Քերի երևույթ
Քերի երևույթ, համասեռ էլեկտրական դաշտի ազդեցությամբ երկբեկման երևույթի առաջացումը օպտիկապես իզոտրոպ նյութերում (հեղուկներում, գազերում)։ Հայտնաբերել է շոտլանդացի ֆիզիկոս Ջոն Քերը (J․ Kerr, 1824-1907), 1875 թվականին։ Էլեկտրական դաշտի ազդեցությամբ նյութը (հեղուկ կամ գազ) նմանվում է միառանցք բյուրեղի, որի օպտիկական առանցքն ուղղված է էլեկտրական դաշտի լարվածության ուղղությամբ։ Քերի երևույթի բացատրությունը տվել են Պոլ Լանժևենը (1910) և Մաքս Բոռնը (1918)։
Արտաքին Էլեկտրական դաշտի ազդեցությամբ նյութի մոլեկուլները ձեռք են բերում լրացուցիչ դիպոլային մոմենտ, իսկ դիպոլային մոմենտ ունեցողները կողմնորոշվում են դաշտի ուղղությամբ։ Մոլեկուլների կողմնորոշման և ապակողմնորոշման մեծ արագությունը (10−9-10−10 վրկ) հնարավորություն է տալիս Քերի երևույթը դիտելու ոչ միայն փոփոխական Էլեկտրական դաշտում, այլև հզոր լազերային լույսի դաշտում (օպտիկական երևույթ)։ Էլեկտրաօպտիկական երևույթից բացի, Քերը 1876 թվականին հայտնաբերել է նաև մագնիսաօպտիկական երևույթ, որը բնույթով նման է Ֆարադեյի երևույթին (տես մագնիսաօպտիկա) և բացատրվում է քվանտային տեսությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |