Ստեփանակերտի գրադարաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արցախում գործող մշակութալուսավորության հիմնարկների համակարգը ներառում է 10 թանգարան, 230 հանրային և մանկական, գրադարաններ, 237 ակումբ և մշակույթի տուն։

Գրադարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ առաջին ընթերցարանը բացվել է 1865 թվականին Շուշիում։ Գրադարանների թիվը կտրուկ ավելացել է 1920-ական թվականների սկզբներին։ 1924 թվականին բացվել է մարզի ամենախոշոր՝ Ստեփանակերտի մարզային գրադարանը, խրճիթ-ընթերցարաններ են բացվել ճարտար, Բալուջա և այլ գյուղերում։ 1940 թվականին մարզում կար 66, իսկ 1985 թվականին՝ 231 գրադարան (գրքային ֆոնդը՝ 1,6 մլն)։

ԼՂՀ-ում ներկայումս գործում են Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական և Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական, Մուրացանի անվան քաղաքային գրադարանները (երեքն էլ՝ Ստեփանակերտում), ինչպես նաև շրջանային գրադարաններ՝ ԼՂՀ 7 շրջկենտրոններում։ Կան նաև դպրոցական, բուհական, և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների գրադարաններ։

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանը ստեղծվել է 1924 թվականին։ Նախապես կոչվել է ռուս գրող Մաքսիմ Գորկու անվան, գրքային ֆոնդը՝ 2,1 հազար միավոր, որը գրադարանին նվիրել էին Մոսկվայում սովորող ղարաբաղցի ուսանողներն ու տեղացի ընթերցողները։ Ներկայումս գրադարանի ֆոնդը ներառում է 175,2 հազար գրքային միավոր, ընթերցողների թիվը՝ 5,2 հազար։ 1960 թվականին ստեղծվել է գրադարանի մատենագիտական բաժինը, որն ունի հարուստ տեղեկատու գրականություն, հանրագիտարաններ ու բառարաններ, հետագայում ստեղծվել են նաև երկրագիտական ֆոնդ ու քարտարաններ,Արցախյան ազատամարտին նվիրված թեմատիկ քարտարան։ Գրադարանը հանրապետության գրադարանների մեթոդական կենտրոնն է։

Հովհաննես Թումանյանի անվան գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանը բացվել է 1947 թվականին Ստեփանակերտում։1965 թվականին գրադարանին տրվել է մարզային մանկական գրադարանի կարգավիճակ և կոչվել Հովհաննես Թումանյանի անվան։ Սկզբնական շրջանում գրքային ֆոնդը 50 հազար միավոր էր, 1988 թվականին՝ 120 հազար միավոր։ 1992 թվականին գրադարանի շենքը ռմբակոծությունից փլվել է, գրքային ֆոնդի 70 հզ միավոր ոչնչացել։ Ներկայումս գրադարանը տեղավորված է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի առաջին հարկում, գրքային ֆոնդը 46,7 հազար միավոր է, ընթերցողների թիվը՝ 7,6 հազար, ունի 42 շրջիկ կետեր, սպասարկման, համալրման և մշակման բաժիններ։ Գրադարանը հանրապետության բոլոր դպրոցական, գրադարանների համար մեթոդական կենտրոն է։

Մուրացանի անվան գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրացանի անվան քաղաքային գրադարանը բացվել է 1965 թվականին Ստեփանակերտի Բոգդան Կնունյանցի անվան զբոսայգում՝ որպես Մաքսիմ Գորկու անվան մարզային գրադարանի մասնաճյուղ։ Հետագայում գրքային ֆոնդը համալրվել է, իսկ գրադարանը կոչվել է Մուրացանի անվան։1981 թվականին Ստեփանակերտի տարբեր թաղամասերում բացվել են գրադարանի 6 մասնաճյուղեր, ստեղծվել է կենտրոնացված գրադարանային համակարգ, որը վերացվել է 1996 թվականին՝ մասնաճյուղ գրադարանների լուծարումով (պահպանվել է միայն Հայրենական մեծ պատերազմի վետերանների ակումբին կից գրադարանը)։

Մինչև Արցախյան ազատամարտը 1991 թվականին գրադարանի գրքային ֆոնդը 110 հազար միավոր էր. պատերազմի ժամանակ մեծ մասը ռմբակոծությունից ոչնչացել է։ Ներկայումս ունի 56,5 հազար միավոր գիրք, ընթերցողների թիվը՝ 3,2։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։