Տաթևիկ Շախկուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաթևիկ Շախկուլյան
Ծնվել էապրիլի 2, 1980(1980-04-02) (44 տարեկան)
Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրԿարին և Երևանի Կամերային թատրոն
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Տաթևիկ Ռաֆայելի Շախկուլյան (ապրիլի 2, 1980(1980-04-02), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երաժշտագետ, խմբավար, արվեստագիտության թեկնածու, կոմիտասագետ[1]։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի հայաստանյան պատասխանատու, Ճապոնիայի Կոմիտասի երաժշտության ընկերության, «Կայթ» արվեստի զարգացման կրթամշակութային հիմնադրամի խորհրդական[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1980 թվականի ապրիլի 2-ին Ալավերդիում։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսության բաժինը։ 2004 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության, 2005 թվականին՝ խմբավարության բաժինը։ 2010 թվականին Մհեր Նավոյանի ղեկավարությամբ ավարտել է Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան։

2006-2017 թվականներին ղեկավարել է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը։ 2004-2008 թվականներին երգել է «Հովեր» երգչախմբում։ 2009 թվականից դարձել է «Կարին» ավանդական երգի-պարի անսամբլի խմբավար[4]։ 2010 թվականից Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում աշխատել է որպես երաժշտության տեսության ամբիոնի դասախոս։

2014-2015 թվականներին ավստրիական Գրացի համալսարանի «Սիստեմատիկ երաժշտագիտության կենտրոնում» զբաղվել է հետազոտական աշխատանքով։

2012-2016 թվականներին դարձել է Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի սփյուռքահայ և միջազգային կապերի բաժնի գիտաշխատող, իսկ 2016 թվականին՝ ավագ աշխատող։ 2015 թվականին աշխատել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, որպես գիտական բաժնի ղեկավար, իսկ 2016 թվականից՝ տարեգրքի պատասխանատու խմբագիր։

Ալինա Փահլևանյանի հետ հեղինակել է «Հայկական երաժշտական ֆոլկլոր» դասընթացը։ 2014 թվականին գրել է «Կոմիտասի ստեղծագործության վաղ շրջանը» մենագրությունը։ Հեղինակել է ավելի քան 25 գիտական հոդվածներ, որոնք վերաբերում են կոմիտասագիտությանը, երաժշտական բանահյուսությանը, հայ և համաշխարհային երաժշտարվեստի տեսությանն ու պատմությանը, 20-րդ դարի արևմտաեվրոպական, ռուսական և հայկական երաժշտության պոլիֆոնիայի հարցերին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխության հաղթող (2011 թվական)
  • Գյումրիի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր (2013 թվական՝ 3-րդ կարգ, 2016 թվական՝ 1-ին կարգ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Շախկուլյան Տաթևիկ Ռաֆայելի, Արվեստագիտության թեկնածու».
  2. ««տաթևիկ Շախկուլյան».
  3. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն». 2019. էջեր 500–501. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)
  4. ««Կարին» ավանդական երգ-պարի խումբ։ Պատմություն». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։