Տեղ գյուղի Արամայիս Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեղ գյուղի Արամայիս Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց
ՏնօրենԴավիթ Շեգունց
Աշակերտներ205
ՀասցեՏեղ գյուղ

Տեղ գյուղի Արամայիս Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց, հանրակրթական դպրոց Տեղ գյուղ վարչական տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիք գավառի Տեղ բնակավայրում դպրոցը հիմնադրվել է 1873 թվականին։ Դպրոցն ի սկզբանե ունեցել է 21 աշակերտ[1] և եղել եկեղեցական ծխական դպրոց։ Դպրոցի հիմնադիր և առաջին ուսուցիչը Գրիգոր Միրզախանյանն եղել, որն իր կրթությունը ստացել է Շուշիի թեմական դպրոցում։ Դպրոցը 1875 թվականին կոչվել է «Տեղ գյուղի մասնավոր կրթարան»՝ արական սեռի։ Հայկական դպրոցների հետ այդպիսի բաներ շատ են պատահել։ Նրանք մեկ համարվել են ծխական, մեկ՝ մասնավոր և ընդհակառակը։ 1880-ական թվականին դպրոցը որոշ ժամանակով փակված է եղել։ Պատմաբան Լեոն 1888 թվականին եղել է Սյունիքում և «Մշակ» թերթում գրել. «Տեղ անունով հայաբնակ գյուղը, որն ունի 600 տուն, ժողովուրդը գաղափար չունի, թե ինչ է դպրոց»։ Գուցե Լեոյի այդ ահազանգից հետո է դպրոցը նորից բացվել։ Այնուամենայնիվ հայտնի է, որ 1891 թվականին Տեղ գյուղում գործել է հայկական մեկդասյա արական դպրոց։ Գյուղի բնակիչների պահանջով, պետական միջոցների հաշվին, 1893 թվականին «Ղաշար» թաղամասում կառուցվում է դպրոցական մի փոքր շենք, որտեղ սովորում են նաև Կոռնիձոր և Արավուս գյուղերից եկած մի քանի երեխաներ։ Աշակերտների ընդհանուր թիվը տատանվել է 50-100-ի սահմաներում, որոնց հետ պարապել են հիմնականում Շուշիի ռեալական ուսումնարանն ավարտած ոչ տեղացի 2-3 ուսուցիչներ։ Որպես ուսուցիչ Տեղ գյուղում աշխատել է նաև հեղափոխական Հակոբ Կամարին։ Հայտնի է, որ 1896 թվականից հետո դպրոցը այլևս գործել չէր կարող, որովհետև այդ ժամանակ ցարական կառավարության կարգադրությամբ հայկական բոլոր ծխական դպրոցները փակվել են[2] և փակ մնացել 10 տարի, մինչև 1905 թվականի աշուն։ 1905 թվականից հետո ծխական դպրոցի փոխարեն բացվել և գործել է պետական (ռուսական) դպրոց։ Ուսումը դարձել է պարտադիր և գյուղի բոլոր դպրոցահասակ երեխաներն ընդգրկվել են դպրոց։ 1910 թվականին, երբ գյուղն ուներ 700 տուն՝ 3532 բնակիչով, դպրոցում սովորում էր 100, 1921 թվականին՝ 150, 1930 թվականին՝ 338, 1941 թվականին՝ 500, 1963 թվականին՝ 702 աշակերտ։ Իր գոյության ընթացքում դպրոցը տվել է հազարավոր շրջանավարտներ։ Նրանցից շատերը ուսումը շարունակել են բարձրագույն ուսումնական հաստատություններում, դարձել գիտության, մշակույթի և ժողովրդական տնտեսության այլ բնագավառների մարդիկ։ Դպրոցը 1966 թվականին անվանակոչվել է Խորհրդային Միության հերոս, Տեղ գյուղացի Արամայիս Սարգսյանի անունով։ 2011 թվականի հունիսի 9-ին դպրոցի կենտրոնական մասնաշենքը փլվել էր։ Այդ պահին դպրոցում աշակերտներ չեն եղել[3]։ Դպրոցի վերանորոգման աշխատանքները ավարտվել են 2013 թվականին[4]։

Տեղ գյուղի դպրոց- ուսումնական հաստատության տնօրենները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրիգոր Միզախանյան- 1873-1875 թվականներ
  • Տիգրան վարժապետ- 1875-1887 թվականներ
  • Հայրապետ վարժապետ- 1905-1924 թվականներ
  • Դանիել վարժապետ- 1924-1926 թվականներ
  • Ռուբեն Պետրոսյան- 1929-1932 թվականներ
  • Գևորգ Գրիգորյան- 1932-1937 թվականներ
  • Հովիկ Ազարումյան- 1937-1939 թվականներ
  • Գրիգոր Հովհաննիսյան- 1939-1941 թվականներ
  • Հայկ Տատինցյան- 1942-1944 թվականներ
  • Հարություն Ջհանգիրյան- 1945-1954 թվականներ
  • Գևորգ Վարդանյան- 1954-1956 թվականներ
  • Լևոն Հովսեփյան- 1956-1958 թվականներ
  • Հարություն Ջհանգիրյան- 1958-1961 թվականներ
  • Լենո Գիրգորյան- 1961-1986 թվականներ
  • Սլավիկ Գրիգորյան-1986-2018
  • Դավիթ Շեգունց-2018 թվականից մինչև մեր օրեր

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Կ Խուդոյան- Արևելահայ դպրոցները 1830-1920թթ. էջ 142, 1987թ. Երևան «Լույս» հրատարակչություն
  • ՎՍՍՀ պետական արխիվ Ֆոնդ 56, գործ 43
  • ՎՍՍՀ պետական արխիվ Ֆոնդ 422, գործ 3997
  • «Մշակ» թերթ 1888թ. N 120
  • Հ. Միրզոյան «Հայրենի եզերք», էջ 120

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նորակառույց կրթօջախը` հուսալի ապագայի երաշխիք». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  2. ՀՀ 19-20-րդ դարի կրթությունը (նախագիծ)
  3. Փլուզվել է Տեղ գյուղի դպրոցի երկհարկանի մասնաշենքը
  4. Տեղ գյուղի աշակերտներն այս տարվանից կհաճախեն հիմնանորոգված դպրոց