Վարդան Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Զաքարյան
Ծնվել է1908
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1977
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1936)
Մասնագիտությունշինարար
Պարգևներ և
մրցանակներ

Վարդան Սեդրակի Զաքարյան (1908, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շինարար, Հայկական ԽՍՀ վաստակավոր շինարար։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1908 թվականին, Վաղարշապատում՝ գյուղացու ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի հողաշինարարների մեկամյա դասընթացներ։ Հողագործության ժողովրդական կոմիսարիատի ղեկավարությամբ մի քանի տարի աշխատել է ողջ Հայաստանում՝ որպես տեխնիկ-հողաշինարար։ Հետագայում ընդունվել է շինարարական ինստիտուտ (այնուհետև վերանվանվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ)։ 1930 թվականից աշխատել է Ժողովրդական տան կառուցման նախագծի վրա։ 1936 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ 1931-1939 թվականներին Վարդան Զաքարյանը մասնակցել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շինարարությանը, որն ավարտվել է 1940 թվականին։ 1947 թվականին ձեռնամուխ է եղել պոլիվինիլացետատի արտադրության գործարանի կառուցմանը, որը դարձել է քիմիական նշանակալի գործարան Հայաստանում և ավարտվել է հինգ տարում։

1952 թվականին Զաքարյանը նշանակվել է ՀԽՍՀ սննդի արդյունաբերության նախարարության «Հայարդշին» տրեստի կառավարիչ, ղեկավարել է տարբեր գործարանների ու ֆաբրիկաների շինարարության աշխատանքները։ Աշխատանքային կարիերայի ընթացքում ղեկավարել է տասնյակ խոշոր օբյեկտների, այդ թվում՝ կոնյակի և գարեջրի գործարանների, գինու և պահածոների գործարանների, մսի կոմբինատի գործարանների, ծխախոտի ֆաբրիկայի, հանքային ջրերի արտադրության գործարանների և այլ կառույցների շինարարությունը Հայաստանում։

Վախճանվել է երկարատև հիվանդությունից հետո։ Թաղված է Երևանի կենտրոնական գերեզմանատանը[1]։

Օպերայի շենքի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Զաքարյանը համալսարանում սովորելու տարիներից սկսել է աշխատել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած օպերային թատրոնի կառուցման վրա։ Շինարարության ընթացքում նա սովորական տեխնիկից դարձել է գլխավոր ինժեներ և շինարարության կառավարիչի տեղակալ[2][3]։

Այլ շինարարական նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ԽՍՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը

Նրա ղեկավարությամբ «Հայարդշին» տրեստը կառուցել է՝

  • «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանը և ըմպելասրահը,
  • «Արզնի» գործարանը և «Մոխրագույն տուն Լեչկոմ» առողջարանը,
  • «Արարատ» կոնյակի գործարանը,
  • Երևանի գարեջրի գործարանը,
  • Ապակե տարաների գործարանը Բյուրեղավանում,
  • Գինու գործարանը,
  • Պահածոների գործարանը,
  • Ծխախոտի ֆաբրիկան,
  • Մսի կոմբինատը,
  • Ձկան կոմբինատը,
  • Ձեթ օճառի կոմբինատը,
  • Կաթի կոմբինատը,
  • Հացի գործարանը,
  • Պիոներական հանգստյան տուն Հանքավանում,
  • Հրուշակեղենի կոմբինատը,
  • Կարամելի կոմբինատը,
  • «Քիմռեակտիվ» գործարանը,
  • Վիտամինների գործարանը,
  • Թղթի և ստվարաթղթի ֆաբրիկան,
  • Հայելիների գործարանը,
  • Դաշնամուրի գործարանը,
  • Կահույքի գործարանը,
  • Մեխանիկական գործարանը,
  • «Զիգոմզերնո» գործարանը
  • «Համակցված կերերի» գործարանը,
  • «Պլաստիկ» գործարանը (1-ին բաժին),
  • «Մետաքսի» գործարանը (1-ին բաժին),
  • Աէրացիա կայանը Շենգավիթում,
  • Կինոթատրոն «Ուրարտու» (Ռոսիա

Բացի այդ, Զաքարյանի գլխավորությամբ Ա. Ս. Փիրուզյանի խնդրանքով սկսվել են «Պիշչևիկ» մարզադաշտի կառուցման աշխատանքները (շինարարության համար տարածքը մաքրվել և նախապատրաստվել է), սակայն Մոսկվայի ղեկավարությունը թույլ չի տվել շինարարությունը։ 1970-ականներին այդ նույն տեղում կառուցվել է «Հրազդան» մարզադաշտը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան՝ կապիտալ շինարարության գծով 7-ամյա պլանի հաջող կատարման համար, 1966,
  • ՀԽՍՀ վաստակավոր շինարար, 1970։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վարդազար Զաքարյան Սեդրակի». HUSH.AM - find your relatives (անգլերեն).
  2. ««Օպերա»` կենդանի պատմություն». mediamax.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 1-ին.
  3. «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի շինարարությունից «Արմենպրես»-ին բացառիկ լուսանկարներ են տրամադրել». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.