Վպերյոդ խումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բոգդանով

«Վպերյոդ» խումբ (ռուս.՝ Группа «Вперёд»), 1909 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) ներսում Ալեքսանդր Բոգդանովի կողմից ստեղծված օպոզիցիոն խումբ։ Կազմվել է օտզովիստներից, ուլտիմատիստներից, աստվածաշինարարության կողմնակիցներից, ինչպես նաև Կապրիի դպրոցի դասախոսներից և ուսանողներից։

Խումբը կազմում էին Գրիգորի Ալեքսինսկին, Ալեքսանդր Բոգդանովը, Մաքսիմ Գորկին, Վիրգիլի Շանցերը (Մարատ), Անատոլի Լունաչարսկին, Մարտին Լյադովը, Միխայիլ Պոկրովսկին, Պավել Լեբեդև-Պոլյանսկին, Դիմիտրի Մանուիլսկին, Վյաչեսլավ Մենժինսկին և ուրիշներ։ «Վպերյոդը» խմբակներ ուներ Փարիզում և ժնևում։ Կապրիի դպրոցի (ստեղծվել է Կապրի կղզում, Իտալիա) բոլշևիկյան կուսակցությունից հեռացած որոշ գործիչների կողմից) փակվելուց առաջ «Վպերյոդ» խմբի անդամներն ընդունել են Բոգդանովի գրած «Արդի դրությունը և կուսակցության խնդիրները» ծրագիրը, որը 1909 թվականի դեկտեմբերի 28-ին «Վպերյոդ» խմբի ստեղծման ծանուցման և այն «գրական կազմակերպություն» հաստատելու խնդրագրի հետ միասին ուղարկվեց ՌՍԴԲԿ Կենտկոմ։

«Վպերյոդ» խմբի ծրագիրը հակադրվում էր բոլշևիկյան առաջնորդ Լենինի գրած և ՌՍԴԲԿ V կոնֆերանսի (1908) կողմից ընդունված «Արդի մոմենտի և կուսակցության խնդիրների մասին» բանաձևին։ Կանգնած լինելով մախիզմի, աստվածաշինարարության դիրքերում՝ «վպերյոդականները» պահանջում էին մարքսիզմը միացնել կրոնին, պայքարել հեղափոխական մարքսիզմի դեմ։

Բոլշևիկները Լենինի գլխավորությամբ հանդես եկան «Վպերյոդ» խմբի դեմ։ Բոգդանովը վտարվել է բոլշևիկյան կուսակցությունից՝ խորհրդակցության որոշմանը չենթարկվելու համար։ ՌՍԴԲԿ ԿԿ պլենումում (1910 թվականի հունվար) «վպերյոդականները» մենշևիկների, տրոցկիստների հետ միասին «հաշտվողականների» աջակցությամբ հանդես են գալիս Լենինի և նրա կողմնակիցների դեմ։ «Վպերյոդականները» հրաժարվում են մասնակցել ՌՍԴԲԿ VI (Պրահայի) կոնֆերանսին (1912 թվական)։ 1910 թվականին, Կապրիի դպրոցի փոխարեն, խումբը Բոլոնիայում հիմնադրեց դպրոց, հրատարակեց «Առաջ» ժողովածուն։ 1912 թվականի օգոստոսին խումբը մասնակցել է Լև Տրոցկու կողմից Վիեննայում հրավիրված կոնֆերանսին։

1913 թվականի վերջին «Վպերյոդ» խումբը փաստորեն ցրվել է։ Վերջնականորեն իր գոյությունը դադարեցրել է 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]