Օգոստոսյան հեղափոխություն Վիետնամում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1945.

Օգոստոսյան հեղափոխություն Վիետնամում (վիետ․՝ Cách mạng tháng Tám), Վիետնամում ֆրանսիական գաղութատիրության դեմ մղված շարժում, որի արդյունքում երկրում հաստատվում է այսպես կոչված՝ ժողովրդա-դեմոկրատական իշխանություն։ Օգոստոսյան հեղափոխությունը Վիետնամում 19-րդ դարի 50-80-ական թվականներին Վիետնամը գրաված ֆրանսիական գաղութարարների և 1940 թվականին երկիրը նվաճած ճապոնական ուժերի դեմ ազգային-ազատագրական պայքարի զարգացման արդյունք էր։ 1941 թվականի մայիսի 19-ին Հնդկաչինի կոմկուսի (ՀՉԿԿ) Կենտկոմի պլենումի որոշմամբ ստեղծվեց ազգային-ազատագրական միասնական ճակատ՝ Վիետմին։ 1944 թվականի դեկտեմբերի 22-ին Հյուսիս-Արևելյան Վիետնամում սկսեցին ձևավորվել Վիետնամի ազատագրական բանակի առաջին ջոկատները (հետագայում՝ Վիետնամի ժողովրդական բանակ)։ 1945 թվականի մարտի 9-ի հեղաշրջումից հետո, որով ճապոնական ուժերը վերացրին ֆրանսիական վարչությունը, Վիետմինը պարտիզանական լայն պայքար ծավալեց Ճապոնիայի դեմ։ 1945 թվականի ապրիլին Վիետմինի ռազմահեղափոխական կոնֆերանսում ընդունվեց համընդհանուր ապստամբության նախապատրաստման պլան։ Հունիսի 4-ին Վիետնամի հյուսիսի 6 նահանգներում ստեղծվեց Ազատագրված շրջան։ Օգոստոսի 13-15-ին որոշում ընդունվեց համընդհանուր ապստամբություն սկսելու մասին, նպատակն էր նվաճել լիակատար անկախություն և հաստատել ժողովրդական իշխանություն։ Օգոստոսի 16-ին ընտրվեց Վիետնամի ազատագրության ազգային կոմիտե (Հո Շի Մինի գլխավորությամբ), որի վրա դրվեցին ժամանակավոր կառավարության ֆունկցիաները։ ՀՉԿԿ-ի կոչով օգոստոսի 16-26-ին ամբողջ երկրում ապստամբություն սկսվեց։ Օգոստոսի 19-ին ապստամբները գրավեցին Հանոյը, 20-ին ստեղծվեց Հյուսիսային Վիետնամի ժողովրդա-հեղափոխական կոմիտեն։ Օգոստոսի 24-ին կայսր Բաո-Դայը հարկադրված հրաժարվեց գահից։ 1945 թվականի սեպտեմբերի 2-ին Հանոյում Հո Շի Մինը հռչակեց Վիետնամի անկախության դեկլարացիան և Վիետնամի Դեմոկրատական Հանրապետության (ՎԴՀ) ստեղծումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 512