Jump to content

Սևան (հյուրանոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևան
Տեսակգոյություն չունեցող շենք կամ կառույց
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՎայրՇահումյանի անվան պուրակ
Հիմնադրված է1930
ՃարտարապետՆիկողայոս Բունիաթյան
Քանդվել է2000-ական թթ.

Սևան հյուրանոց, գոյություն չունեցող նախկին հյուրանոց։ Գտնվել է Երևանի Շահումյանի հրապարակում, Կիրովի այգու և Կոմայգու հարևանությամբ։ Կառուցվել է 1930-1939 թթ. Շահումյանի հրապարակում[1]։ Ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նշանակալից գործերից մեկն է։ Շահումյանի հրապարակում է գտնվում ճարտարապետի ստեղծած Գյուղատնտեսական բանկի շենքը[2]։ 2015 թվականից Սևան հյուրանոցի տեղում վեր է խոյանում կառավարական վարչական շենքերի համալիրը՝ Սպիտակ տունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոցը կառուցվել է 1930-1939 թվականներին։ Տեղակայված է եղել Երևանի Շահումյանի հրապարակում։ Շենքը մուտքեր է ունեցել Շահումյան և Մարքսի փողոցներից։ Շենքն ունեցել է չորս հարկ, կառուցման համար օգտագործվել է տուֆ և բազալտ։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո եղել է Երևանի առաջին հյուրանոցներից մեկը։ Շենքն ունեցել է անկյունային տեղադրում՝ երկու շքամուտքերով։ Առաջին հարկում եղել են խանութներ (ֆիլատելիայի խանութ, «Магазин книг соцстран» գրախանութ)։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սևան» հյուրանոցի շենքն ունեցել է Г-աձև տեսք, զբաղեցրել է հրապարակի արևմտյան և Մարքսի փողոցի մի հատվածը։ Ճարտարապետության մեջ օգտագործվել է նախագծման կոնստրուկտիվիստական գեղարվեստական սկզբունքներ։ Շենքի հատակագծի հետ տրամաբանորեն կապված տարածական-հորինվածքային լուծումը փոքր-ինչ բարդացված է ասիմետրիկ կառուցվածքով։ Այն ամբողջությամբ համապատասխանել է Շահումյան հրապարակին և ներդաշնակ է դիտվել հրապարակի այլ կառույցների հետ։ Քարակերտ շենքի ճակատներում համադրված են եղել Արթիկի սրբատաշ տուֆը և խոշոր տաշվածքի բազալտը։ Անկյունային տեղադրումը պայմանավորված է եղել թե՛ հրապարակի, թե՛ Մարքսի փողոցի համար ակտիվ քաղաքաշինական դերով։ Համաչափական և գեղարվեստական լուծմամբ հյուրանոցի շենքը ստեղծում է ճարտարապետական յուրատիպ միջավայր՝ հրապարակում գերիշխող թողնելով Ստեփան Շահումյանի հուշարձանը[3][4]։

Հրապարակի կողմից հյուրանոցի առաջին հերթի շինարարությունն ավարտվել է 1935 թվականին, երկրորդը՝ Մարքսի փողոցում՝ 1939 թվականին։ Կառուցվել է հին քաղաքի Աստաֆյան փողոցի ավանդական հյուրանոցային շարքի տեղում[3]։

Ներքին հարդարանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոցն ունեցել է միջանցքի շուրջ երկկողմ դասավորված համարներ՝ երկու, երեք տեղանոց և 10 տեղանոց հանրակացարանային համարներ։ Լյուքս սենյակները տեղավորված են եղել 4-րդ հարկում։ Հյուրանոցի ռեստորանը տեղակայված էր Մարքսի փողոցի թևում, որտեղից հյուրանոցն ուներ գլխավոր մուտք, որից աջ եղել է ռեստորանը, ձախ կողմում՝ սրճարանը[3]։

1970-ական թվականների վերջին «Սևան» հյուրանոցում բացվել է առաջին սաունան՝ կազմված երեք համարից, մուտքը հյուրանոցի ետևում գտնվող «Չարխի» բակի կողմից[3]։

«Սևան» հյուրանոցի ներքին հարդարանքներն իրականացրել է հայրենադարձ Մանուել Կապուտիկյանը։ Նա աշխատում էր Նիկողայոս Բունիաթյանի ղեկավարած Երևանի քաղխորհրդի ճարտարապետական արվեստանոցում։ Հյուրանոցի կառուցման ընթացքում Կապուտիկյանը հանգրվանել է հյուրանոցի թևի մի նեղլիկ սենյակում։ 1938 թվականին նա անհիմն մեղադրանքով ձերբակալվել է։

Շենքի քանդում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սևան» հյուրանոցը մրցույթով մասնավորեցվել է 1995 թվականի դեկտեմբերի 9-ին և դարձել «Կարուսել Իսթաբլիշմենթ» ընկերության սեփականություն` ի դեմս բրիտանահայ գործարար, անգլիաբնակ Վաչե Մանուկյանի։ Հյուրանոցն ընդգրկված է եղել Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում[3]։ Սակայն 2000 թվականին Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների կոմպլեքսային պահպանման և օգտագործման նախագիծը, որի մեջ ներառված է եղել 871 հուշարձան, ուժը կորցրած է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի կողմից[3]։ Նախագծում ներառված բոլոր հուշարձանները ստացել են հասարակ շինությունների կարգավիճակ, ինչը թույլ է տվել քանդել որոշ հուշարձաններ։ 2004 թվականին Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը շենքի անկայուն սեյսմիկ վիճակի պատճառով շենքը քանդելու թույլտվություն է տվել[3]։

Այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ տուն

Սևան հյուրանոցի սահմանագծից մինչև ՀՀ Գլխավոր դատախազության շենք և Վազգեն Սարգսյան փողոցից մինչև Զաքյան փողոցի հատվածը տեղակայված է Սպիտակ տուն անվանմամբ կառավարական վարչական շենքերի համալիրը։

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երբ «Սևան» հյուրանոցը դեռ շահագործման չէր հանձնվել, դրա առջև տեղի են ունեցել հրշեջ ջոկատների վարժանքները[3]։
  • 1948 թվականից մինչև 1950-ականների կեսերը, հյուրանոցի առջև տեղադրված է եղել պարաշուտների աշտարակը[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В. Арутюнян, А. Меликян, М. Асратян, Ереван, М. Стройиздат, 1968, с. 178-179.
  • Л. Долуханян, Архитектура Советской Армении 20-е годы ХХ века, Е., 1980.[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սևան» հյուրանոցի անձանգիր
  2. Լոլա Դոլուխանյանի «Նիկողայոս Բունիաթյան» (Երևան 1990 թ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Սևան հյուրանոց ` (ան)կենդանի պատմություն
  4. ՄեդիաՄաքս մեդիա ընկերություն, Երևան, XX դար, Երևան, «ՄեդիաՄաքս մեդիա ընկերություն», 2012, էջ 24 — 174 էջ, ISBN 978-99941-2-759-7։
  5. Долуханян, Л.К., Архитектура Советской Армении 20-е годы ХХ века

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի գլխավոր ճարտարապետը պարզաբանել է կիսակառույց և անավարտ շինություններին առնչվող խնդիրները