Դդում (ռումբ)
«Դդում ռումբ» (անգլ.՝ Pumpkin bombs), ատոմային ռումբ, ստեղծված Մանհեթենյան նախագծի շրջանակում՝ օգտագործվելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Ճապոնիայի դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ «Դդում ռումբ»-ը նման էր պլուտոնիումային «Չաղլիկ» ռումբին, սակայն ի տարբերություն «Չաղլիկ»-ի՝ կրել է սովորական բարձր պայթյունավտանգ բեկորային լիցք։ «Դդում ռումբերը» օգտագործվել են ինչպես ուսումնական պարապմունքների նպատակով, այնպես էլ ԱՄՆ ռազմաօդային 509 ավիախմբի մարտական առաջադրանքի համար, որն իրականացրել է Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունները։ Այս զինամթերքն իր անունն ստացել է ռումբերի համար առավել բնորոշ գլանաձևի փոխարեն էլիպսաձև լինելու պատճառով, և անունը բանակային ժարգոնից աստիճանաբար անցել է պաշտոնական փաստաթղթերի մեջ։
Մշակում, զարգացում
«Դդում ռումբերը» մշակվել են Միացյալ Նահանգների 509-րդ ռազմաօդային ուժերի Boeing B-29 Superfortress ռմբակոծիչների անձնակազմին նախապատրաստելու համար, որպեսզի իրականացնեն Ճապոնիայի ատոմային ռմբակոծությունները: Իր բալիստիկ տեսակով և կառավարելիությամբ «դդում ռումբը» մոտ էր «Չաղլիկ» պլուտոնիումային ռումբին, բայց միջուկային լիցք չէր կրում[1]։ Տեխնիկական պահանջների համաձայն՝ այդ ռումբերը պետք է տեղադրվեին Silverplate B-29-ի ռմբակոծիչում և հագեցած լինեին պայթուցիչներով՝ իրական թիրախները արդյունավետ ոչնչացնելու համար[2]։
«Դդում ռումբերը» արտադրվել են երկու տարբերակով՝ իներտ և պայթունավտանգ։ Իներտ ռումբերը լցված են եղել ցեմենտ-գիպս-ավազ խառնուրդով, որը խառնել են ջրով՝ հասցնելով 1,67-1,68 գրամի խորանարդ սանտիմետրով, այսինքն՝ Composition B պայթուցիչի խտության։ Երկու տարբերակում էլ ռումբի լցոնիչը բաշխվել է այնպես, ինչպես պլուտոնիումային ռումբի դեպքում։ Դդում ռումբերի բարձր պայթյունավտանգ նյութերը մշակվել են 1944 թվականի դեկտեմբերին Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի զինամթերքի բաժնի ղեկավար կապիտան Ուիլյամ Փարսոնսի և 509-րդ ռազմաօդային ուժերի հրամանատար, փոխգնդապետ Փոլ Թիբեթսի կողմից: Ռումբերի առաջին փորձարկումներն իրականացվել են արտադրանքի իներտ մոդիֆիկացիաներով[1]։
«Դդում ռումբ» տերմինը ստեղծվել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի դոկտոր Լաուրիթենսի և Պարսոնսի կողմից, ովքեր ղեկավարում էին թիմի աշխատանքները[2], հավանաբար էլիպսի ձևի պատճառով։ Այս տերմինն սկսեց օգտագործվել պաշտոնական հանդիպումների ժամանակ և փաստաթղթերում[3]։ «Դդում ռումբերը», որպես օրենք, ներկվել են ձիթապտղի կամ խակի գույնով։ Տինիանից հասած նկարների մեջ երևում է, որ այս ռումբերը ներկել են այն նույն դեղին գույնով, ինչպես և «Չաղլիկ» ռումբը[4][5]։
Մինչ Մանհեթենի նախագծում ներգրաված շատ փորձագետներ ենթադրում էին, որ ատոմային ռումբ մատակարարելու միջոցների մշակումը համեմատաբար պարզ խնդիր է, Պարսոնսը, ընդհակառակը, կարծում էր, որ դա զգալի ջանքեր կպահանջի[6]։ Փորձարկման ծրագիրը սկսվել է 1943 թվականի օգոստոսի 13-ին Վիրջինիա նահանգի Դալգրենի ռազմածովային հրաձգարանում, որտեղ մշակվել էր «Fat Man» պլուտոնիումային ռումբի մասշտաբային մոդելը։ 1944 թվականի մարտի 3-ից փորձարկումները տեղափոխվել են Կալիֆոռնիայի «Էդվարդս» ավիաբազա։ Առաջին փորձարկումները ցույց են տվել, որ «Չաղլիկ»-ի նախատիպը թռիչքի ժամանակ անկայուն է, և պայթուցիչները չեն աշխատում այնպես, ինչպես պետք է[6]։
Արտադրություն
«Դդում ռումբեր»-ի պատյանը արտադրվել է Լոս Անջելեսի երկու ընկերությունների կողմից՝ Consolidated Steel Corporation և Western Pipe and Steel Company, իսկ ռումբի պոչաթևերը՝ Centerline ընկերությունում։ Ռումբի արտադրման նախնական փուլից հետո նախագծի ղեկավարումը 1945 թվականի մայիսին փոխանցվեց ԱՄՆ ռազմածովային զենքի հրամանատարությանը[2]։ Ընդհանուր առմամբ, ծրագրի ընթացքում արտադրվել և օգտագործման են հանձնվել 486 մարտական և ուսումնական «Դդում ռումբեր»՝ յուրաքանչյուրը հազարից երկու հազար դոլար արժողությամբ[1]։
Արտադրող ընկերության կողմից իներտ մոդիֆիկացիայով բոլոր «Դդում ռումբերը» երկաթուղով ուղարկվել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բազա՝ Վենդոուվեր, Յուտա նահանգ, որտեղ դրանք օգտագործվել են թռիչքային փորձարկումներում։ Որոշ փորձարկումներ անցկացրել է 509-րդ ռազմաօդային ուժերի 393-րդ ռմբակոծիչ ջոկատը[1]։ Ռումբերը, որոնք նախատեսված էին բարձր պայթուցիկ լիցքավորման դեպքում օգտագործելու համար, տեղափոխվել են Օկլահոմա նահանգի Մաքալեսթեր քաղաքում գտնվող զինամթերքի պահեստ՝ պայթուցիկով լցնելու համար։ Composition B պայթուցիկ լցնելուց հետո ռումբերը չորացվեցին 36 ժամվա ընթացքում և երկաթուղով ուղարկվեցին Կալիֆոռնիա՝ Չիկագո, որտեղից էլ ծովով հասցրի Տինիան[1][3]։
Նկարագրություն
«Դդում ռումբեր»-ը չափերով և ձևով նման էին «Չաղլիկ» ռումբին․ ունեին նույն 52 դյույմ (130 սմ) քառակուսի պոչաթև (California Parachute) և մեկ ամրակապ: «Դդում ռումբը» ուներ երեք կոնտակտային ապահովիչ, որոնք տեղակայված էին ռումբի քթի շուրջ կանոնավոր եռանկյունու տեսքով, մինչդեռ ատոմային ռումբն ուներ չորս ապահովիչ: Ատոմային ռումբի պատյաններն ամրացված էին եռակցումով, բայց այդ ռումբերի մեծ մասը, եթե ոչ բոլորը, պատյանում ունեին 4 դյույմանոց (100 մմ) անցքեր, որն օգտագործվում էր պատյանը լցնելու համար: «Չաղլիկ»-ն ուներ նաև ռադիոտեղորոշիչ ալեհավաքի արտաքին ամրացման համար չորս ամրացման կետ, որոնք չունեին «Դդում ռումբեր»-ը[1][4]։
«Դդում ռումբեր»-ն ունեին 10 ոտնաչափ 8 դյույմ (3,25 մ) երկարություն և 60 դյույմ (1,5 մ) տրամագիծ: Ռումբի կշիռը կազմել է 5,34 տոննա, այդ թվում՝ պատյանը՝ 1,7 տոննա, պոչը՝ 193 կգ, պայթուցիկը՝ 2,9 տոննա։ Պատյանը պատրաստված էր 0,375 դյույմ (9,5 մմ) պողպատե թիթեղից, իսկ պոչը՝ 0,2 դյույմ (5,1 մմ) ալյումինե թիթեղից[1]։
Ռմբակոծություն
«Դդում ռումբեր»-ով ռմբակոծություններն իրականացվել են 509-րդ ռազմաօդային ուժերի կողմից 1945 թվականի հուլիսի 20-ին, 23-ին, 26-ին և 29-ին և օգոստոսի 8-ին և 14-ին Ճապոնիայի քաղաքներում։ Ընդհանուր առմամբ, 49 ռումբ է արձակվել 14 թիրախի վրա, մեկ ռումբ էլ նետվել է օվկիանոս, և երկուսը եղել են օդանավի վրա՝ վիժեցնելով իրենց առաքելությունը[7]։ Ռմբակոծություններն իրականում Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների փորձերն էին․ բոլոր նպատակակետերը ատոմային հարձակման թիրախ դարձած քաղաքների մոտ էին։ Ռումբերը նետվել են 30000 ֆուտ (9100 մ) բարձրությունից, որից հետո ռմբակոծիչը կտրուկ շրջադարձ է կատարել, ինչպես ատոմային ռմբակոծություններ իրականացնելիս։ Պատերազմից հետո United States Strategic Bombing Survey ռազմավարական փորձագետը եզրակացրեց, որ «Դդում ռումբ»-ը «բավականաչափ արդյունավետ զենք է ճապոնական գործարանների դեմ, երբ ուղիղ հարվածներ են հասցվում կենսական նշանակության օբյեկտներին կամ բավական մոտ են կենսական նշանակության օբյեկտներին, որպեսզի կառուցվածքային լուրջ վնասներ հասցնեն»[8]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Campbell, 2005, էջեր 74–75
- ↑ 2,0 2,1 2,2 Campbell, 2005, էջեր 72–73
- ↑ 3,0 3,1 «National Archives, minutes of third target committee meeting, May 28. 1945» (PDF). George Washington University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006-08-09-ին. Վերցված է 2013-05-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 4,0 4,1 Coster-Mullen, 2012, էջեր 184–185
- ↑ Campbell, 2005, էջ 220
- ↑ 6,0 6,1 Hoddeson, Henriksen, 1993, էջեր 378–381
- ↑ Campbell, 2005, էջեր 27, 104
- ↑ Campbell, 2005, էջ 73
Գրականություն
- Campbell, Richard H. The Silverplate Bombers: A History and Registry of the Enola Gay and Other B-29s Configured to Carry Atomic Bombs. — Jefferson, North Carolina: McFarland & Company, 2005. — ISBN 0-7864-2139-8
- Coster-Mullen, John Atom Bombs: The Top Secret Inside Story of Little Boy and Fat Man. — 2012.
- Hoddeson, Lillian; Henriksen, Paul W.; Meade, Roger A.;Westfall, Catherine L. Critical Assembly: A Technical History of Los Alamos During the Oppenheimer Years, 1943–1945. — New York, New York: Cambridge University Press, 1993. — ISBN 0-521-44132-3