Ստենոբիոնտ օրգանիզմներ
Ստենոբիոնտ օրգանիզմներ, ստենոբիոնտներ, բույսեր և կենդանիներ, որոնք ընդունակ են ապրելու միայն շրջապատող միջավայրի համեմատաբար կայուն պայմաններում (ջերմաստիճան, աղայնություն, խոնավություն, ճնշում, որոշակի սննդի առկայություն)։ Որոշ օրգանիզմների ստենոբիոնտությունը կարող է պայմանավորված լինել արտաքին միջավայրի որևէ մեկ գործոնով (օրինակ, սննդի բնույթով)։ Հարավ-ամերիկյան առանձին կոլիբրիներ սնվում են որոշակի տեսակի բույսերի նեկտարով և դրանց տարածման շրջանը սահմանափակվում է տվյալ բույսերի նեղ նեկտարով։ Ավստրալիական պարկավոր կոալա արջը ապրում է նվենու միայն այն տեսակների վրա, որոնց տերևներով ինքը սնվում է։ Մի շարք ստենոբիոնտ օրգանիզմի գոյության հնարավորությունը և տարածվածությունը սահմանափակվում են մի քանի գործոններով, օրինակ, որոշ խորջրյա ձկներ ապրում են 6-7 կմ խորություններում, որտեղ լույսը լրիվ բացակայում է, ջրի ճնշումը 600-700 մթն է, աղայնությունը և ջերմաստիճանը կայուն են։ Ստենոբիոնտի օրգանիզմներին են պատկանում նաև շատ մակաբույծներ և սիմբիոնտներ, որոնք կարող են գոյություն ունենալ միայն որոշակի տեսակների ներկայացուցիչների հետ համատեղ։ Ստենոբիոնտ օրգանիզմները հակադրվում են էվրիբիոնտ օրգանիզմներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 120)։ |