Տիգրան Վարդանի Մարտիրոսյան
- Այս հոդվածը ծանրամարտիկի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Տիգրան Մարտիրոսյան։
Տիգրան Վարդանի Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | ծանրամարտիկ |
Տիգրան Վարդանի Մարտիրոսյան (մարտի 3, 1983, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրամարտիկ։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2009)։ Հայաստանի բազմակի, Եվրոպայի (2008) չեմպիոն, աշխարհի առաջնության (2006) և օլիմպիական խաղերի (2008) մեդալակիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը ծանրամարտով սկսել է զբաղվել 1995 թ. Վահան Բիչախչյանի գլխավորությամբ։ Արդեն 1997-ին նա դարձել է պատանիների Եվրոպայի չեմպիոն, իսկ 1998 և 1999 թվականներին կրկնել է այդ հաջողությունը։
2001 և 2003 թվականներին նվաճել է Եվրոպայի և աշխարհի երիտասարդական առաջնությունների մեդալներ։ Դրանից հետո սկսել է հանդես գալ մեծահասակների մրցումներում։
Եղել է 2004 թ. Աթենքի օլիմպիական խաղերի մասնակից՝ զբաղեցնելով 7-րդ տեղը։
2006 թ. դարձել է Սանտո Դոմինգոյում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2007 թ. Ստրասբուրգի Եվրոպայի առաջնությունից առաջ ստացել է ծանր վնասվածք, որը նրան թույլ չի տվել մասնակցել այդ առաջնությանը և ինչպես հարկն է նախապատրաստվել աշխարհի հաջորդ առաջնությանը, որտեղ նա զբաղեցրել է միայն 10-րդ տեղը։
2008 թ. Մարտիրոսյանը դարձել է Իտալիայի Լինյանո քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության հաղթող և բրոնզե մեդալ է նվաճել Պեկինի օլիմպիական խաղերում։ Եվրոպայի առաջնությունում տարած իր հաղթանակը նա նվիրել է Խաչատուր Քափանակցյանի` ծանրամարտի Հայաստանի հավաքականի` ավտովթարում զոհված մարզիչներից մեկի հիշատակին[1]։
2009 թ. Հարավային Կորեայի Կոյան քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում Տիգրանը պոկում վարժությունում նվաճել է արծաթե մեդալ, սակայն մեջքի հատվածում ցավերի պատճառով չի մասնակցել հրում վարժությանը[2]։
2010 թ. սեպտեմբերին Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությունում անհաջող հանդես գալու պատճառով նա և մեկ այլ ծանրամարտիկ՝ Գևորգ Դավթյանը, դուրս մնացին Հայաստանի հավաքականի կազմից։ Նրանք, ստանալով զրո, չկարողացան օլիմպիական վարկանիշային միավոր բերել Հայաստանին[3]։ 2016 թ․ դոպինգ թեստի վերստուգման արդյունքում օլիմպիական խաղերի 85կգ քաշային կարգի արծաթե մեդալակիրի դոպինգ թեստի արդյունքները դրական էին այդ պատճառով Ռիբակովի Անդրեյին հակադոպինգային կազմակերպություն զրկում է արծաթե մեդալից և մեդալ է շնորհում Տիգրան Վարդանի Մարտիրոսյանին[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գևորգ Դավթյան. «Պատրաստ եմ ռեկորդների»(չաշխատող հղում)
- ↑ Ամեն ինչ դեռ առջևում է
- ↑ Տիգրան Վ. Մարտիրոսյանն ու Գևորգ Դավթյանը դուրս են մնացել ծանրամարտի Հայաստանի հավաքականից
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիգրան Վ. Մարտիրոսյան Chidlovski.net կայքում (անգլ.)
- Տիգրան Վ. Մարտիրոսյանը Օլիմպիադա-2008-ի կայքում (անգլ.)
|