Սակայն Մերսոն հրաժարվում է։ Միևնույնն է, կյանքը չես փոխի։ Երեկոյան Մարին հարցնում է Մերսոյին. սիրո՞ւմ է արդյոք իրեն։ Մերսոն պատասխանում է, որ՝ ոչ։ Ամուսնությունը նրան նույնպես չի հետաքրքրում։ Կիրակին անցկացնում է Մարիի և Ռայմոնի հետ վերջինիս ընկերոջ Մասսոնի մոտ։ Մոտենալով ավտոբուսի կանգառին Մերսոն և Ռայմոնը նկատում են երկու արաբների, որոնցից մեկը Ռայմոնի արաբ ընկերուհու եղբայրն է։ Ծովում լողալուց և առատ նախաճաշից հետո Մասսոնն առաջարկում է ընկերներին զբոսնել ծովափին։ Ծովափի եզրին նկատում են երկու արաբներին։ Նրանց թվում է, որ արաբները հետևել են իրենց։ Արաբների հետ կռիվ է սկսվում, որի ժամանակ Ռայմոնին դանակահարում են։ Ռայմոնը և իր ընկերները փախչում են ծովափից։

Որոշ ժամանակ անց նորից վերադառնում են նույն տեղը և բարձր լեռան ետևում տեսնում են արաբներին։ Ռայմոնը Մերսոյին է տալիս իր ատրճանակը, սակայն կռվի համար պատճառներ չկան։ Ընկերները մենակ են թողնում Մերսոյին։ Նրան ճնշում է տապը, որից նա ասես հարբում է։ Նորից նկատում է Ռայմոնին վիրավորած արաբին։ Չդիմանալով տապին՝ Մերսոն քայլ է անում արաբի ուղղությամբ, հանում է ատրճանակը և կրակում՝ ասես թակելով դժբախտության դուռը։ Մերսոնին ձերբակալում են և սկսում են հարցաքննել։ Նրան թվում է, որ իր գործը պարզ է։ Սակայն քննիչն այլ կարծիք ունի։ Նա չի կարողանում հասկանալ արաբի սպանության շարժառիթները։ Խոսում է Աստծո մասին, սակայն Մերսոն անհավատ է։ Միայն ափսոսում է կատարածի համար։ Դատավարությունը տևում է տասնմեկ ամիս։ Մերսոն հասկանում է, որ բանտախուցը հիմա իր տունն է և իր կյանքը կանգ է առել։ Սկզբում դեռ մտովի իրեն պատկերացնում է ազատության մեջ։ Սակայն Մարիի հետ տեսակցությունից հետո՝ տրամադրությունը փոխվում է։ Աստիճանաբար կորցնում է ժամանակի զգացումը։

Դատի ժամանակ իրեն զգում է ինչպես անկոչ հյուր, ինչպես օտար մեկը։ Դատավորը կարդում է դատավճիռը. Մերսոն չի լացել իր մոր թաղման ժամանակ, կապի մեջ է մտել աշխատակցուհու հետ, ընկերացել է կավատ Ռայմոնի հետ և սպանել է արաբի առանց որևէ պատճառի։ Մերսոն զուրկ է բարոյականության սկզբունքներից։ Դատավորը պահանջում է մահապատիժ։ Դատապաշտպանը ներկայացնում է Մերսոյին որպես ազնիվ աշխատողի, որը հոգ էր տանում իր մոր մասին, քանի դեռ ի վիճակի էր։ Սպանությունը չմտածված պահի քայլ է։ Դատավորը հայտարարում է դատավճիռը՝ հրապարակային գլխատում։ Մերսոն որոշում է, որ կյանքից չարժե կառչել և մահը ուշ թե շուտ, միևնույն է, վրա է հասնում։ Կարևոր չէ, ինչպես դա կպատահի։ Մահապատժից առաջ նրան այցելում է քահանան։ Սակայն Աստծո և ապաշխարանքի մասին զրույցները ափերից հանում են նրան։ Նա վռնդում է քահանային։ Մահվան շեմին նա զգում է, թե ինչպես է մութ անդունդից իրեն ընտրել միակ ճակատագիրը։ Նա պատրաստ է ամեն բան վերապրել նորից, որպեսզի հրապարակում հավաքված ամբոխը իր մահապատժի առիթով բարձր ծիծաղի։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միշտ չափազանցված մտքեր ես ունենում չիմացածդ բաների մասին։
  • Երբեք չես կարող փոխել կյանքդ։ Ի վերջո, ամեն ինչ նույնն է։
  • Ոչ մի մահկանացու այնքան մեղավոր չէ, որ Աստված չկարողանա ներել նրան, սակայն դրա համար պետք է, որ մարդն իր զղջումով դառնա երեխա, որի հոգին դատարկ է և պատրաստ ընդունելու ամեն բան։
  • Միշտ էլ հետաքրքիր է եղել, թե ինչ են խոսում քո մասին, անգամ եթե նստած ես մեղադրյալի աթոռին։
  • Մեկը որ բարոյապես սպանել է իր մորը, իրեն մեկուսացրել մարդկային հասարակությունից, նույնն է ինչ մյուսը, որ մարդասպանի ձեռք է բարձրացրել իրեն կյանք պարգևողի վրա։
  • Կյանքը քիչ արժի, որ նրա համար տանջվես։
  • Վերջապես հասկացա, որ չպետք է բռնանալ ինքդ քեզ վրա։
  • Մայրս հաճախ էր կրկնում, որ բացարձակ դժբախտ չեն լինում։
  • Դեռ չհաշտված մահվան մտքի հետ՝ արդեն պետք է վազել դիակառքի ետևից։
  • Երբ ուզում եմ ազատվել մեկից, ում հազիվ եմ լսում, ձևացնում եմ, թե համաձայն եմ նրան։
  • Եթե մարդ անգամ ունեցել է մեկ օրվա կյանք, ապա հարյուր տարի կկարողանա ապրել բանտում։ Չձանձրանալու համար նա կունենա բավականաչափ հիշողություններ։
  • Ես կարդացել էի, որ բանտում ի վերջո կորցնում ես ժամանակի հասկացողությունը։ Սակայն սրա մեջ խոր իմաստ չէի գտել։ Ես չէի հասկացել, թե օրերն ինչ աստիճանի կարող են լինել միաժամանակ և՛ երկար, և՛ կարճ։ Երկար, անշուշտ, ապրելու համար, սակայն և այնքան ձգձգված, որ, ի վերջո, միախառնվում էին իրար։ Նրանք այստեղ կորցնում էին իրենց անունները։ «Երեկ» ու «վաղը» բառերը միակն էին, որ ինձ համար դեռ պահպանում էին իրենց իմաստը։
  • Ահա սա է դատավարության պատկերը։ Ամեն ինչ ճիշտ է, և ոչինչ ճիշտ չէ։
  • Դժբախտությունը բոլորիս անպաշտպան է դարձնում։
  • Ես հասկանում էի, որ մահիցս հետո մարդիկ կմոռանային ինձ։ Նրանք այլևս անելիք չեն ունենա ինձ հետ։ Նույնիսկ չեմ կարող ասել, թե այդ միտքը տանջում էր ինձ։ Ըստ էության, չկա այնպիսի միտք, որին չկարողանաս վարժվել։
  • Երբ խոսքը վերաբերում է դատավարությանը, հանդուրժողականության միանգամայն մերժելի առաքինությունը պետք է վերածվի ավելի դժվարին, բայց ավելի վեհ` արդարադատության առաքինությանը։ Հատկապես երբ այդ մարդու մեջ հայտնաբերված հոգու դատարկությունը կարող է կործանարար անդունդ դառնալ հասարակության համար։

Մեկնաբանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի թեման հաճախ դիտվում է որպես բացատրություն Կամյուի աբսուրդի և էքզիստենցիալիզմի փիլիսոփայությունը, չնայած ինքը՝ գրողը ժխտել է վերջին փաստարկը։ 1955 թվականի հունվարին Կամյուն նշել է.

Ես ամփոփել էի գիրքը շատ շուտ, հիացմունքով պետք է նշեմ որ այն չափազանց պարադոքսալ է, մերօրյա հասարակության մեջ մարդը որը չի սգում իր մոր մահը, իրեն ենթարկում է մահվան դատապարտվելու ռիսկին։ Ես պարզապես նկատի ունեի այն, որ իմ գրքի հերոսը դատապարտված էր, որովհետև նա չի մասնակցում ընդհանուր խաղին[3]։
- Ալբեր Կամյու

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբեր Կամյու, Օտարը, 1994 թվականին թարգմ.՝ Ա. Հակոբյան, Ապոլոն, Երևան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական Լը Մոնդ թերթի կողմից 1999 թվականին կազմված ցանկում Ալբերտ Կամյուի Օտարը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Emmy Greuter: Die Fremdheit im Werk von Albert Camus (= Diss. phil. Universität Zürich 1963).
  • Brian T. Fitch: Le sentiment d’étrangeté chez André Malraux, Sartre, Camus et Simone de Beauvoir. Paris 1964. (Bibliothèque des Lettres Modernes, 5)
  • William Wolfgang Holdheim: Der Justizirrtum als literarische Problematik. Vergleichende Analyse eines erzählerischen Themas. de Gruyter, Berlin 1969
  • Peter V. Zima: Der gleichgültige Held. Textsoziologische Untersuchungen zu Sartre, Alberto Moravia und Camus. J. B. Metzler, Stuttgart 1983. 2., verb. Aufl. Trier 2004. (Literatur, Imagination, Realität. Band 33)
  • Klaus Heitmann: Camus’ „Fremder“ – ein Identifikationsangebot für junge Leser? In: Romanistische Zeitschrift für Literaturgeschichte. 1983, S. 487–505.
  • Eberhard Schmidhäuser: Vom Verbrechen zur Strafe. Albert Camus’ „Der Fremde“. Ein Weg aus der Absurdität menschlichen Daseins. Verlag Müller, Heidelberg 1992. (Schriftenreihe der Juristischen Studiengesellschaft Karlsruhe, Heft 202)
  • Margot Fleischer: Zwei Absurde: Camus’ „Caligula“ und „Der Fremde“. Eine Interpretation. Königshausen & Neumann Würzburg 1998.
  • Kathrin Glosch: „Cela m’était égal“. Zu Inszenierung und Funktion von Gleichgültigkeit in der französischen Literatur des 20. Jahrhunderts. J. B. Metzler, Stuttgart 2001
  • Wolfhard Kaiser: L’Étranger – Der Fremde. Interpretationshilfe Deutsch – Französisch. Stark Verlag 2001 ISBN 3-89449-542-1.
  • Brigitta Coenen-Mennemeier: Die Existenz und das Absurde. Sartres La nausée, 1938 und Camus’ „L’étranger“, 1942. In: Henning Krauß (Hrsg.): Französische Literatur. Band: Wolfgang Asholt (Hrsg.): 20. Jahrhundert: Roman. Stauffenburg, Tübingen 2007, S. 219–268. (Stauffenburg-Interpretationen)
  • Christof Rudek: Die Gleichgültigen. Analysen zur Figurenkonzeption von Dostojewskij, Moravia, Camus und Queneau. Erich Schmidt, Berlin 2010. (= Wuppertaler Schriften. Allgemeine Literaturwissenschaft, 14) ISBN 978-3-503-09896-5.
  • Klaus Bahners: Camus, Der Fremde. Interpretation. In: Königs Erläuterungen. 61. C. Bange, Hollfeld 2016, ISBN 978-3-8044-2018-2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Library of Congress Library of Congress Name Authority File
  3. A. Camus. Œuvres complètes. V. 1. Gallimard, 2006. P. 215.
  4. «Օտարը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Օտարը հոդվածին