Վարքի և գործունեության կամածին ղեկավարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրգային համակարգ(կարմիր գույնով)

Կամածին շարժումները,ըստ Պավլովի, իրենց առաջացման մեխանիզմով պայմանառեֆլեկտորային են, որոնք ենթարկվում են Բարձրագույն նյարդային գործունեության բոլոր օրենքներին։ Պավլովյան ֆիզիոլոգիական դպրոցի հետազոտությունները ցույց են տվել, որ կեղևի կինեսթետիկ բջիջները կարող են կապված լինել կեղևի բոլոր՝ արտաքին ազդեցությունների և օրգանիզմի բոլոր հնարավոր ներքին գործընթացների ներկայացուցչական բջիջների հետ։ Հենց սա էլ, ըստ պավլովյան ֆիզիոլոգիական դպրոցի, հանդիսանում է կամածին շարժումների ֆիզիոլոգիական հիմքը։ Լանգեն, ինչպես նաև խորհրդային շատ հոգեբաններ և ֆիզիոլոգներ, գտնում են, որ կամային գործողությունները հանդիսանում են օնտոգենեզի ընթացքում ձեռք բերված ռեակցիաներ։ Հոգեկան կյանքի այս բարդ գործընթացի վերլուծությունը, որը կոչում են կամք, կազմում է շատ բարդ և կարևոր խնդիր հոգեբանության մեջ։

Ֆունկցիոնալ համակարգեր և գործողությունների ու գործունեության կամածին ղեկավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունների և գործունեության ղեկավարման մանրամասն մեխանիզմ է դիտարկել Անոխինը։ Մարդու գործունեությունը բազմազան է ինչպես իմաստով և գործողություններով, անպես էլ պայմաններով, որոնցում ընթանում է։ Տարբեր են գործունեության նպատակները, խնդիրները և պայմանները, որոնք մարդու և նրա ֆունկցոնալ համակարգերի առաջ դնում են տարբեր պահանջներ։ Սա է պատճառը, որ գործունեության ծրագրի և պայմանների փոփոխության ժամանակ ֆունկցոնալ համակարգերը մասնակիորեն կամ ամբողջությամբ վերակազմակերպվում են, բայց ֆունկցիոնալ համակարգերի ընդհանուր արխիտեկտոնիկան և դրանց աշխատանքի ընդհանուր սկզբունքը մնում են նույնը։ Անոխինը տվել է ղեկավարման հստակ սխեմա, որը բաղկացած է 5 բլոկից՝

  1. Աֆերենտ սինթեզի բլոկ,
  2. Որոշման կայացման բլոկ,
  3. Գործողությունների և գործունեության պլանավորման բլոկ,
  4. Գործողության իրականացման և արդյունքի ստացման բլոկ,
  5. Հակադարձ կապի բլոկ, որը իրականացնում է կատարված արդյունքի և գործողության ակցեպտորի միջև համեմատություն։

Կամածին ղեկավարման մորֆոֆունկցիոնալ կառուցվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուրիան, ուսումնասիրելով գլխուղեղի լոկալ խանգարումներով հիվանդներին, հստակեցրել է կեղևային այն շրջանների կոնկրետ կազմը, որոնք մասնակցում են կամածին շարժողական ակտերի կազմակերպմանը։ Դրանց թվին են դասվում պրեմոտոր և պրեֆրոնտալ կեղևները, որոնց շնորհիվ իրականացվում է շարժումների կազմակերպումը ժամանակի մեջ, հետկենտրոնական գագաթային շրջանը, որն ապահովում է մաշկա-կինեսթետիկ աֆերենտացիայի վերլուծությունը, հետին ծոծրակային և գագաթ-ծոծրակային շրջանները, որոնք ապահովում են շարժումների տեսողական վերահսկումը՝ ստեղծելով շարժման տարածական կազմակերպումը։ Քունքային հատվածներն ապահովում են մասնակցում են խոսքի խոսքա-շարժողական ակտերին։

Կեղև-ողնուղեղային բրգային ուղի

Կամածին շարժման Էֆերենտ մեֆանիզմեներն են՝ բրգային և արտաբրգային համակարգերը։ Բրգային համակարգը ֆիլոգենետիկորեն ավելի նոր բաժին է, որի զարգացումը պայմանավորված է նախ և առաջ կամածին շարժումների իրականացմամբ։ Արտաբրգային համակարգն ավելի հին է, որն առավելապես պատասխանատու է տոնուսի կարգավորման համար՝ պայմանավորում է կարճաժամկետային շարժողական ակտերի իրականացումը։ Այս համակարգը ղեկավարում է կամածին շարժողական ակտերի ոչ կամածին բաղադրիչները, օրինակ՝ դիրքի, ֆիզիոլոգիական դողի, պանտոմիմիկայի, միմիկայի կարգավորումումը։ Այսպիսով, կամածին շարժողական ակտերն իրականաում են ինչպես կամածին, այնպես էլ ոչ կամածին ուղեղային մեխանիզմներով, որոնք կազմում են մեկ միասնական ֆունկցիոնալ համակարգ։ Այսպիսով, կամածին ղեկավարումն իրենից ներկայացնում է բարդ հոգեֆիզիոլոգիական գործընթաց, որն ընդգրկում է կեղևային մի շարք կառույցներ։