Ստորգետնյա կառույցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ստորգետնյա կառույցներ, երկրի խորքում տեղադրված կառույցներ։ Ստորգետնյա կառույցների շինարարությունը մեծ թափով առաջ է տարվում արդյունաբերական զարգացած երկրներում, որը բացատրվում է վերգետնյա կառույցների համեմատությամբ ստորգետնյա կառույցների շահավետությամբ, տեխնիկական կամ արտադրական անհրաժեշտությամբ, քաղաքաշինության պայմաններով, ռազմական նկատառումներով և այլն։

Դերը և նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի ստորգետնյա կառույցներից մեկը

Կառույցների ստորգետնյա տեղադրումը նպատակահարմար է անբարենպաստ կլիմայական պայմաններ (օդի ջերմաստիճանի կտրուկ անկում, փոթորկալից քամիներ, երկարատև տեղատարափ անձրևներ, հեղեղներ), տեղանքի կտրուկ ռելիեֆ ունեցող շրջաններում։ Ստորգետնյա կառույցների շինարարությունը զգալի զարգացում է ստացել լեռնահանքային արդյունաբերության մեջ։ Ըստ նշանակման ստորգետնյա կառույցները պայմանականորեն ստորաբաժանվում են մի քանի հիմնական խմբերի.

  • տրանսպորտային և հիդրոտեխնիկական թունելներ,
  • մետրոպոլիտենի կառույցներ,
  • էլեկտրակայաններ(գլխավորապես հէկեր),
  • բազային պահեստներ և սառնարաններ,
  • քաղաքային տնտեսության օբյեկտներ(հետիոտների անցումներ, ավտոտնակներ, կոլեկտորներ և այլն),
  • խմելու ջրի ռեզերվուարներ,
  • նավթամբարներ և [[գազամբարներ,
  • թունավոր արտադրական թափոնները թաղելու տարողություններ,
  • արդյունաբերական ձեռնարկություններ,
  • բուժական հիմնարկներ,
  • ռազմական օբյեկտներ։

Հատուկ խումբ են կազմում հանքափողամերձ բակում տեղավորված (էլեկտրաենթակայան, ջրհան կայան, բուժկետ և այլն) կամ մաքրման հանքախորշերի հետ վերգետնյա կառույցների տրանսպորտային կապի համար նախատեսված ստորգետնյա կառույցներ։ Բազային ստորգետնյա պահեստները շահութաբեր են լեռնային հանքափորվածքները հարմարեցնելու հնարավորության, ստորգետնյա շինություններում խոնավության և շրջապատող միջավայրի ջերմաստիճանի կայունության, հրդեհանվտանգության, վերգետնյա տարածություն տնտեսելու, պահպանելու հարմարավետության շնորհիվ։ Տարբերում են ակտիվ (կանոնավոր իրականացվող պահեստավորում, երբ ամեն օր մշակվում են մեծ քանակությամբ մթերքներ ու նյութեր, և որի համար անհրաժեշտ են լավ պլանավորված, նշանակալի չափերով բեռնաթափման և բեռնման հրապարակներ ու պահեստների երկաթուղային հաղորդակցման անմիջական կապ) և պասիվ (նպատակահարմար է օգտագործել վերջնական մշակված, հանքահորերի հանքափորվածքները, որոնց հետ կապն իրականացվում է ուղղաձիգ հանքափողերի միջոցով) պահեստավորման ստորգետնյա պահեստներ։ Քաղաքների ստորգետնյա տարածությունը արագ յուրացվում է։ Խոշոր քաղաքների ստորգետնյա տարածության կոմպլեքսային վերակառուցումը հնարավորություն է տալիս ռացիոնալ օգտագործել վերգետնյա տարածքը, նպաստում է բնակչության տրանսպորտային սպասարկման կարգավորմանը, ճանապարհային երթևեկության անվտանգությանը, նվազեցնում է փողոցի աղմուկը և ավտոմոբիլների արտանետած գազերով օդի կեղտոտումը, օժանդակում է քաղաքային միջավայրի գեղարվեստա-գեղագիտական որակի բարձրացմանը։ Քաղաքային ստորգետնյա կառույցները պայմանականորեն կարելի է միավորել մի շարք խմբերում, ինժեներա-տրանսպորտային (հետիոտների և տրանսպորտի թունելներ, ավտոմոբիլների կայանատեղեր և ավտոտնակներ, կայարանների շինություններ), սպասարկման ոլորտի (խանութներ, սրճարաններ, կինոթատրոններ, ցուցահանդեսներ, գրապահոցներ, արխիվներ, սառնարաններ, բանջարեղենի պահեստարաններ, ավտոմատ հեռախոսակայաններ և այլն),արդյունաբերական նշանակման և էներգետիկայի (առանձին արտադրամասեր, լաբորատորիաներ, կաթսայատներ, ջերմակայաններ և այլն), ինժեներական ցանցեր և կառույցներ (գազամուղներ և խողովակամուղներ, բոյլերային, կալորիֆերային, տրանսֆոր-մատորային ու գազաբաշխիչ կայաններ և այլն), քաղաքացիական պաշտպանության։

Քաղաքային ստորգետնյա տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային ստորգետնյա տնտեսություն՝ ստեղծված հետիոտների համար

Քաղաքային ստորգետնյա տնտեսության մեջ հատուկ տեղ են գրավում ավտոտնակները (հաճախ բազմահարկ)։ Նավթամթերքների, բնական գազի, խմելու ջրի ստորգետնյա պահեստարանները վերգետնյա պահեստարաններից տարբերվում են տարողության մեծ մասշտաբներով։ Ստորգետնյա ռեզերվուարների կոնստրուկցիաները պատրաստվում են բետոնից, երկաթբետոնից, մետաղից։ Նավթի և այլ այրվող նյութերի ստորգետնյա պահման դեպքում գոլորշիացման նվազումից առաջացած տնտեսումը կարճ ժամանակամիջոցում արդարացնում է ռեզերվուարների շինարարության լրացուցիչ ծախսերը։ Ստորգետնյա պահեստարանները առավել արդյունավետ են վերամշակման համար անպետք արդյունաբերական վնասակար թափոններ (ատոմային, քիմիական, մետալուրգիական և այլ արտադրություններ) թաղելու համար։

Ստորգետնյա արդյունաբերական օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավթարդյունաբերական կենտրոն

Ստորգետնյա արդյունաբերական օբյեկտները (օրինակ, պոմպակայաններ և կոմպրեսորակայաններ, դոմնային վառարանների հորեր, մարտենյան վառարանների ոեգեներատորների սուզարկղեր և այլն) կառուցվում են ոչ մեծ խորություններում։ Առավել խոր տեղադրված ստորգետնյա գործարանների (արտասահմանում սկսել են կառուցել 1930-ական թվականներին) շինարարությունը լայն թափ է ստացել երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) տարիներին։ Ստորգետնյա բուժական հիմնարկները տեղադրվում են վերջնական մշակված հանքահորերում, գլխավորապես աղի։ Սեծ լայնական հատվածքով հանքափորվածքները հարմարեցվում են հիվանդասենյակների, բուժական սենյակների համար։ Ստորգետնյա բժշկական հիմնարկների նպատակահարմարությունը պայմանավորված է օդի ճնշման, խոնավության և ջերմաստիճանի կայունությամբ, մանրէային ֆլորայի, արևային ճառագայթման, աղմուկի, բնական ինհալացիայի (քիմիական տարրերով միջավայրի հագեցվածության շնորհիվ) բացակայությամբ, մագնիսական դաշտի սահմանափակ ներգործությամբ։ Ստորգետնյա կառույցների շինարարության եղանակի ընտրությունը հիմնականում կախված է օբյեկտի տեղադրման խորությունից և նշանակումից, շինարարական տեղամասի լեռնատեխնիկական պայմաններից։ Ոչ խորը ստորգետնյա կառույցները կառուցում են բաց, իսկ խոր ստորգետնյա կառույցները փակ (ստորգետնյա) եղանակով։ Ստորգետնյա կառույցների շինարարությունը կարող է իրականացվել հորատապայթեցման աշխատանքների, մեքենայացված համալիրների (հանքային կոմբայններ, հորատանցման վահաններ), հորատանցման մեթոդների (ստորգետնյա ալկալիացում, գրունտի պայթյունային խտացում) օգնությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 147 CC-BY-SA-icon-80x15.png