Վենեսուելայի գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոնյա Բարբարայի` Ռոմուլո Գալեգոսի վեպի գլխավոր հերոսուհու հուշարձանը

Վենեսուելայի գրականություն (իսպ.՝ Literatura de Venezuela), Վենեսուելայի հնդկացիների՝ իսպանական նվաճումից առաջ եղած ժողովրդական չափածո ստեղծագործությունը չի պահպանվել։ Իսպանական գաղութատիրության ժամանակաշրջանում Վենեսուելայի բանաստեղծների մեծ մասը հետևել է գոնգորիզմի (արիստոկրատական դպրոց 17-րդ դ․ իսպանական պոեզիայում) ավանդույթներին։ Մինչև 19-րդ դ․ 80-ական թթ․ վերջը գերիշխել է ռոմանտիզմը, որի ներկայացուցիչներ Ա․ Լոսանոն (1821-1866), Դ․ Ռ․ էռնանդեսը 1829-1893), Խ. Ռ․ Եպեսը (1822-1881), Խ․ Ա․ Մայտինը (1804-1874), Ռ․ Արվելոն (1814-1878), Խ․ Վ․ Կամաչոն (1829-1872), Խ․ Կալկանիոն (1840-1918) մշակել են ազգային-հայրենասիրական թեման։

Ավելի ուշ շրջանի ռոմանտիկների ստեղծագործության մեջ երևան են եկել կրոնական միստիկայի գծեր, շրջապատող աշխարհից ինքնամեկուսացման ձգտում։ Այս միտումները էլ ավելի են ուժեղացել դեկադենտ բանաստեղծների ստեղծագործություններում։ Մ․ Վ․ Ռոմերո Գարսիայի (1865-1917), Խ․ Խիլ Ֆորտոուլի (1862-1943), Մ․ է․ Պարդոյի (1865-1905), Գ․ Պիկոն Ֆեբրեսի (1860-1918) առաջին ռեալիստական վեպերում կան նատուրալիստական գծեր։ Ռեալիստական պոեզիան ներկայացված է Ֆ․ Լասո Մարտիի (1864-1909), երգիծաբան Ա․ Ռոմանասեի և ուրիշների հայրենասիրական բանաստեղծություններով։ Շատ մոդեռնիստների բնորոշ է ազգային ինքնատիպ գրականություն ստեղծելու ձգտումը, որն իր արտահայտությունն է գտել «կրեոլյան ռեալիզմի» ներկայացուցիչների՝ արձակագիրներ Մ․ Դիաս Ռոդրիգեսի (1871 1927), Լ․ Մ․ Ուրբանեխա Աչելպոլի (18741937), Խ․ Ռ․ Պոկատեռայի (1888-1955), Պ․ է․ Կոլի (1872-1947), բանաստեղծներ Ու․ Պերեսի (1871-1926), Ա․ Արվելո Լառիվայի (1883-1934), Ա․ Մատայի (1870-1931) ստեղծագործություններում։ Դեկադանսի միտումները հաղթահարելով՝ նրանք անցել են ազգային ու սոցիալական թեմաներին, նախապատրաստել ռեալիստական արձակի ծաղկումը 20-րդ դարում։ Սոցիալ քննադատական ուղղվածությամբ են հատկանշվում Ռ․ Բլանկո Ֆոմբոնայի (1874-1944), «Երկաթե մարդը» (1907) և «Ոսկի մարդը» (1915) վեպերը։

1920-1930-ական թթ․ Վենեսուելայի գրկականության մեջ ուժեղացել է քննադատական ռեալիզմի ուղղությունը, որի խոշորագույն ներկայացուցիչ Ռ․ Գալիեգոսի (1884-1969) ստեղծագործությունները համաշխարհային հռչակ են ձեռք բերել։ Այդ տարիների պոեզիայում տարածում են գտել ավանգարդիստական «ձախ» արվեստի զանազան հոսանքներ։ Սակայն գերակշռում էին սոցիալ-քննադատական միտումները։ Մ․ Օտերո Սիլվայի (ծն․ 1908), Գ․ Մենեսեսի (ծն․ 1911), է․ Մուխիկայի (ծն․ 1927) վեպերն ու պատմվածքները պատկերում են Վենեսուելայի աշխատավորության ոչ միայն կյանքի ծանր պայմանները, այլև հետադիմության դեմ մղած պայքարը։ Այդ թեմաներին են նվիրված նաև բանաստեղծուհի Լ․ Վելասկեսի, 1952 թվականին Խաղաղության ոսկե մեդալով պարգևատրված բանաստեղծ Կ․ Ա․ Լեռնի (ծն․ 1914), բանաստեղծներ Ա․ Լամեդայի (ծն․ 1920), Պ․ Լայայի (ծն․ 1921), Պ․ Դունոյի (ծն․ 1933) շատ գործեր։ 1950-1960-ական թթ․ հայտնի դարձան առաջադեմ բանաստեղծներ է․ Մուբերոյի և է Կոլոմբանիի, արձակագիրներ Գ․ Կառերայի և Խ․ Աբրեուի անունները։

Գրականության ազգային մրցանակը շնորհվում է ամեն տարի: Այն հիմնադրվել է 1948 թվականին: Ուսլար Պիետրին միակ գրողն է, ով առաջին հինգ տասնամյակների ընթացքում երկու անգամ արժանացել է այս մրցանակին:

20-րդ դարի և 21-րդ դարասկզբի լավագույն հայտնի բանաստեղծներից են Ռաֆայել Կադենասը և Էուխենիո Մոնտեխոն[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shaw, Donald, "Gallegos' Revision of Doña Bárbara 1929-30, Hispanic Review 42(3), Summer 1974, p265
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 368 CC-BY-SA-icon-80x15.png