Վենեսուելայի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնոլդո Գաբալդոն ինստիտուտը, որը 1984 թվականի օգոստոսի 30-ին հռչակվել է Ազգային պատմական հուշարձան

Վենեսուելայի մշակույթ (իսպ.՝ Cultura de Venezuela), Վենեսուելայի մշակույթները բազմազան են և բարդ, իրենց վրա են կրում բոլոր այն մարդկանց ազդեցությունը, ովքեր Վենեսուելան իրենց տունն են համարում։ Վենեսուելան ունի տարբերակվող և բնօրինակ արվեստ, գրականություն և երաժշտություն։

Ժողովուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենեսուելան ունի հարուստ մշակութային ժառանգություն։ Վենեսուելայի բնիկներից մինչև իսպանացի և աֆրիկացի բնակիչներ, որոնք ժամանել են իսպանական նվաճումից հետո, 17-րդ դարում ներգաղթի ալիքները բազմաթիվ իտալացիների, պորտուգալացիների, արաբների, գերմանացիների, Մարոկկոյի հրեաների և Հարավային Ամերիկային սահմանակից այլ երկրների բնակիչների բերեցին Վենեսուելա։ Վենեսուելացիների 93%-ն ապրում է քաղաքային վայրերում` երկրի հյուսիսային մասում։ Չնայած ցամաքի գրեթե կեսը գտնվում է Օրինոկո գետից հարավ, բնակչության միայն 5% -ն է ապրում այդ տարածքում։ Բնակչության ավելի քան 96%-ը իրենց համարում են կաթոլիկ։ Մնացածը պատկանում են մյուս եկեղեցիներին, հիմնականում բողոքական եկեղեցուն։ Երաժշտությունը Վենեսուելայի ժառանգության, արվեստի և մշակույթի մի մասն է կազմում։

Վենեսուելայի ժառանգությունը, արվեստն ու մշակույթն իրենց վրա են կրել Կարիբյան ազդեցությունը պատմական շենքերի, ճարտարապետության[1], արվեստի[2], լանդշաֆի, հուշարձանների առումով։ Վենեսուելայի մշակույթը ձևավորվել է տեղաբնիկների, իսպանական և աֆրիկյան ազդեցությունների ներքո։ Նախքան այս ժամանակահատվածը, տեղական մշակույթը արտահայտված է եղել արվեստում (հիերոգլիֆներ), արհեստներում, ճարտարապետության (շաբոնոս) մեջ և հասարակական կազմակերպություններում։ Բնիկների մշակույթը հետագայում ձուլել է Սպանիարդներին. տարիների ընթացքում հիբրիդային մշակույթը դիվերսիֆիկացվել է տարածաշրջաններով։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենեսուելայի արվեստում սկզբում գերիշխել են կրոնական մոտիվները։ Գեղանկարչությունը սահմանափակվել է եկեղեցիների որմնանկարազարդումով։ Այնուհետև` 19-րդ դարում առավել ընդգծվել է պատմական և հերոսական ներկայացուցչությունը, որը գլխավորել են Մարտին Լյութեր Քինգը, Մարտին Տովար ի Տովարը։ 20-րդ դարում աչքի է ընկնում մոդեռնիզմը։

19-րդ դարի սկզբին ձևավորվել է դիմանկարչության տեղական դպրոցը (Խ․ Լովերա), իսկ 19-րդ դարի 2-րդ կեսին զարգացել են պատմանկարչությունը (Մ․ Տովար ի Տովար, Ա․ Միչելենա) և քանդակագործությունը (Մ․ Գոնսալես, է․ Պալասիոս ի Կավելիո)։ Ք․ Ռոխասը ժանրային նկարների հեղինակ է։ Ռեալիզմը Վենեսուելայի 20-րդ դարի արվեստում դրսևորվել է Տ․ Սալասի պատմանկարներում, Ֆ․ Բրանդի, Ռ․ Մոնաստերիոսի, Ա․ Ռևերոնի բնանկարներում, Պ․ Ա․ Գոնսալեսի գրաֆիկական գործերում։ Ոճավորված ազգային ժողովրդական կերպարներ են ստեղծել գեղանկարիչ է․ Պոլեոն, քանդակագործ Ֆ․ Նարվաեսը։

Հայտնի վենեսուելացի նկարիչներից են Արտուրո Միչելենան, Քրիստոբալ Ռոխասը, Անտոնիո Էրերա Տորոն, Արմանդո Ռեվերոն, Մանուել Կաբրեն, կինետիկ արվեստագետներից են Խեսուս-Ռաֆայել Սոտոն, Կարլոս Կրուս-Դիեսը, ժամանակակից նկարիչներից` Յուսեֆ Մերհին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենեսուելայում առկա են բոլոր տեսակի հին ճարտարապետական շինություններ։ Յուրաքանչյուր հին շենք ունի իր սեփական հենքը, որտեղից սկսել է գոյություն ունենալ. Բոլոր տեսակի տարբեր շենքերը ներկայացնում են երկրի բազմազան անցյալը։

Վենեսուելայի հնդկացիների հին արվեստից պահպանվել են ժայռապատկերներ, հովազների, կոկորդիլոսների, Արևի և նուսնի սիմվոլների պատկերներով քարի զանգվածներ, փորագիր, նկարազարդ, մարդկանց, կենդանիների դեմքերի հարթաքանդակներով խեցեղեն։ Մինչև այժմ էլ հնդկացիները կառուցում են արմավենու տերևներով ծածկված խրճիթներ, պատրաստում խեցե անոթներ, փետուրներից ու խոտերից հյուսված իրեր։

16-18-րդ դդ. կառուցվել են քաղաքներ (հիմնականում փողոցների ուղղանկյուն ցանցով), աղյուսե և քարե տներ (սովորաբար՝ ներքին բակով, փայտե պատշգամբներով, 3 կողմից մուտքերով և չորրորդ կողմից դեպի այգի ելքով), փայտե առաստաղով եռանավ եկեղեցիներ։

Հանրապետության ստեղծվելուց հետո, հատկապես 19-րդ դարի վերջին, շինարարությունն ընդարձակվել է (նոր կլասիցիզմ կամ նոր գոթիկա)։ 20-րդ դարի կեսից բուռն զարգացել է (հիմնականում Կարակասում) ժամանակակից ճարտարապետությունը (Կ․ Ռ․ Վիլյանուեա, Դ․ Բերմուդես, Խ Մ․ Գալիա), որն աչքի է ընկնում մեծ անսամբլներով, նոր շրջանների կոմպլեքսային կառուցապատմամբ, ճարտարապետական ձևերի և երկաթբետոնե կոնստրուկցիաների նորույթներով, արվեստների սինթեզով։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենեսուելայի տեղաբնիկ երաժշտությունը ներկայացնում են Un Solo Pueblo և Serenata Guayanesa խմբերը։ Կուատրոն համարվում է ազգային երաժշտական գործիք։ Բնորոշ երաժշտական ոճերը հիմնականում ի հայտ են գալիս ծառազուրկ կանաչ վայրերում (llanos), այդ թվում Ալմա Լյաներա (Պեդրո Էլիաս Գիտիերես, Ռաֆայել Բոլիվար Կորոնադո), Ֆլորենտինո ի էլ Դիաբլո (ըստ Ալբերտո Արվելո Տոռեալբայի), Կոնսիերտո էնլա լյանուրա (Խուան Վիսենտե Տոռեալբա), Caballo Viejo (Ծեր նժույգ, Սիմոն Դիաս)։

Zulian gaita հայտնի ոճ է, որը կատարում են Սուրբ Ծնունդի ժամանակ։ Ազգային պար է համարվում խորոպոն։ Մարիա Տերեսա Կարենյոն 19-րդ դարի աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար է։ Վերջին տարիներին դասական երաժշտության համերգներ են կազմակերպվում։ Սիմոն Բոլիվարի երիտասարդական նվագախումբը հանդես է գալիս եվրոպական համերգային դահլիճներում. հատկանշական է 2007 թվականի Պրոմենադյան համերգները։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական իշխանությունը կասեցրել է ազգային թատրոնի զարգացումը։ 16-րդ դարից Կարակասում հազվադեպ կազմակերպվել են թատերական ներկայացումներ, բեմադրվել են աուտոներ, ինտերմեդիաներ և այլն, կազմակերպվել թատերախմբեր։ 1853 թվականին առաջին անգամ Մարակայբոյում բեմադրվել է վենեսուելական հեղինակ Մ․ Մ․ Ֆեռնանդեսի «Անխիղճը, ագահը և ծույլը» կատակերգությունը։ 20-րդ դարի 1-ին կեսի Վենեսուելայի թատերական կյանքի որոշ աշխուժացումը կապված է երաժշտական կոմեդիայի՝ սայնետե ժանրի երևան գալու, ինչպես և դրամատուրգներ Լ․ Ա․ Միչելենայի, Վ․ Մ․ Ռիվասի, ավելի ուշ՝ Ա․ էլոյ Բլանկոյի, Խ. Պադրոնի, Ա․ Սերտադի ստեղծագործության, Թատրոնի բարեկամների ընկերության (կազմավորվել է 1942 թվականին) գործունեության հետ։ 1950-ական թթ․ բացվել են մի քանի թատերական դպրոցներ, այդ թվում՝ Բեմարվեստի ազգային դպրոցը (1954)։ Կարակասում գործում են թատերախմբեր։ Մայրաքաղաքի թատրոններից են՝ «Թեատրո մունիսիպալ»-ը, «Թեատրո նասիոնալ»-ը, «Պոլիեդրո»-ն, «Աթենեո»-ն, Կոմեդիայի թատրոնը։ Թատրոններ կան նաև Մարակայբոյում, Բարկիսիմետոյում, Մերիդայում և այլ քաղաքներում։ Բեմադրվում են Ի․ Գրամկոյի, Ռ․ Պինեդայի, Մ․ Ռենխիֆոյի, Վ․ Ֆրանկոյի և այլոց պիեսները։ Թատերական գործիչներից են՝ Ա․ դե Պաս ի Մատեոսը, Կ․ Օրտիսը, Ա․ Լոպեսը, Ն․ Կուրիելը, Խ․ Տոռեսը, Կ․ Ու․ Սամորանոն, Մ․ Գարսիան, Կ․ Պալման, Կ․ Մարկեսը։ 1959 թվականից կազմակերպվում է Վենեսուելական թատրոնի փառատոն։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենեսուելայում ազգային կինոարտադրությունը սկսվել է 20-րդ դարի 30-ական թթ․։ Հիմնականում թողարկվել են վավերագրական և փաստագրական ֆիլմեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կինոպրոկատի 80-90%–ը կազմել են ամերիկյան ֆիլմերը։ 1948-54-ին Կարակասում գործել է «Բոլիվար ֆիլմ» կինոստուդիան, որի գործունեությունը նպաստել է ազգային կինեմատոգրաֆիայի կազմավորմանը։ Որոշ ֆիլմերի սյուժեներ կապված են Պերես Խիմենեսի (երկրի նախագահ՝ 1952-1958 թթ.) ռեժիմի դեմ պայքարի, 19-րդ դարի ազգային հերոս Սիմոն Բոլիվարի կյանքի դեպքերի հետ։ Համաշխարհային ճանաչում է գտել «Արայյա» (1959, ռեժիսոր` Մ․ Բենասեռաֆ) վավերագրական կինոնկարը։ Ֆիլմերի մեծ մասը զվարճալի բնույթի են, շահութաբեր։ Թողարկվում է լիամետրաժ, վավերագրական, գովազդային կինոնկարներ։ Երկրում կան արտադրապրոկատային ֆիրմաներ։ Կինոգործիչներից են՝ Ս․ էնրիկեսը, Ու․ Պետերսենը, Մ․ Լարան, Ռ․ Չալբաուդը, Ա․ Ռոխասը, է․ Ֆեռնանին, է․ Մոնտեխոն։

Փառատոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենեսուելայի տոն ամենախոշոր փառատոներից է Corpus Christi (Քրիստոսի մարմնի և արյան տոն), որի ժամանակ դիմակներով և համազգեստներով չարքերը պարում են փողոցներում։ Ավանդույթը գալիս է իսպանական գաղութացման շրջանից, որը խոր արմատներ և ինքնություն ունի Վենեսուելայում, որտեղ շատ ավանդական միջոցառումներ են կազմակերպվում, այդ թվում նաև Corpus Christi: Մյուս փոքրամասշտաբ փառատոներից են անհատների հարսանիքները, որտեղ զույգերը միավորվում են սուրբ ամուսնությամբ։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյսբոլը Վենեսուելայի ամենատարածված մարզաձևն է, թեև ֆուտբոլը, որը գլխավորում է Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքականը, ավելի ազդեցիկ է դառնում։

Վենեսուելան հայտնի է գեղեցկության մրցույթների իր հաջողություններով։ Միսս Վենեսուելան մեծ իրադարձություն է երկրում։ Վենեսուելան 7 անգամ արժանացել է Միսս Տիեզերք, 6 անգամ Միսս Աշխարհ, 7 Միսս Միջազգային կոչումների և 2 Միսս Երկիր կոչումների։

Ըստ համաշխարհային հետազոտությունների` վենեսուելացիներն աշխարհի ամենաերջանիկ մարդկանց շարքում են, հարցվածների 55%-ը նշում է, որ «շատ երջանիկ է»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Coro and its Port». UNESCO World Heritage Centre. 1993.
  2. «Ciudad Universitaria de Caracas». UNESCO World Heritage Centre. 2000.
  3. «Happiness Statistics By Country». Nationmaster.com. Վերցված է 2007 թ․ հունիսի 21-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 369