Փամբակի գոգհովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փամբակի գոգհովիտ, նեղ, երկայնակի միջլեռնային իջվածք ՀԽՍՀ հյուսիսում, Բազումի և Փամբակի լեռնաշղթաների միջև, Փամբակ գետի ժամանակակից դարավանդավոր հովիտը՝ հատակի 1300-1600 մ բարձրությամբ։ Ձգվում է Զաջուռի լեռնանցքից մինչև Գայլաձոր կիրճը։ Ընդգրկում է նաև Չիչկան, Վանաձոր և Տանձուտ գետերի հովիտները։ Ունի տեկտոնական ծագում։ Երիտասարդ իջվածքների և իջվածք սինկլինալների շարք է՝ լցված վերին պլիոցենի ու պլեյստոցենի լճագետային հզոր նստվածքներով։ Փամբակի գոգհովիտի եզերող լեռնաշղթաների հարաբերական բարձրությունը մինչև 1700 մ է, ջրբաժանները հովտի առանցքային մասից հեռու են 8-12 կմ։ Հյուսիսում լանջերն ավելի մեղմաթեք ու մասնատված են, քան հարավում։ Փամբակի գոգհովիտի հատակը լեռնաշղթաների ճյուղավորությունների միջև տեղ-տեղ լայնանում, ապա սեղմվում ու վերածվում է կիրճերի։ Արևմտյան մասը՝ Պարնիի գոգհովիտը, ամենալայն ու հարթ մասն է։ Դեպի արևելք Փամբակի գոգհովիտն աստիճանաձև ցածրանում է, Չիչկանի գետաբերանից ներքև՝ նեղանում, Սպիտակ քաղաքի մոտ քիչ լայնանալուց հետո նորից նեղանում և ընդարձակվում է Կիրովականի մոտ։ Օգտակար հանածոներից կան շինանյութեր, քիչ քանակությամբ՝ լիգնիտ և տորֆ։ Փամբակի գոգհովիտի կլիման բարեխառն է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -3 °C–ից մինչև -6 °C է, հուլիսինը՝ մոտ 18 °C, առավելագույնը՝ 32-33 °C։ Տարեկան տեղումները 400-700 մմ են։ Տարածված են լեռնատափաստանային սևահողերն ու լեռնաանտառային գորշ հողերը, գետային ողողատներում՝ դարչնամոխրագույն հողերը։ Բուսածածկույթը տափաստանամարգագետնային և անտառային է։ Մշակում են հացահատիկային և կերային կուլտուրաներ, բանջարեղեն։ Կան պտղատու այգիներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png