Տուն, որտեղ կոտրվում են սրտերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուն, որտեղ կոտրվում են սրտերը
անգլ.՝ Heartbreak House
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ձևպիես
ՀեղինակՋորջ Բեռնարդ Շոու
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1917
Առաջին ներկայացումնոյեմբեր 1920
Առաջին
ներկայացման վայր
Garrick Theatre?
ՏեսարանԱնգլիա
Հրատարակվել է1919
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/george-bernard-shaw/heartbreak-house
 Heartbreak House (1920 play)

«Տուն, որտեղ կոտրվում են սրտերը» («Տուն, որտեղ սրտեր են փշրվում»[1], անգլ.՝ Heartbreak House, ենթավերնագիրը՝ Ռուսական ոճով ֆանտազիա անգլիական թեմայով (անգլ.՝ A Fantasia in the Russian Manner on English Themes[2]), իռլանդացի դրամատուրգ Ջորջ Բեռնարդ Շոուի պիեսը, որը նա սկսել է գրել 1913 թվականին և ավարտել է 1917 թվականին։ Կազմված է երեք գործողությունից։

«Ինտելեկտուալ դրամայի գագաթնակետերից մեկն» է[3], որտեղ բոլոր գործող անձինք վիճում են, բանավիճում միմյանց հետ՝ ստեղծելով «պոլիֆոնիկ, բազմաձայն բանավեճ»[4]։

Պիեսով ավարտվել է գրողի ստեղծագործության միջին շրջանը[5]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնարդ Շոուն պիեսն սկսել է գրել 1913 թվականին։ Հեղինակի խոստովանության համաձայն՝ այս պիեսը նա գրել է Անտոն Չեխովի դրամատուրգիայի ազդեցության տակ, որին նա համարում էր իր ժամանակի լավագույն դրամատուրգներից մեկը։ Սակայն 1914 թվականին սկսված Առաջին համաշխարհային պատերազմը արգելակեց պիեսի ստեղծումը։ Գիրքն ավարտվել է 1917 թվականին, սակայն հեղինակը որոշել է այն տպագրել միայն պատերազմի ավարտից հետո՝ 1919 թվականին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նավապետ Շատովեր – նախկին ծովային
  • Հեսիոնա, միսիս Հաշեբայ – նավապետի ավագ դուստրը
  • Հեկտոր Հաշեբայ – Հեսիոնայի ամուսինը
  • Արիադնա, լեդիա Էթերուորդ – նավապետի կրտսեր դուստրը
  • Ռենդել – Արիադնայի ամուսնու եղբայրը
  • Էլլի – Հեսիոնայի ընկերուհին
  • Մաձինի Դեն – Էլլիի հայրը
  • Մենգեն – Էլլիի փեսացուն, արդյունաբերող
  • Գինես – Շատովերի երեխաների նախկին դայակը, աղախին
  • Ուիլյամ Դեն – գող, Գինեսի նախկին ամուսինը

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավապետ Շատովերի տուն է հրավիրվել միսիս Հեսիոնա Հաշեբայի ընկերուհին՝ Էլլի Դենը, որը գալիս է հոր՝ Մաձինի Դենի և արդյունաբերող Մենգենի ուղեկցությամբ, որի հետ պատրաստվում է ամուսնանալ։ Շուտով գալիս է նավապետի կրտսեր դուստրը՝ լեդեի Էթերուորդը, որը եկել էր Ավստրալիայից։ Սակայն Շատովերը սկզբում ձևացնում է, թե նա ոչ թե իր դուստրն է, այլ հերթական հյուր։ Նավապետի նման վերաբերմունքի պատճառն այն է, որ Արիադնան առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու ամուսնացել է Հաստինգս Էթերուորդի հետ, որին նավապետն անվանում է «հաստագլուխ» (Հաստինգսը երբեք չի հայտնվում, չնայած նրա մասին շատ են խոսում)։ Հեսիոնան փորձում է Էլլիին համոզել, որ նա չամուսնանա Մենգենի հետ, որը, ինչպես հետագայում պարզվում է, սնանկացրել է նրա հորը։ Էլլին իր հերթին խոստովանում է, որ սիրահարված է ոմն արիստոկրատ Մարկ Դարնլիի։ Պարզվում է, որ այդ արիստոկրատը Հեսիոնայի ամուսինն է՝ Հեկտորը, որը խաբել է նրան։

Աստիճանաբար հերոսների բարդ փոխհարաբերություններն ավելի ու ավելի են խճճվում։ Իսկ եզրափակչում պարզվում է, որ պիեսում չկա ոչ մի հերոս, որի մասին առաջին տպավորությունը կհամընկներ նրա իրական էության հետ։ Սա վերաբերում է բացարձակապես բոլոր հերոսներին, այդ թվում՝ դայակին և գողին։

Հիմնական թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնարդ Շոուն իր պիեսում ցույց է տվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի անգլիական հասարակությունը։ Այդ հասարակության հիմնական գծերն են բարձր և միջին խավի անտարբերությունն ու տգիտությունը։ Արտաքինից բարեկեցիկ հասարակությունը պարզապես ներսից քայքայվում է, բարոյապես քայքայվում։ Պիեսում չկա ոչ մի դրական կերպար․ յուրաքանչյուր հերոս կամ կեղծավոր է, կամ ստախոս, կամ էլ պարզապես չար մարդ։ Շոուն իր պիեսում ցույց է տվել անգլիական հասարակությունը ներսից։ Տունը, «որտեղ սրտերը կոտրվում են», նաև տուն է, «որտեղ ամեն գաղտնիք բացահայտվու է»։ Եվ եթե բրիտանական հասարակության բոլոր տներում բոլոր արատները, բոլոր խորագաղտնիքները ամենայն խնամքով թաքցվում են, ապա Շատովերի տանը հակառակն է․ ներկաներից յուրաքանչյուրը փորձում է մերկացնել մեկ այլ հերոսի, ընդ որում՝ հաճախ բացահայտում է նաև ինքն իրեն։ Հասարակությունը, որը ցուցադրվում է պիեսում, պարզապես դատապարտված է ոչնչացման, ընդ որում՝ ինքնաոչնչացման․ մարդիկ իրենք իրենց կոչնչացնեն բարոյապես։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության հերոսներից յուրաքանչյուրը մարմնավորում է որոշակի տեսակի անձի, որոշակի բնավորություն, որը մենք կարող ենք հանդիպել միշտ և ամենուր։

Հեսիոնան մարմնավորում է գեղեցիկ կնոջ, բարձր դասի ներկայացուցչի, որն արդեն չգիտի՝ ինչով զվարճանա․ խանգարի՞ Էլլիի ու Մենգենի ամուսնությանը, թե՞ սպասի ռումբերով հերթական օդանավերին։

Հեսիոնայի ամուսինը՝ Հեկտորը, նույնպես բարձր դասի ներկայացուցիչ։ Նա գեղեցիկ է, բայց ձանձրանում է․ նա փնտրում է նոր սիրային արկածներ, սակայն Հեսիոնայի հանդեպ նրա սերը ուժեղ է բոլոր հետաքրքրություններից։ Հպարտ ու հմայիչ տղամարդուց նա վերածվել է կնոջ «տնային շնիկի»։

Էլլին անգլիական հասարակության ստորին հատվածի ներկայացուցիչն է, որը բոլոր հնարավոր իջոցներով փորձում է դուրս գալ մարդամեջ։ Ընդ որում, նա շարունակում է սիրել իր հորը։ Սակայն, ամենայն հավանականությամբ, շուտով նա կմոռանա պատվի, սիրո, բարության մասին։ Նա պատրաստ է ամուսնանալ առանց սիրո, միայն թե իր ապագա աուսինը լինի միլիոնատեր։

Մաձինի Դենը՝ Էլլիի հայրը, անգլիական հասարակության ստորին հատվածի ներկայացուցիչ է, որը տնտեսության և արդյունաբերության մեջ ունեցած իր ունակությունների շնորհիվ կարող էր դուրս գալ բարձր դաս, սակայն դրան խանգարել է նրա ընկեր Մենգենը։ Ամբողջ պիեսի ընթացքում ինտրիգ է մնում՝ ով ում է խորամանկել՝ Մաձինին Մենգենին, թե Մենգենը Մաձինիին։ Ամեն անգամ այս իրավիճակում նոր մանրամասներ են պարզվում։ Ի վերջո, պարզվում է, որ Մաձինին է խաբել Մենգենին, իսկ Մենգենը բոլորովին էլ միլիոնատեր չէ և ընդհանրապես ոչինչ չունի։

Գեղարվեստական առանձնհատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսը, որն ի սկզբանե ունեցել է «դրամատիկ ֆանտազիա» ենթավերնագիր (անգլ.՝ Dramatic fantasia)[6], ի վերջո, Շոուի կողմից բնութագրվել է որպես «ռուսական ոճով ֆանտազիա անգլիական թեմաներով»։ Այս ժանրի շրջանակներում երաժշտության նման թեմաներ կառուցելու միտում կա[7]։ «Ֆանտազիա» երաժշտական տերմինը մատնանշում է ֆորմալ սահմանափակումների բացակայությունը և ուժեղ իմպրովիզացիոն սկիզբը, հեղինակի մտքի ազատ զարգացումը, նրա կենտրոնացումը թեմաների, այլ ոչ թե արտաքին գործողության վրա[5]։ Ըստ Է. Բենթլիի, պիեսների նկատմամբ՝ որպես երաժշտական ստեղծագործությունների Շոուի մոտեցումն արդարացված է միայն «պիես-բանավեճերի»՝ որպես «շովինյան սոնատների» վերաբերյալ[8], որոնցից ամենահաջողը դարձել է «Տուն, որտեղ կոտրվում են սրտերը» պիեսը։

Պիեսի բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր սյուժետային արտակարգ բարդության պատճառով պիեսը հազվադեպ է բեմադրվում թատրոններում։ Առաջին անգամ պիեսը բեմադրվել է 1920 թվականին Նյու Յորքի Garrick թատրոնում[9]։

Թողարկվել է VHS 1985 թվականին ռեժիսոր Էնթոնի Փեյջեմը նկարահանած պիեսի հեռուստատեսային տարբերակով[10], ինչպես նաև DVD, որը հիմնված է ռեժիսոր Սեդրիկ Մեսինի 1977 թվականի տարբերակի վրա[11]։

  • 1962 թվականին պիեսը բեմադրվել է Մոսկվայի Սատիրայի թատրոնում (բեմադրությունը՝ Վալենտինա Պլուչեկի)։ 1975 թվականին ներկայացումը տեսագրվել է հեռուստատեսության համար։ Դերերում՝ նավապետ Շատովեր - Գեորգի Մենգլետ, Լեդի Էթերուորդ - Սվետլանա Տարասովա, միսիս Հեշեբայ - Նինա Արխիպովա, Հեկտոր Հեշեբայ - Ալեքսանդր Շիրվինդտ, Մաձինի Դան — Օլեգ Սոլյուս, Մենգեն — Անատոլի Պապանով, Էլլի Դան — Զոյա Զելինսկայա, դայակ Գինես — Տատյանա Պելտցեր։
  • 2001 թվական պիեսը բեմադրվել է Անձրևների թատրոնում (ռուս.՝ Театр Дождей), Սանկտ Պետերբուրգ (բեմադրությունը՝ Նատալյա Նիկիտինայի)։
  • 2002 թվականի փետրվարի 14-ին Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի բեմում տեղի է ունեցել Բեռնարդ Շոուի «Տուն, որտեղ կոտրվում են սրտերը» ներկայացման պրեմիերան (բեմադրությունը՝ Թեմուր Չխեիձեի)[12]։
  • 2005 թվականի հուլիսի 13-ին Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի բեմում տեղի է ունեցել Բ. Շոուի «Տուն, որտեղ կոտրվում են սրտերը» ներկայացման պրեմիերան[13]։

2018 թվականին պիեսը բեմադրվել է Օֆֆ-Բրոդվեյ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 29-ը[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բերնարդ Շոու, Տուն, որտեղ սրտեր են փշրվում | համառոտ
  2. Shaw, Bernard. Heartbreak House A Fantasia in the Russian Manner on English Themes. With an Introduction and notes by Ward, A.C. London: Longmans Green and Co Ltd. 1961․
  3. Храповицкая Г.Н. Некоторые основные особенности конфликтов и композиции в драме идей // Вопросы композиции в зарубежной литературе. — М.: МГПИ им. В. И. Ленина, 1983.
  4. Евнина Е. М. Западноевропейский реализм на рубеже XIX-XX веков. — М.: Наука,1967.
  5. 5,0 5,1 Трутнева А. Н. Пьеса Б. Шоу «Дом, где разбиваются сердца» как драматическая фантазия // Приволжский научный вестник. 2016. №4 (56).
  6. Meisel M. Shaw and the nineteenth-century theater. — Greenwood Press, 1976.
  7. Dukore B. Bernard Shaw, playwright: aspects of Shavian drama. — University of Missouri Press, 1973.
  8. Bentley E. Bernard Shaw. — New Directions Books, 1947.
  9. Violet M. Broad & C. Lewis Broad , Dictionary to the Plays and Novels of Bernard Shaw, A. & C. Black, London, 1929, p.221․
  10. Great Performances: Heartbreak House(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  11. BBC Play of the Month: Heartbreak House(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  12. «<БДТ им. Г. А. Товстоногова». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  13. Мастерская Петра Фоменко
  14. Keddy, Genevieve Rafter. «Photos: Meet the Company of Gingold Theatrical Group's HEARTBREAK HOUSE». BroadwayWorld.com.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուն, որտեղ կոտրվում են սրտերը» հոդվածին։