Տիգրան Փեշտիմալճյան
| Տիգրան Փեշտիմալճյան | |
|---|---|
| Ծնվել է | 1837[1] |
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս[1] |
| Մահացել է | դեկտեմբերի 3, 1894 |
| Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փարիզի համալսարան (1862)[1] |
| Մասնագիտություն | հասարակական գործիչ, բժիշկ և հրապարակախոս |
| Ծնողներ | Սահակ փաշա Փեշտիմալճյան |
Տիգրան Սահակի Փեշտիմալճյան (կամ՝ Փեշտեմալճյան, 1837[1], Կոստանդնուպոլիս[1] - դեկտեմբերի 3, 1894, Կոստանդնուպոլիս), հայ հասարակական և քաղաքական գործիչ, բժիշկ, հրապարակախոս, փաշա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1837 թվականին Կոստանդնուպոլսի Խասգյուղ (Խասքեոյ) թաղամասում։ Հայրը՝ Սահակ աղա Փեշտիմալճյանը, պոլսահայությանը հայտնի էր իր ուսումնասեր և ազգօգուտ գործերով։ Նախնական կրթությունն ստացել է Խասգյուղի սբ. Ներսեսյան վարժարանում։ 1851-1854 թվականներին ուսանել է Փարիզի Մուրատյան վարժարանում, որի տեսուչն էր Գաբրիել վարդապետ Այվազովսկին։ 1854-1858 թվականներին ուսանել է Փարիզի սբ. Լուդովիկոսի /Լուի լը Գրան լիցեյում և գիտությունների «բաշըլիեի» («պսակավոր») աստիճան ստացել։
1860/1861-1867 թվականներին սովորել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1867 թվականի հուլիսի 17-ին, ներկայացնելով «Մանկանց առողջությունը» թեմայով ավարտաճառը, բժշկության դոկտորի վկայագիր է ստացել։ 1861 թվականին Փարիզում ծանոթացել է Միքայել Նալբանդյանի հետ և նրա ընկերն ու համախոհը դարձել։ 1869 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և, բժշկությամբ աշխատելով՝ շատ շուտով մեծ համբավ է ձեռք բերել։
1869 թվականի փետրվարի 19-ին Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական ընկերության անդամ է ընդունվել, 1877-1878 թվականներին եղել ընկերության ատենապետը։ 1872 թվականին Կ. Պոլսի Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ է ընտրվել և երկար տարիներ այդ պաշտոնում մնացել։ 1877 թվականի ապրիլի 14-ին մի քանի համախոհ հայ բժիշկների՝ Ստեփան Արսլանյանի, Նուրիճյանի, Սերվիչենի և Սևյանի հետ հիմնել է Օսմանյան կայսրության «Կարմիր մահիկի» բարեսիրական կազմակերպությունը, ինչը հանդիսանում է նրա կարևոր գործերից մեկը։ Նրա առաջարկով է ընդունվել «Մահիկի» խորհրդանշանը։ Եղել է Ֆրանսիայի առողջաբանական ընկերության անդամ։
1880-1882 թվականներին կարևոր պաշտոններ է վարել Կ. Պոլսի սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցում, մեծ եռանդով մասնակցել հիվանդանոցի բարելավման ծրագրերի իրականացմանը։ 1880-ական թվականներին եղել է Կ. Պոլսի «Միացյալ ընկերություն հայոց» բարեգործական կազմակերպության գործադիր մարմնի նախագահը։ 1884 թվականին սուլթան Աբդուլ Համիդ II-ը նրան կայսերական պալատի խորհրդատու բժիշկ է նշանակել։ 1892 թվականին սուլթանը նրան փաշայության (միրիմիրան) տիտղոս է շնորհել։
Ուսանողական տարիներից աշխատակցել է արևմտյան և արևելյան պարբերականներին, թուրքահայ ու ռուսահայ թերթերին, մասնավորաբար՝ Ստեփան Ոսկանյանի «Արեւելք» բժշկական թերթին։ «Մասիս» և «Փարոս Հայաստանի» պարբերականներում Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի տնտեսական զարգացման, մասնավորաբար՝ երկրագործության առաջընթացի ծրագրեր է հրապարակել։ Բազմաթիվ բժշկագիտական հոդվածների և 2 ստվարածավալ գրքերի հեղինակ է։ Թողել է Հայկական հարցին, «Սովելոց կեդրոնական հանձնաժողովի» գործունեությանը, 1880-ական թվականներին Արևմտյան Հայաստանում բացված դպրոցների պատմությանը նվիրված անտիպ աշխատություններ։
Եղել է Կ. Պոլսի հայ և օտար հասարակության ու բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում սիրված ու հարգված անձնավորություն, հանրային ու ազգային գործիչ։ Մասնավոր գուրգուրանք է ունեցել իր ծննդավայր Խասգյուղի ու նրա սբ. Ներսեսյան վարժարանի հանդեպ։
Մահացել է 1894 թվականի դեկտեմբերի 3-ին Կ. Պոլսում` խորհրդավոր պայմաններում` 57 տարեկանում։ Թաղվել է Կ. Պոլսի Շիշլիի ազգային գերեզմանոցում։ Ենթադրվում է, որ դարձել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի բազում հայ զոհերից մեկը։ Հետաքրքիր է այն փաստը, որ բժիշկ Տիգրան Փեշտիմալճյանի հողաթումբը գտնվում է աներոջ՝ բժիշկ Սերվիչենի (Սերովբե Վիչենյան, 1815-1897) և քենեկալի՝ բժիշկ Միքայել էֆենդի Խորասանճյանի դամբարանների կողքին, վրան գրված՝ «Տոքտ. Տիգրան փաշա»։ Վերջիններս մահացել են Տիգրանից ավելի ուշ, և նրանց համար դժվար չէր իրենց բժիշկ-փաշա փեսայի և քենեկալի համար մի պատվավոր շիրմաքար դնելը։ Դա վկայում է այն մասին, որ նրանք պարզապես խուսափել են Կարմիր սուլթանին անհաճո արարք կատարելուց, ինչը կարող էր վնասել նաև իրենց, մինչդեռ նրանք չէին վախենա, եթե բժիշկը հանկարծամահ եղած լիներ ինչ-որ բնական պատճառից։
Աշխատությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- These de doctorat (դոկտորական ատենախոսությունը), 1867։
- Առողջապահական մաքրութեան դաստիարակութիւնը, թարգմանություն ֆրանսերենից, 1880։
- Առողջապահութիւն եւ տածումն առաջին եւ երկրորդ մանկութեան, հ. 1-3, 1880-1886։
- Պատմութիւն մարդկային պատուաստման, Կ. Պոլիս, 1883, 1884, 1889։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգային հիւանդանոցի մէջ պաշտօնավարած բժիշկները, Ընդարձակ տարեգիրք Ազգային հիւանդանոցի, Իսթանպուլ, 1939։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Նալբանդյան Մ., Երկերի լիակատար ժողովածու, հ. 6, Ե., 1997։
- Վարդանյան Ս., Հայաստանի բժշկության պատմություն, Ե., 2000։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Փամուքջյան Գևորգ, Հայերը իրենց կենսագրականներով (թուրքերեն), Ստամբուլ, 2003։
- Պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի, Բ. հատոր, 1993-2000 շրջան, աշխատասիրեց՝ Վարուժան Քէօսէեան, 2001-2005 շրջան, աշխատասիրեց՝ Նաիրա Սիւզմէ, Իսթանպուլ, 2007։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 331)։ |