Օձի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օձի ճակատամարտ
Թվական602
Մասն էՀայ-պարսկական պատերազմներ
ՎայրՕձ քաղաք
ԱրդյունքՀայոց կողմի հաղթանակ
Հակառակորդներ
Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան Սասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
Մարզպանական Հայաստան Գայլ ՎահանՄիհրան
Կողմերի ուժեր
անհայտ30 հազար
Ռազմական կորուստներ
անհայտանհայտ

Օձի ճակատամարտ, ռազմական բախում Մարզպանական Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 602 թվականին։ Նույն թվականին պարսից արքայի հրամանով Հայաստան է ներխուժում Միհրան զորավարը՝ 30 հազարանոց զորքով։ Պարսիկների դեմ դուրս է գալիս Տարոնի իշխան Մուշեղ Մամիկոնյանի որդին՝ Վահան Մամիկոնյանը։ Սակայն նա անմիջապես ռազմական գործողություններ չի սկսում, քանի որ Վահան Մամիկոնյանը դիմում է ռազմական խորամանկության։ Նա մեկնում է պարսից ռազմաճամբար և իր հպատակությունը հայտնում Միհրանին, ստանում նրա բանակից 4 հազարանոց զորաբանակ, որը, իբր թե, օգտագործվելու էր հոր դեմ ապստամբության ժամանակ։ Սակայն Վահանը 4-հազարանոց բանակով ծուղակի մեջ է գցում պարսիկներին և հաղթանակ տանում։ Հետագայում Գայլ Վահանը ստեղծում է նմանատիպ այլ ծուղակներ ևս[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

590-ական թվականներին միջազգային դրությունը նշանակալի փոփոխություններ է կրում, որը նպաստավոր իրավիճակ է ստեղծում Բյուզանդիայի համար։ Պարսկաստանում գահակալական կռիվներ էին ընթանում, որտեղ Բյուզանդիայի օգնությամբ գահի վրա կարողանում է հաստատվել Խոսրով Բ Փարվեզը։ Նրան օգնելու համար Բյուզանդիան զորք է ուղարկում Արևելք, որին աջակցում էր նաև 15 հազարանոց հայկական բանակը՝ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Խոսրովը գահը զավթելուց հետո, ի նշան երախտագիտության, 591 թվականին Հայաստանի մի շարք տարածքներ զիջում է Բյուզանդիային, որը հայոց պատմագիտության մեջ հայտնի է որպես Հայաստանի երկրորդ բաժանում։ Բյուզանդիայի կայսր Մորիկի մահից հետո նրա գահը ժառանգում է Փոկասը, որի օրոք Խոսրովը փորձում է վերականգնել Պարսկաստանի նախկին սահմանները։ Մինչև ակտիվ ռազմական գործողությունների սկիզբը, Խոսրովը փորձում է Տարոնի իշխան Մուշեղ Մամիկոնյանին իր կողմը քաշել, սակայն մերժում է ստանում[1]։

Ներխուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

602 թվականին պարսից 30 հազարանոց զորքը, որի ղեկավարն էր Միհրանը, շարժվում է դեպի Հայաստան։ Տարոնի բնակչությունը կարողանում է դիմադրություն կազմակրեպել և ամրանալ Մեղտի, Աստղունք (Աստեղունս) և Ողական ամրոցներում։ Պարսիկները սպանում են Սուրբ Կարապետ վանքի 7 հոգևորականներին։ Այս գործողությունների դեմ պայքարը ղեկավարում էր Տարոնի իշխան Մուշեղ Մամիկոնյանը, որը սակայն շուտով իր զորքի ղեկավարությունը հանձնում է որդուն՝ Գայլ Վահանին[1]։

Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանձնելով հայոց զորքերի հրամանատարությունը՝ Գայլ Վահանը դիմում է ռազմական խորամանկության։ Նա ներկայանում է պարսից զորավար Միհրանին և նրան հավաստիացնում, որ ցանկանում է ապստամբել հոր՝ Մուշեղ Մամիկոնյանի դեմ։ Պարսից զորավարը հավատում է նրան և իր 30 հազարանոց բանակից 4 հազար զինվոր տրամադրում նրան, որի միջոցով Վահանը պետք է գրավեր մոտակա Օձ ամրությունը։ Սակայն այստեղ պարսիկներին ծուղակ էր սպասվում։

Վաղ առավոտյան (Վահանը) քաղաքում գտնվողներին պատվեր ուղարկեց` դարպասը բաց անել և պարսից զորքին ներս առնել։ Որովհետև քաղաքադուռը շատ նեղ էր, մեկական էին ներս մտնում։ Դռներից ներս անցնողներին իսկույն առնում էին, տանում տուն, զգեստները հանում և գլուխը կտրելով` պարսպից դուրս, մի աներևույթ խոր տեղ նետում։ Չորս հազարից միայն հիսուն հոգի թողել էր Խարձք (կամ Հարձք) կոչվող գյուղում։
- Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմություն, Պատճեն առաջին

Սա պարսիկների նկատմամբ հաղթանակ տանելու մաս-մաս ծրագիր էր, որն իրականացվել է բերդաքաղաքի մատույցների մոտ[1]։

Երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օձում ստեղծված ծուղակի միջոցով հայերը կարողանում են որոշ առավելություն ստանալ, սակայն դա ռազմական գործողությունների սկիզբն էր։ Որպեսզի վերացնեն 4 հազարանոց զորաջոկատի հետքերը, Վահանը հրամայում է իր Խարձքում գտնվող ստորաբաժանմանը գնալ պարսից բանակ և շտապ ևս 2 հազարանոց զորք խնդրել, որպեսզի ի վիճակի լինեն հաղթել հակառակորդին։

Երբ բավականին մոտեցել էին քաղաքի դռանը, Վահանը պարսիկներից խլած ձիերը ու հանդերձանքը տալով քաղաքացիներին` ներսից դուրս կանչեց նրանց։ Ապա խրատ տվեց, թե երբ պարսիկները տեսնեն ձեզ, դուք միահամուռ դեպի քաղաքը արշավեք և ներս մտնելով հաղթանակի փողեր հնչեցրեք. դուռն էլ բաց թողեք, որպեսզի նրանք կարծեն, թե քաղաքն արդեն գրավեցին։ Եվ այդպես էլ արեցին։ Պարսիկները, երբ տեսան, որ նրանք միահամուռ դեպի քաղաքն են դիմում, չափազանց ուրախացած` իրենք էլ դեպի քաղաքը արշավեցին և անհամբերությամբ քաղաքի դռնից ներս էին լցվում։
- Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմություն, Պատճեն առաջին

Մինչ ստորաբաժանումը Միհրանից օժանդակ զորք էր խնդրում, Վահանը պարսիկների ռազմամաթերքը և հագուստը բաժանում է հայերին։ Երբ պարսից օժանդակ ուժերը հասնելիս են լինում բերդաքաղաք, Գայլ Վահանը դիմավորում է նրանց և հայտնում, որ ճակատամարտը հաղթված է։ Անուշադրության մատնվելով՝ պարսկական զորքերը շարժվում են բերադաքաղաք՝ այն թալանելու նպատակով։ Նույն պահին Գայլ Վահանը 20 հոգու ուղարկում է պարսից բանակ՝ Միհրանին հայտնելու, որ բերդը գրավված է։ Պարսիկներն արդեն բերդաքաղաքում էին, երբ սկսեցին կասկածել, որ դա ծուղակ է։ Հենց այդ պահին փակվում են բերդի պարիսպները և դարան մտած հայերը սկսում են կոտորել ծուղակում հայտնված պարսիկներին։ Իսկ զորքի այն մասը, որը դեռևս չէր հասցրել մտնել բերդ, Գայլ Վահանի ղեկավարած ուժերը նրանց վրա են հարձակվում և ստիպում նահանջել դեպի ճահճուտը, որտեղ էլ պարսիկները շրջապատվում են և ոչնչացվում։

Երրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ծուղակ-ճակատամարտի երրորդ փուլն իրագործելու համար Գայլ Վահանը հաջորդ օրն առավոտյան ուղևորվում է պարսից զորավար Միհրանի մոտ և հայտնում նրան, որ պարսիկները չեն ցանկանում իրենց զորավարի հետ կիսել հարուստ կողոպուտը։ Այդ «ապստամբներին» ճնշելու համար Միհրանը նախ որոշում է տրամադրել 1000 հոգանոց հեծյալ գունդ, սակայն հետագայում, հավատալով Գայլ Վարդանի չափազանցումներին, նա զորքի թիվը կրկնապատկում է։ Վահանը, չունենալով բավարար ուժեր այս հեծյալ զորքերին բացահայտ գրոհելու համար, որոշում է նրանց վրա հարձակումներն իրականացնել գիշերը։ Նախօրոք այդ զորքը կիսելով երկու մասի՝ Վահանը գիշերային երկու գրոհներով հաղթանակ է տանում պարսիկների նկատմամբ։

Երբ գնացին հասան Մեղտի գետի եզերքը, (Վահանը) նրանց (պարսկական առաջին զորամասը) թողեց գետի այն կողմը, որ քնեն, իսկ ինքը դարանակալներին պատրաստ պահելով, սպասավորներին հրամայեց անջատել ձիերի երամակը` արոտի տանելու պատրվակով։ Այսպես բոլորին անհոգ անելով, հանկարծակի երկու կողմից հնչեցրին փողերը և բոլորին մեջտեղն առնելով իսկույն ևեթ կտրեցին նրանց գլուխները և գետը նետեցին. և նրանցից ոչ մեկը չկարողացավ փախչել ազատվել։ Ապա հրամայեց երիվարներին ծմակը տանել։ Մինչև սրանք կոտորածի այս գործն էլ ավարտեցին, այնուհետև շարժվեցին մյուսներին (երկրորդ հազարյակին) ընդառաջ, քանի դեռ նրանք չէին եկել հասել ծմակին… Երբ եկան և բանից անտեղյակ այնտեղ հասան, այնժամ կամուրջի երկու ծայրերը շրջափակեցին, նրանց շուրջանակի մեջտեղը առան և ահեղագոչ որոտալով սկսեցին անխնա կոտորել։
- Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմություն, Պատճեն առաջին

Հետագա դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայլ Վահանի կողմից կրած պարտություններից հետո պարսից զորքը հեռանում է Տարոնից։ Գայլ Վահանը մինչև կյանքի վերջ՝ 606 թվականը, շարունակում է ազատագրական պայքարը Տարոնում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 106–112.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]