Վիբորգի կենտրոնական ժողովրդական դպրոց
Վիբորգի կենտրոնական ժողովրդական դպրոց (ֆիններեն՝ Viipurin keskuskansakoulu), տարրական ուսումնական հաստատություն, որը գործել է Վիբորգում 1868-1939 թվականներին։ Վիբորգի կենտրոնում գտնվող երկհարկանի դպրոցական շենքը, որը կառուցվել է 1868 թվականին ճարտարապետ Իվան Յոհանսոնի նախագծով, ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1863 թվականին Ալեքսանդր II կայսրն ընդունել է «Ֆիննական լեզվի իրավունքը պաշտոնական շվեդերենին հավասարեցնելու մասին» որոշումը։ Ֆիննական լեզուն մտել է Ֆինլանդիայի մեծ դքսության պաշտոնական գործավարության մեջ։ Միևնույն ժամանակ, սկսել է ընդլայնվել ֆիննալեզու դպրոցների ցանցը` կրթության ոլորտում համապատասխանեցվելով Ռուսական կայսրության տարրական հանրակրթական դպրոցներին։ Համաձայն «Ֆինլանդիայի Մեծ Դքսությունում հանրային ուսուցման կազմակերպման մասին» որոշման, որը հրապարակվել է 1866 թվականին, դպրոցը բաժանվել է եկեղեցուց և լյութերական ծխական մի քանի դպրոցների փոխարեն տեղական իշխանությունները սկսեցին ստեղծել հանրակրթական դպրոցներ Ունո Սիգնեուսի նախագծի համաձայն։ Կրթության օրենսդրությունը պարունակել է պահանջներ դպրոցական շենքերի նկատմամբ, որոնք վերահսկվում էին դպրոցի տնօրինության կողմից։ Սահմանված պահանջների համաձայն Վիբորգի նահանգի ճարտարապետ Իվան Յոհանսոնի կողմից մշակվել է ժողովրդական դպրոցի նախագիծ, որը կառուցվել է 1867-1868 թվականներին և դարձել Ալեքսանդրովսկի պողոտայում (այժմ՝ Լենինգրադյան պողոտա) գտնվող առաջին քարե շենքը, որը տեղակայված է եղել Եղջյուրավոր ամրոցի միջնապատնեշների և պատվարների տեղում և քանդվել է Վիբորգի 1861 թվականի զարգացման գլխավոր հատակագծի համաձայն։ Շուտով նույն փողոցի հարևանությամբ կառուցվել է երկու կանանց գիմնազիա՝ շվեդական և ռուսական։
Սկզբում դպրոցը կոչվել է «rahwaskoulu» («հասարակ մարդկանց դպրոց»), բայց 1872 թվականին այն վերանվանվել է ժողովրդական դպրոցի («kansakoulu»): Եվ երբ քաղաքային շրջաններում դպրոցներ բացվեցին (օրինակ՝ Ռեպոլսկի ժողովրդական դպրոց, Սորվալի ժողովրդական դպրոց), Վիբորգի ժողովրդական դպրոցը սկսեց կոչվել կենտրոնական։ Դպրոցի շենքը համարվում է Իվան Յոհանսոնի Վիբորգի ամենահաջողված շենքը։ Քառամյա տարրական դպրոցի երկհարկանի շենքի ճակատի կենտրոնական մասը, որը շարված է բարձր ցոկոլի վրա, առանձնանում էր ելուստով։ Առաջին հարկը շարված է կոպտատաշ քարով, իսկ երկրորդ հարկի բարձր կիսաշրջանաձև պատուհանների միջև պատերը զարդարված են կորնթական զույգ սյուներով։ Առյուծի մասկարոնները օգտագործվում են որպես ճակատային հարդարանքի տարրեր։ Բակային ճակատը զարդարված է ավելի համեստ ելուստով։ Օժանդակ ծառայությունները տեղակայված էին թիվ 15 Ա բակային մասնաշենքում։
Ֆինալեզու աշակերտների թվի անընդհատ աճի հետ կապված՝ 1886 թվականին ճարտարապետ Ֆրանս Շյորստրյոմի նախագծով կառուցվել է կենտրոնական ժողովրդական դպրոցի նոր շենք։ Դպրոցի աշխատանքը դադարեցվել է խորհրդա-ֆիննական պատերազմների (1939-1944) տարիներին։ Խորհրդա-ֆիննական պատերազմից (1939-1940) հետո դպրոցի շենքում բացվել է Կարմիր բանակի տունը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին` 1941 թվականին շենքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ոչնչացվել է շենքի ներքին հարդարանքը։ Հետպատերազմյան վերանորոգման արդյունքում հին դպրոցի մասնաշենքը հարմարեցվել է բնակելի շենքի, բակի ծառայողական մասնաշենքը հանձնվել է ներքին գործերի մարմինների իրավասությանը, իսկ դպրոցի նոր շենքում տեղակայվել է մշակույթի պալատը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Довоенные изображения здания на «Виртуальном Выборге»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
- Мысько А.С. Архитектура Выборга разных эпох. Путешествия в прошлое. — СПб.: «Издательский центр «Остров», 2019. — 352 с. — ISBN 978-5-94500-136-7
- Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8