Ստեփանոս Չմշկածագեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանոս Չմշկածագեցի
ԾննդավայրՉմշկածագ
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն

Ստեփանոս Չմշկածագեցի, ծնվել է 15-րդ դարի առաջին կեսին, Ծոփքի Չմշկածագ (Հիերոպոլիս) քաղաքում։ Միջնադարի գրիչ, հիշատակագիր-բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի չէ, թե որ թվականին է մտել Ավագի վանք։ Այստեղ նա աշակերտել է Հովհաննես Համշենցուն, որը նշանավոր մանկավարժ էր։ 1463 թվականին Չմշկածագեցին արդեն աբեղա էր։ Վանքում նա զբաղվել է գրչությամբ։

1463 թվականին նա ընդօրինակել է Գրիգոր Աստվածաբանի «Առ որս» կոչված ճառերը։ 1464 թվականին ան ավարտել է երկու ձեռագիր, առաջինը մի ժողովածու, երկրորդը Դիոնիսիոս Արիոպագացու «Գրութիւնքը»։ Չմշկածագեցու գրչությամբ հայտնի մյուս թվակիր ձեռագիրը Ներսես Շնորհալու «Մեկնութիւն Աւետարանին Մատթէոսի» գործն է՝ ընդօրինակված Ավագ վանքում,1486 թվականին։

Լ. Ս. Խաչիկյանը Չմշկածագեցուն է վերագրել նաև Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի № 1193 ձեռագիր տաղարանը՝ ընդօրինակված 1476 թվականին։ Հավանաբար նա է գաղափարել նաև Մատենադարանի № 1766 ձեռագիր ժողովածուն, որը օրինակված է 15-րդ դարում, Ավագ վանքում, Ստեփանոս գրչի կողմից։

Ստեփանոս Չմշկածագեցու գրական ժառանգությունը նրա հիշատակարան-հիաշատակագրություններն են, որոնց մեջ կան նաև չափածոներ։ Նա խնդրել է ընթերցողներին ներողամիտ լինել վրիպակների համար, իրենց աղոթքների մեջ հիշել նաև գրչին, աղաչել է լավ պահպանել ձեռագիր գրքերը։

Չմշկածագեցուն է վերագրվում նաև Տաղարանի չափածո հիաշատակարանը։ Այն պատմական ողբ-հիաշատակարն է, որը մեզ է հասել ոչ ամբողջական վիճակով։ Այնտեղ վերարտադրված է 15-րդ դարի 70-ական թվականների հայ իրականությունը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Գ. Բախչինյան «Հիշատակագիր-բանաստեղծը» (Ստեփանոս Չմշկածագեցի), պատմաբանասիրական հանդես № 1, 1975, էջ 139-144