Սրբազան դաշինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սրբազան դաշինք, եվրոպական միապետների դաշինք, ստեղծվել է Նապոլեոնի կայսրության անկումից հետո, հեղափոխական և ազգային ազատագրական շարժման դեմ պայքարելու, Վիեննայի կոնգրեսի որոշումների անսասանելիությունն ապահովելու համար։ Ստորագրել են ռուս կայսր Ալեքսանդր I, ավստրիացի կայսր Ֆրանց I և պրուս. թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ III, 1815 թ.-ի սեպտեմբերի 26-ին՝ Փարիզում։ 1815 թվականի նոյեմբերի 19-ին Սրբազան դաշինքին միացել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XVIII, ապա՝ եվրոպական միապետների մեծ մասը։ Թեև Մեծ Բրիտանիան չի մտել Սրբազան դաշինքի մեջ, սակայն մի շարք հարցերում աջակցել է նրա քաղաքականությանը և մասնակցել Սրբազան դաշինքի կոնգրեսներին։ Կայացել է Սրբազան դաշինքի չորս կոնգրես՝ Ախենում (1818 թ.), Տրոպպաուում (1820 թ.), Լայբախում (1821 թ.), Վերոնայում (1822 թ.)։ Սրբազան դաշինքում առաջատար դեր էին խաղում ավստրացի կանցլեր Մետեռնիխը և ռուս կայսր Ալեքսանդր I։ Սրբազան դաշինքի թույլտվությամբ ավստրական զորքերը ճնշեցին Նեապոլի 1820-1821 թթ. և Պիեմոնտի 1821 թ.-ի հեղափոխությունները, 1823 թ.-ին ֆրանսիական բանակը ներխուժեց Իսպանիա և վերականգնեց բացարձակ միապետությունը։ Սրբազան դաշինքը դատապարտեց հույների 1821 թ.-ին սկսած ապստամբությունը թուրքական լծի դեմ։ Եվրոպական տերությունների միջև եղած հակասությունները, զարգացող հեղափոխական և ազգային ազատագրական շարժումը (1825 թվականի դեկաբրիստների ապստամբությունը Ռուսաստանում, 1830 թ.-ի հեղափոխությունները Ֆրանսիայում և Բելգիայում, 1830-1831 թթ.-ի լեհական ապստամբությունը) սասանեցին Սրբազան դաշինքը և 1820-ական թթ․ վերջին 1830-ական թթ․ սկզբին, փաստորեն, այն կազմալուծվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։