Ցետելը ծնվել է 1986 թվականին[1]Ստորին Ավստրիայի Շայբս քաղաքում։ Լեռնադահուկային սպորտով սկսել է զբաղվել պատանեկան տարիքից, իր ծննդավայրի մերձակայքում գտնվող Գյոստլինգ բնակավայրի մարզաբազայում։ Հիմնականում մասնագիտացել է հսկա սլալոմ և սլալոմ մարզաձևերում։ Ցետելն իր նորամուտը աշխարհի գավաթի խաղարկությունում նշել է 2004 թվականի մարտին, իսկ այդ հեղինակավոր մրցաշարի մրցափուլերում իր իր առաջին հաղթանակը տոնել է 2006 թվականի նոյեմբերին։ 2009 թվականին նվաճել է աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը համակցված մրցաձևում։
2010 թվականի հունվարին Մարիբորում տարել է իր առաջին հաղթանակը սլալոմում, որի համար նրա անվան դիմաց գրանցվել է երկու հաղթանակ տեխնիկական մրցաշարերում[2]։ 2014 թվականին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում նա Ռոզա Խուտորում անցկացված սլալոմի մրցումներում դարձել է բրոնզե մեդալակիր՝ հոկտեմբերից ի վեր առաջին անգամ բարձրանալով պատվո հարթակին։ Դա տեղի է ունեցել նրա տատիկի մահից ընդամենը երկու օր անց[3]։
2015 թվականին հրաժեշտ տալով ակտիվ սպորտին՝ Ցետելը բնակություն է հաստատել Շտիրիայում, դարձել «Blue Power» հողմատուրբինային ընկերության բաժնետոմսերի փայատեր։ Դրանք փոքրաչափ տուրբիններ են (1,7 մ տրամագծով) և նախատեսված են տանտերերի կողմից օգտագործվելու համար։ Ցետելը ղեկավարում է նշված ընկերության սոցիալական մեդիան[4]։