Տիգրան Թաբիբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Տիգրան Թորոսի Թաբիբյան
Ծնվել է13 դեկտեմբերի, 1858
ԾննդավայրԿեսարիա, Անկարայի նահանգ
Մահացել էանհայտ
Ազգությունհայ
ԿրթությունՎեր­մոն­տի բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Կոչումհա­րյու­րա­պե­տ
ԱշխատավայրԿ. Պոլ­սի զինվորական հիվանդանոց
ՊաշտոնԱն­կա­րա­յի քա­ղա­քա­պե­տա­րա­նի բժիշկ

Տիգրան Թորոսի Թաբիբյան (13 դեկտեմբերի, 1858, Կեսարիա, Անկարայի նահանգ - ?), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1858 թվականի դեկտեմբերի 13-ին Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի կենտրոն Կեսարիա քաղաքում։ Նախնական ուսումն ստացել է Կեսարիայի Ավետիսականաց վարժարանում։ Ավարտել է ամերիկացի միսիոներների Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջի բժշկական բաժինը։ Այնուհետև մեկնել է ԱՄՆ և ուսանել Վերմոնտի բժշկական համալսարանում։ 1890 թվականին ուսումն ավարտելով՝ վերադարձել է ծննդավայր։ Կարճ ժամանակ Կեսարիայում մնալուց հետո նշանակվել է Անկարայի քաղաքապետարանի բժիշկ։ Բացի այս պաշտոնից, դարձել է նահանգապետ Աբեդին փաշայի ընտանեկան բժիշկն ու բարեկամը։ Փաշայի միջնորդության շնորհիվ խափանել է Անկարայի հայերի՝ Յըլդըզից հրահանգված ջարդը, ինչի պատճառով փաշան պաշտոնանկ է արվել։ Մեծ դեր է կատարել Գաղատիայի (Անկարա) դատավարության հարցում։ Երբ ձերբակալվածներ պրոֆ. Թումայանը և Հայայանը բերվել են Անկարա, նրանց մարմինները ամբողջովին ծածկված են եղել ոստիկանների խարազաններից առաջացած կապտուկներով։ Ձեռքերի և ոտքերի երկաթյա շղթաները, քայքայելով փափուկ հյուսվածքները, հասել էին ոսկորներին, ինչից վերջույթների գանգրենայի վտանգ էր առաջացել։ Բժիշկը Աբեդին փաշայի հրամանով նրանց վերքերը բուժելու և բանտի պարտեզում նրանց ազատ շրջելու թույլտվություն է ստացել։ Բժշկի խնդրանքին ի պատասխան՝ փաշան խոստացել է ամեն ինչ անել բանտարկյալների կյանքը փրկելու համար։ Սակայն Պատերազմական ատյանը նրանց դատապարտել է մահվան։

1895 թվականին ԱՄՆ կառավարությունը բժշկին նշանակել է Գաղատիայի պատվո հյուպատոս, սակայն սուլթան Աբդուլ Համիդ II-ը մերժել է այդ նշանակումը՝ հաշվի առնելով նրա հայկական ինքնությունը։ 1895 թվականից սկսած բժիշկը Անատոլիայի զանազան կողմերից ստացած հարստահարությունների և ջարդերի տեղեկագրերը կանոնավոր ձևով հանձնել է եվրոպական երկրների հյուպատոսներին։ Բժշկի միջնորդությամբ Անկարայի հայերի ջարդը չիրականացնելու պատճառով Աբեդին փաշան պաշտոնանկ է արվել, ինչը վտանգել է նաև բժշկի դիրքը։ Այդ պատճառով բժիշկը տեղափոխվել է Կ. Պոլիս և զբաղվել միայն բժշկությամբ։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և Կ. Պոլսի զինվորական հիվանդանոցում բժիշկ ծառայել՝ հարյուրապետի աստիճանով։ 1915 թվականին Ամասիայում, տեղի կառավարիչի հրամանով դաժանորեն սպանվել է բժշկի կրտսեր եղբայրը՝ բժիշկ Հայկազուն Թաբիբյանը։ 1918 թվականին՝ պատերազմի ավարտից հետո բժիշկ Տիգրանը դատական գործ է հարուցել եղբոր սպանության համար և հասել նրան, որ Պատերազմական ատյանը 1920 թվականին մահվան է դատապարտել Ամասիայի ոճրագործ կառավարիչին, սակայն դատավճիռը չի գործադրվել։ Դրանից հետո բժիշկ Տիգրանը մահափորձի է ենթարկվել, որից հրաշքով է փրկվել։ Այդ դեպքը վերջնականապես հուսալքել է բժշկին և նա մեկնել է ԱՄՆ։ 1937 թվականի դրությամբ բնակվում էր ԱՄՆ-ում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։