Ցախ հավաքողի հեքիաթը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցախ հավաքողի հեքիաթը
Ցախ հավաքողի հեքիաթը
ՀեղինակՀայկական ժողովրդական
ԺանրՀեքիաթ
ԼեզուՀայերեն

Ցախ հավաքողի հեքիաթը, հայկական ժողովրդական հեքիաթ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի խեղճ ու աղքատ տղայի մասին, ով իր ծեր մոր հետ էր ապրում[1]: Նա ամեն օր փայտ էր հավաքում, տանում, շուկայում վաճառում, ստացած գումարով էլ հաց էր առնում: Մի անգամ փայտ հավաքելիս տղան մոմակալ է գտնում, աշխատանքը թողում է, մոմակալը վերցնում, տուն է գալիս: Մայրը բարկանում է, բայց տղան նրան չի լսում: Գնում է մի մոմ է առնում, դնում մոմակալի մեջ, դնելուն պես, դևեր են լցվում տուն ու տղային հարցնում` աշխարհը քանդե՞ն, թե՞ կառուցեն: Տղան պատասխանում է, որ ո՛չ քանդել է պետք, ո՛չ էլ շինել, մոմը մոմակալից պոկում է, դևերը կորչում են: Հետո մյուս ճյուղին է դնում, աշխարհի բոլոր հուրի-փերիները հայնվում են, նորից մոմը պոկում է, անհետանում են, երրորդ ճյուղին է դնում, մի սուփրա է բացվում, որի մեջ ամեն ինչ կա: Այդտեղից էլ է պոկում, սուփրան կորչում է: Սպասում է, հաջորդ երեկոյան մոմը մոմակալին է դնում, նորից դևեր են հայտվում, ասում է, որ այնպիսի պալատներ կառուցեն, որ թագավորի պալատը ծածկեն: Առավոտյան թագավորը արթնանում է, տեսնում աղքատ տղայի տնակի փոխարեն հսկայական պալատներ: Պալատները շինելուց հետո, տղան մոմը էլի դևերի ճյուղին է միացնում, հրամայում, որ պալատներում ամեն ինչ կարգին լինի, ու մինչև դևերը պալատներն են կարգի բերում, մոմը հուրի-փերիների ճյուղին է միացնում ու նրանց ասում, որ պալատներից մեկը նրանցն է. հուրի-փերիները շատ են ուրախանում: Հաջորդ օրը տղան նորից դևերի ճյուղին է դնում, հրամայում, որ գնան, թագավորի աղջկան իր մահճակալով, շամդանով, սարք ու կարգով բերեն: Դևերն այդպես էլ անում են: Աղջիկն արթնանում է և ասում տղային իրեն հետ տանել, հակառակ դեպքում թագավորը նրա գլուխը կկտրի: Տղան նրան հետ է ուղարկում: Մի քանի օր անց թագավորի աղջիկը հիվանդանում է ու անկողին ընկնում: Թագուհին քնում է աղջկա սենյակում` պարզելու համար, թե նրա հետ ինչ է կատարվում. այդ օրը դևերը պալատ են տանում թագուհուն: Թագուհին արթնանում է ու տղային հանդիմանում, որ պետք էր գալ ու իր աղջկա ձեռքը խնդրել: Հաջորդ օրը թագավորն է քնում աղջկա սենյակում: Այդ գիշեր դևերը թագավորին են տանում, նրա հետ էլ է կրկնվում այն, ինչ կատարվել էր իր աղջկա ու կնոջ հետ: Թագավորը տեսնելով տղային` սուրը հանում է, հարձակվում տղայի վրա, բայց այդ պահին տղան մոմը դնում է դևերի ճյուղին, նրանք սպառնում են թագավորին սպանել, եթե վերջինս չհամաձայնվի իր աղջկան տղայի հետ ամուսնացնել: Թագավորը համաձայնվում է, ու դևերը թագավորին տանում են հետ իր պալատը: Հաջորդ օրը աղջիկը ամուսնանում է տղայի հետ: Ամեն օր թագավորը գնում է իր աղջկան տեսնելու, և մի օր ուզում է իմանալ, թե ինչպես է աղքատ տղան այդքան հարուստ դարձել: Աղջիկն ամեն ինչ պատմում է ու մոմակալը տղայից թաքուն տալիս է հորը: Հայրը փորձում է մոմը ճյուղերին միացնել, բայց հանկարծ բոլորը սրով ու թրով են հայտվում, տղան էլ դա տեսնելով արագ մոմը պոկում է, և բոլորը անհետանում են: Թագավորը ուրախանում է ու տղային ասում, որ այս անգամ իր աղջկան հաստատ տալիս է տղային, դրա հետ նաև իր ժառանգությունը, թագավորությունը, գահը[2]:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տղա
  • Դևեր
  • Հուրի-փերիներ
  • Թագավոր
  • Թագուհի
  • Թագավորի աղջիկ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ ժողովրդական հեքիաթներ, կազմող` Ա. Նազինյան, Երևան, 2014, էջ 165
  2. Նույն տեղում, էջ 169