Jump to content

Կախարդը (ֆիլմ, 1906)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կախարդը
ֆր.՝ La Fée Carabosse ou le Poignard fatal
ԵրկիրՖրանսիա
Ժանրհամր կինո
Թվական1906
ՌեժիսորԺորժ Մելիես
Սցենարի հեղինակԺորժ Մելիես
ԴերակատարներԺորժ Մելիես
ԿինոընկերությունStar Film Company
Տևողություն12 րոպե[1]

Կախարդը (ֆր.՝ La Fée Carabosse ou le Poignard fatal, բառացի՝ «Փերի Կարաբոսը կամ Ճակատագրական Պույանարը») Ժորժ Մելիեսի 1906 թվականի ֆրանսիական կարճամետրաժ համր ֆիլմն է։ Ֆիլմը անվանվել է կախարդ Կարաբոսի պատվին, ով ասում է մի աղքատ տրուբադուրի, որ նրան վիճակված է փրկել դժբախտության մեջ ընկած աղջկան, սակայն կախարդական հմայիլի համար, որը կօգնի տրուբադուրին իր որոնումներում, բարձր գին է պահանջում: Երբ տրուբադուրը խաբում է կախարդական հմայիլը ձեռք բերելու համար, վհուկը սկսում է հետապնդել նրան և ճանապարհին զանազան խոչընդոտներ է ստեղծում, նախքան բարի ուժերի վերջնական հաղթանակը:

Ֆիլմը, որը ոգեշնչված է բրետոնական բանահյուսությունից, համատեղում է Կարաբոսի ավանդական կերպարը, որն առաջին անգամ ստեղծվել է 17-րդ դարի գրական հեքիաթում Մադամ դ'Օլնուայի կողմից, այլ կախարդական և լեգենդար տարրերի բազմազանությամբ, ներառյալ ուրվականները, դրուիդները և հրեշավոր գազաններ։ Այն պատվիրվել է Grands Magasins Dufayel հանրախանութի կողմից, որպեսզի երեխաները դիտեն, մինչ նրանց ծնողները գնումներ են կատարել: Մելիեսը նկարահանել է շքեղ, հատուկ էֆեկտներով բեմադրված ֆիլմ՝ փերիային ավանդույթներին համաձայն, հնարավոր է հենց ինքն էլ նկարհանվել է դրանում: Ֆիլմը պահպանվել է. պատմաբանները մատնանշում են ֆիլմի տպավորիչ հատկությունները, հեքիաթային տեսարանները և այն երկիմաստ հարցը, թե արդյոք Կարաբոսի պարտությունը բարոյապես արդարացված է ֆիլմի աշխարհում:

Սյուժե

Ֆիլմի պահպանված տպագրությունը

Նշում․ Քանի որ ֆիլմը համր է և չունի ենթագրեր, ստորև բերված ամփոփագրում որոշ անուններ և մանրամասներ վերցված են Մելիեսի ամերիկյան կատալոգում ներկայացված ֆիլմի նկարագրությունից[2]։

Լոթարը՝ աղքատ տրուբադուրը, վերջինը քաջարի ասպետների շարքից, այցելում է կախարդ Կարաբոսին՝ պարզելու, թե ինչ է սպասվում իրեն ապագայում: Կախարդն ասում է նրան, որ նա կփրկի և կսիրվի նեղության մեջ գտնվող մի աղջկա կողմից, որը ներկայումս փակված է զնդանում հոր կողմից, ժառանգությունը զավթելու նպատակով: Կարաբոսը կախարդանքով ստեղծում է աղջկա դիմանկարը, որպեսզի Լոթարը ճանաչի նրան: Լոթարը խնդրում է հմայական խոսք, որը կօգնի նրան փրկել աղջկան: Վհուկն առաջարկում է կախարդական չորստերևանի երեքնուկ, բայց դրա համար թանկ գին է պահանջում: Լոթարը, փող չունենալով, խաբում է կախարդին՝ տալով նրան ավազով լցված փողի քսակ և շտապ հեռանում է՝ իր որոնումները սկսելու։ Կարաբոսը, բացահայտելով, թե ինչպես է Լոթարը խաբել իրեն, զայրանում է: Նա երդվում է վրեժ լուծել և ուղևորվում է տրուբադուրի ետևից։ Որպես զենք իր համար նա ընտրում է կախարդված դաշույնը, որը կարողանում է թռչել և կրակ ժայթել։ Հետապնդումը սկսվում է.

Լոթարը փորձում է փախչել Կարաբոսից՝ նրա վրա քարերի կույտեր թափելով, բայց դրանք չեն կարողանում դիմադրել վհուկի կախարդական ուժերին, և նա շարունակում է հետապնդումը՝ թռչելով ցախավելի վրա: Անցնելով հին դրուիդների կողմից կառուցված սուրբ մոնոլիտների դաշտը, Լոթարը հասնում է գերեզմանոց: Նա շրջապատված է ուրվականներով, բայց նրանցից ազատվում է չորստերևանի երեքնուկի օգնությամբ: Նա հասնում է բանտարկված աղջկա ամրոցին և հայտնաբերում է, որ այն հսկվում է հրեշների կողմից՝ հսկա դոդոշ և բու, կրակ արտաշնչող վիշապ և զանազան օձեր: Լոթարին պատրաստվում է ուտել, երբ մոտակայքում գտնվող հին զոհասեղանի ավերակների վրա դրուիդ է հայտնվում: Նա սրբազան մղամուճի մի կտոր է տալիս տրուբադուրին, որի օգտագործությամբ վերջինս ընտելացնում է կենդանիներին։ Լոթարը շարունակում է իր ճամփան դեպի ամրոց, որտեղ ուրվական ասպետը նրան խաչակրաց արշավանքների ժամանակ օգտագործված օծված սուր է նվիրում: Լոթարը, այն ատամներով պահելով, բարձրանում է ամրոցի պատերով դեպի աղջկա բանտախուցը, մինչ դրուիդը հետ է պահում հետապնդող կախարդին:

Վերջապես նա հասնում է աղջկան, արձակում նրա շղթաները և հարմար ծեծող խոյով բացում խցի դուռը: Տրուբադուրն ու աղջիկը փախչում են հենց այն պահին, երբ Կարաբոսը հասնում է պատուհանին, և զայրացած թռչելով ցախավելի վրա՝ ամպրոպ է ստեղծում: Նա հասնում է փախչող զույգին լճի ժայռերի վրա և հարձակվում նրանց վրա իր կախարդական դաշույնով: Նա համարյա հաղթանակ է տանել, երբ կրկին հայտնվում է դրուիդ-քուրմը, հարձակվում է Կարաբոսի վրա իր սեփական ցախավելով և գցում է նրան լիճը: Նրա օգնականններից մեկը՝ թզուկը, փորձում է կացնով սպանել դրուիդին, բայց նա թզուկի վրա ուղղում դաշույնը և հաղթում նրան։ Զույգը, վերջապես, ապահով է, օրհնություն է ստանում դրուիդից և հավերժական սիրո երդում է տալիս:

Արտադրություն

Դուֆայելի մեծ խանութը, մոտ 1904 թ․

Այս ֆիլմը Դուֆայելի մեծ հանրախանութի պատվերով[3] Մելիեսի ստեղծած ֆիլմերից մեկն է, որը ցուցադրվում էր հանրախանութում երեխաների, մինչ նրանց ծնողները գնումներ էին կատարում[4]։ Դուֆայելի ցուցադրություններն ուղեկցվում էին զանազան ձայնային էֆեկտներով, երաժշտությամբ և խոսակցական մեկնաբանություններով։ Դրանք այնքան հաջողված էին, որ, ըստ մի հիշողության, երեխաները միշտ բողոքում էին, երբ ծնողները գալիս էին նրանց տանելու[3]։

Համաձյան գովազդի՝ ֆիլմը ոգեշնչված էր բրետոնական բանահյուսությունից[5], նախաարտադրական էսքիզները ցույց են տալիս, որ Մելիեսն ի սկզբանե ծրագրել էր այն անվանել «Ճակատագրական արքայադուստրը» («La Princesse Fatale»)[4]։ Կախարդ Կարաբոսը, ում պատվին վերջապես անվանվեց ֆիլմը, եղել է ֆրանսիական հեքիաթների կենտրոնական կերպարը մադամ դ'Օլնուայի կողմից «Արքայադուստր Մեյբլոսոմը» պատմվածքում հայտնվելուց ի վեր։ Կարաբոսը, հանդես գալով որպես չար փերի-կնքամայր, հայտնի է Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» բալետային տարբերակում[6]:

Ֆիլմում հատուկ էֆեկտներն իրականացվել են բեմական մեխանիզմների, հորիզոնական պտտվող դեկորացիաների, պիրոտեխնիկայի, փոխարինող միաձուլման, բազմաթիվ էքսպոզիցիաների և տարրալուծումների միջոցով: Վերնագրի տառերի ոճը, կարծես ոգեշնչված գոթական արվեստից, օգտագործվել է նաև նույն թվականին Մելիեսի «Թափառաշրջիկն ու ներքնակ պատրաստողները» (ֆր․ La Cardeuse de matelas) և «Օճառի պղպջակները» (ֆր․ Les Bulles de savon animées) ֆիլմերում[4]: Դերասանները նշված չեն տիտրերում, սակայն կինոյի պատմաբան Ժորժ Սադուլը կարծում է, որ Մելիեսն ինքը ֆիլմում նկարահանվել է կախարդ Կարաբոսի դերում[5]:

Թեմաներ

Մշակույթի պատմաբան Ռիչարդ Աբելը գտնում է, որ «Կախարդը» համապատասխանում է Մելիեսի այլ տպավորիչ կախարդական ֆիլմերին՝ ընդգծելով «Փերիների թագավորությունը» (1903 թ.) հետ նմանությունը: Աբելը ֆիլմը դնում է «ատրակցիոնների կինո» կոչված գեղարվեստական ​​ավանդույթի մեջ, նշելով ֆիլմի գրավչության համար ձեռքով ներկելու կարևորությունը և մատնանշելով, որ պատմության ենթադրյալ վերջաբանը, աղջկան փրկելը, «թվում է մակերեսային»՝ համեմատած հրեշների դեմ պայքարի հետ[7]:

Մշակույթի պատմաբան Ջեք Զայփսը նույնպես ֆիլմը դիտում է որպես «հեքիաթային մոտիվների խառնուրդ, համակցված փերիների մասին պատմությունների տիպիկ կառուցվածքի հետ»: Զայփսը, գովաբանելով Մելիեսի խաղը Կարաբոսի դերում, նշում է, որ խաբվելուց հետո նրա անկումը սովորական հեքիաթային տրամաբանության հակադարձումն է և հիմնավորվում է հիմնականում կրոնական մոտիվների ընդգրկմամբ, որոնք պետք է հաղթեն «չարի մութ ուժերին»: Զայփսը եզրակացնում է, որ «ուրվականների, դրուիդի, ասպետի, հրեշների և սողունների հայտնվելը ենթադրում են, որ հանդիսատեսը կժպտա և կխորհի, թե արդյոք էկրանի աբսուրդները հնարավոր է այդքան հեշտությամբ հաղթահարել, ինչպես թվում է»[6]:

Թողարկում

Մելիեսի դիզայնը գերեզմանոցի հավաքածուի համար

«Կախարդ»-ը վաճառվել է Մելիեսի Star Film Company-ի կողմից և կատալոգներում համարակալված է 877–887 համարների տակ, որտեղ այն գովազդվել է որպես grande légende fantastique bretonne en 20 tableaux («մեծ ֆանտաստիկ բրետոնական լեգենդ քսան ֆոտոնկարերում»)[5]: Ֆիլմը վաճառվում էր 820 ֆուտ երկարությամբ մեկ կինոժապավենով, որը Մելիեսի նախընտրած կադրերի արագությամբ տալիս է մոտ տասնհինգ րոպե տևողություն[2]: Ֆիլմը հասանելի էր և՛ սև ու սպիտակ, և՛ ձեռքի գույնի տարբերակով, որը վաճառվում էր ավելի բարձր գնով; Ֆիլմի տասներկու գովազդային կադրերի հավաքածուն նույնպես հասանելի էր առանձին[2]:

«Կախարդ»-ի ձեռքի գունավոր նիտրատային ֆիլմը պահպանվել է Cinémathèque Française- ում[8]: Կինոպահպանման մասնագետ Դեյվիդ Շեպարդի վերականգնումը թողարկվել է տնային տեսահոլովակով 2008 թվականին՝ Էրիկ Բեհեյմի երաժշտական ​​պարտիտուրով՝ որպես Մելիեսի հավաքածուի մաս[9]: Նոր 8K թվայնացում և 4K վերականգնում նախաձեռնել է Cinémathèque-ը 2020 թվականին, և պրեմիերան կայացել է նույն տարվա օգոստոսին Il Cinema Ritrovato կինոփառատոնում[8]:

Հղումներ

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Méliès, Georges (1905), Complete Catalogue of Genuine and Original "Star" Films, New York: Geo. Méliès, էջեր 113–118, doi:10.7282/T3CR5TJ3
  3. 3,0 3,1 Barnier, Martin (2014), «Le son féerique de Méliès», in Malthête, Jacques; Gaudreault, André; Le Forestier, Laurent (eds.), Méliès, carrefour des attractions; suivi de Correspondances de Georges Méliès (1904-1937), Rennes: Presses universitaires de Rennes, էջեր 73–83 (here 80–81)
  4. 4,0 4,1 4,2 Essai de reconstitution du catalogue français de la Star-Film; suivi d'une analyse catalographique des films de Georges Méliès recensés en France, Bois d'Arcy: Service des archives du film du Centre national de la cinématographie, 1981, էջ 267, ISBN 2903053073
  5. 5,0 5,1 5,2 Malthête, Jacques; Mannoni, Laurent (2008), L'oeuvre de Georges Méliès, Paris: Éditions de La Martinière, էջ 204, ISBN 9782732437323
  6. 6,0 6,1 Zipes, Jack (2010), The Enchanted Screen: The Unknown History of Fairy-Tale Films, New York: Routledge, էջեր 41–43, ISBN 9781135853952
  7. Abel, Richard (1998), The Ciné Goes to Town: French Cinema, 1896–1914, Berkeley: University of California Press, էջ 158, ISBN 9780520912915
  8. 8,0 8,1 Pichard, Hervé (2020), «La Fée Carabosse ou le Poignard fatal», Il Cinema Ritrovato, Cineteca di Bologna
  9. Méliès, Georges (2008), Georges Méliès: First Wizard of Cinema (DVD; short film collection), Los Angeles: Flicker Alley, ISBN 978-1893967359

Արտաքին հղումներ