Jump to content

Գյուղը (վիպակ, 1910)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:29, 30 Մայիսի 2024 տարբերակ, Արևիկ Ոսկանյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Գյուղը
ռուս.՝ Деревня
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակԻվան Բունին
Բնագիր լեզուռուսերեն
ՀաջորդDry Valley?

«Գյուղը» (ռուս.՝ «Деревня»), Իվան Ալեքսեևիչ Բունինի վիպակը, որը գրվել է 1909-1910 թվականներին և առաջին անգամ հրատարակվել է 1910 թվականին։ 1915 թվականին իր երկերի ժողովածուում հրապարակելուց հետո հեղինակն զգալիորեն վերամշակել է վիպակը նախ «Պետրոպոլիս» հրատարակչության համար, այնուհետև երկերի ժողովածուի նոր հրատարակության համար[1]։

Սյուժե

Գործողությունները տեղի են ունենում 1900-ականների կեսերին՝ Պետական դումայի գումարման, ագրարային բարեփոխումների և ահաբեկչական ակտիվության բարձրացման ֆոնին։ Պատմության գլխավոր հերոսներն են Կրասով եղբայրները՝ Տիխոն Իլյիչը և Կուզմա Իլյիչը։ Վիպակը բաժանված է երեք գլուխների։

Կրասովները Վորգոլ կայարանից ոչ հեռու գտնվող Դուրնովկա գյուղի գյուղացիների սերունդներից են, երիտասարդ տարիքում զբաղվել են առևտրով, բայց հետո վիճում են իրար հետ։ Տիխոնը շարունակել է առևտուրը, բացել պանդոկ և ապրանքների խանութ, այնուհետև գնել Դուրնովկան աղքատ սեփականատիրոջից: Կուզման միշտ երազել է սովորել և գրել կյանքի մասին, աշխատել է որպես գրասենյակային ծառայող, հրատարակել է բանաստեղծությունների ժողովածու, այնուհետև փոխել է բազմաթիվ աշխատանքներ և աղքատացել: Տիխոնը գտել է նրան և հրավիրել աշխատելու որպես կառավարիչ Դուրնովկայում: Վիպակի երկրորդական հերոսների թվում են երիտասարդ գյուղացի Ավդոտյան՝ Երիտասարդ մականունով, որի ամուսինը դաժանորեն ծեծում է նրան, բայց անսպասելիորեն մահանում է, Դուրնովկայի ամենաաղքատ գյուղացին Գորշ մականունով, ում տունը միակն է, որտեղ ձմռան երեկոները լույս չի վառվում, և երեխաները նստում են մթության մեջ, ինչպես նաև նրա չափահաս որդին՝ Դենիսը։

Նկարագրված իրադարձությունների ընթացքում Տիխոն Իլյիչը հիսուն տարեկան է: Նա լիովին զբաղված է տնտեսությամբ, թեև մեծ հարստություն չի վաստակել։ Նա ոչ ոքի չի վստահում և աշխատանքի մեծ մասն ինքն է անում։ Նա կին ունի, բայց տառապում է երեխաներ չունենալու պատճառով։ Նա չի սիրում գյուղացիներին՝ տեսնելով, որ նրանք խղճուկ գոյություն են քաշում, չեն ձգտում ավելի լավ կյանքի, իսկ ինքն էլ երազում է ազատվել Դուրնովկայից և տեղափոխվել քաղաք։ Կուզման սիրում է շփվել մարդկանց հետ, բայց չի կարող է օգնել նրանց: Ծեր թափառաշրջիկի հուղարկավորությունից հետո ուժեղ սառնամանիքի ժամանակ Կուզման հիվանդանում է, և ապաքինվելուց հետո իմանում է, որ Տիխոնը որոշել է կազմակերպել Ավդոտյայի և Դենիսի հարսանիքը։ Կուզման իր հոգու խորքում դեմ է այս հարսանիքին՝ հավատալով, որ Ավդոտյային սարսափելի ճակատագիր է սպասվում, բայց նա ստիպված է որպես կառավարչի օրհնել հարսին ու փեսային։ Վիպակն ավարտվում է եկեղեցում պսակադրության տեսարանով, որտեղ «ցուրտ է և մռայլ», և ուժեղ ձնաբքի միջով սահնակով գյուղ վերադառնալով:

Քննադատություն

«Գյուղը» վիպակի սկիզբը, Ա․ Բունինի երկերի լիակատար ժողովածու, հատոր 5, 1915

Բունինն սկսել է աշխատել վիպակի վրա 1909 թվականին, դրանից հատվածներ կարդացել գրական շրջանակներում, և ստեղծագործության մասին սկսել են խոսել ձեռագիրը տպագրության հանձնելուց շատ առաջ: «Биржевые ведомости» թերթը (1909, № 11348) գրել է, որ Բունինի նոր ստեղծագործությունը, հավանաբար, «խոսակցությունների և բանավեճի տեղիք կտա»[2]։ «Գյուղը» վիպակի առաջին մասը լույս է տեսել «Современный мир» պարբերականում 1910 թվականի մարտին, իսկ առաջին գրախոսականը հայտնվել է նույնիսկ համարի լույս տեսնելուց առաջ․ «Утро России» թերթի սյունակագիր Վ. Բատուրինսկին կարողացել է խմբագրությունում ծանոթանալ սրբագրական տարբերակին և, առաջ անցնելով գործընկերներից, գրախոսություն է պատրաստել, որում վիպակն անվանել է «ընթացիկ սեզոնի նշանավոր ստեղծագործություն»[3]։ «Գյուղի» վերաբերյալ բանավեճում ընդգրկվել են և՛ քննադատները, և՛ գրողները. հեղինակին պահանջներ են ներկայացվել «գեղարվեստական ճշմարտանման զգացողության կորստի» համար (Գ. Պոլոնսկի)[4], նրա համար, որ նա «վախեցրել է սեփական էտյուդներից ու էսքիզներից» (Ալեքսանդր Ամֆիտեատրով)[5], պատմվածքի մասին գրել են որպես «աղաղակող, ծայրեծայր սուտ գրքի» (Ա. Յաբլոնովսկի)[6]։ Բունինին աջակցողների թվում է եղել Զինաիդա Գիպիուսը, որը «Русская мысль» ամսագրում (1911, № 6) նշել է, թե «Գյուղը» վիպակը խիստ է, պարզ և ներդաշնակ. «...նրան պարզապես հավատում ես»[7]։

Հրատարակելով վիպակի առաջին մասը ամսագրի մարտ ամսվա գրքում՝ Բունինը նախատեսել էր հաջորդ մասերը հանձնել ապրիլին և մայիսին, բայց ապրիլյան համարում խմբագրությունը ընթերցողներին գրել է. «Հեղինակի ցանկությամբ Ի. Ա. Բունինի «Գյուղը» վիպակի տպագրությունը տեղափոխվում է աշուն»: Երկրորդ և երրորդ մասերը հրատարակվել են նույն թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համարներում[8]։

Բունինը պատմվածքի վրա աշխատելու մասին տեղեկացրել է այդ ժամանակ իր մտերիմ ընկերոջը՝ Մաքսիմ Գորկուն ուղղված նամակում․ «...ես գրում էի օրական տասնհինգ ժամ՝ վախենալով նույնիսկ մեկ րոպե շեղվելուց, վախենալով, որ էլեկտրական լամպը հանկարծ կմարի իմ մեջ և անմիջապես ինձ վրա տիրապետող կդառնա կարոտը, որին ես դիմադրում էի միայն աշխատանքով»: Վիպակի հրատարակումից հետո Գորկին բարձր է գնահատել այն․ «Թանկ է ինձ համար այս համեստորեն թաքնված, խեղդված հառաչանքը հայրենի հողի մասին, թանկ է ազնիվ վիշտը, դրա համար ցավոտ վախը․ և այս ամենը նոր է: Այդպես դեռ չեն գրել»։ Բունինն իր հերթին դիմել է Գորկուն երախտագիտության խոսքերով՝ ասելով․ «Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան արժեքավոր են ձեր խոսքերը ինձ համար, ինչ անմահական ջուր եք ցողել ինձ վրա»[9]։

Ավելի ուշ Բունինը «Весной, в Иудее» (1953) գրքի նախաբանում իր հայտնի դառնալը կապել է վիպակի հրապարակման հետ[10]

Իմ ժողովրդականությունը սկսվեց այն ժամանակից, երբ ես տպագրեցի իմ «Գյուղը»: Սա իմ մի շարք ստեղծագործությունների սկիզբն էր, որոնք կտրուկ էին պատկերում ռուսական հոգին, նրա լուսավոր ու մութ, հաճախ ողբերգական հիմքերը։ Ռուսական քննադատության մեջ և ռուս մտավորականության մեջ, որտեղ, ժողովրդի անտեղյակության կամ քաղաքական նկատառումների պատճառով, ժողովուրդը գրեթե միշտ իդեալականացվել է, իմ այս «անողոք» ստեղծագործություններն առաջացրել են կրքոտ թշնամական արձագանքներ: Այդ տարիներին ես զգում էի, թե ինչպես են օրեցօր ավելի ուժեղանում իմ գրական ուժերը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Бабореко А. К. Комментарии // И. А. Бунин. Собрание сочинений в шести томах. — М.: Художественная литература, 1987. — Т. 3. — 671 с.
  • Вячеславов П. Л. Примечания // И. А. Бунин. Собрание сочинений в пяти томах. — М.: Правда, 1956. — Т. 2. — С. 402—419. — 424 с.
  • Жуков И. И. Примечания // И. А. Бунин. Полное собрание сочинений в 13 томах. — М.: Воскресенье, 2006. — Т. 2. Стихотворения (1912—1952); Повести, рассказы (1902—1910). — С. 520—548. — 592 с.
  • Классик без ретуши: Литературный мир о творчестве И. А. Бунина / Н. Г. Мельников. — М.: Книжница, 2010. — 928 с. — ISBN 978-5-903081-12-7

Արտաքին հղումներ