Jump to content

Պինոքիոյի պարադոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պինոքիոյի պարադոքս
Ստախոսի պարադոքս Խմբագրել Wikidata
Պարադոքս, Տրամաբանական սխալներ Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաՍտախոսի պարադոքս Խմբագրել Wikidata
Մասն էՍտախոսի պարադոքս Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվՊինոքիո Խմբագրել Wikidata

Պինոքիոյի պարադոքս, ստախոս պարադոքսի տարբերակ, որն առաջանում է, երբ Պինոքիոն ասում է «Իմ քիթը հիմա կերկարի»[1]: Ստախոսի պարադոքսը փիլիսոփայության և տրամաբանության մեջ սահմանվում է որպես «Այս նախադասությունը կեղծ է» արտահայտություն: Այս հայտարարությանը դասական երկուական իսկության արժեք վերագրելու ցանկացած փորձ հանգեցնում է հակասության կամ պարադոքսի: Դա տեղի է ունենում, քանի որ եթե «Այս նախադասությունը կեղծ է» հայտարարությունը ճիշտ է, ապա այն կեղծ է. սա կնշանակի, որ դա տեխնիկապես ճիշտ է, բայց նաև կեղծ է, և այլն՝ անվերջ[2]:

Թեև Պինոքիոյի պարադոքսը պատկանում է ստախոս պարադոքսի ավանդույթին, այն առանձնահատուկ դեպք է, քանի որ այն չունի իմաստաբանական պրեդիկատներ, ինչպես օրինակ՝ «Իմ նախադասությունը կեղծ է»:

Պինոքիոյի պարադոքսը ոչ մի կապ չունի Պինոքիոյի հայտնի ստախոս լինելու հետ: Եթե Պինոքիոն ասեր «Ես հոգնում եմ», սա կարող է լինել կա՛մ ճիշտ, կա՛մ կեղծ, բայց Պինոքիոյի «Իմ քիթը հիմա կմեծանա» նախադասությունը չի կարող լինել ոչ ճիշտ, ոչ էլ կեղծ. հետևաբար այս և միայն այս նախադասությունն է ստեղծում Պինոքիոյի (ստախոս) պարադոքսը:

Պատմություն

Պինոքիոն իտալացի գրող Կառլո Կոլոդիի 1883 թվականին գրած «Պինոքիոյի արկածները» մանկական վեպի հերոսն է: Պինոքիո անիմացիոն տիկնիկը, պատժվում է յուրաքանչյուր ստի համար. ամեն անգամ սուտ ասելիս նրա քիթը երկարում է[3]։ Պինոքիոյի քթի երկարության սահմանափակումներ չկան։ Այն աճում է, երբ նա ստում է, և ինչ-որ պահի այնքան է երկարանում, որ նա նույնիսկ չի կարողանում իր քիթը «սենյակի դռնով անցկացնել»[4]:

Պինոքիոյի պարադոքսն առաջարկվել է 2001 թվականի փետրվարին 11-ամյա Վերոնիկ Էլդրիջ-Սմիթի կողմից։ Վերոնիկան Փիթեր Էլդրիջ-Սմիթի դուստրն է, ով մասնագիտացած է տրամաբանության և տրամաբանության փիլիսոփայության մեջ։ Փիթեր Էլդրիջ-Սմիթը Վերոնիկի և Վերոնիկի ավագ եղբորը բացատրելով ստախոսի պարադոքսը, երեխաներին առաջարկել է հորինել հայտնի պարադոքսի իրենց տարբերակները: Մի քանի րոպեից Վերոնիկն առաջարկել է. «Պինոքիոն ասում է՝ «քիթս կաճի»։ Էլդրիջ-Սմիթին դուր է եկել դստեր առաջարկած պարադոքսի ձևակերպումը, և նա հոդված է գրել այդ թեմայով։ Հոդվածը հրապարակվել է Analysis ամսագրում, իսկ Պինոքիոյի պարադոքսը մեծ տարածում է գտել համացանցում[5][2][6]:

Պարադոքս

«Այն, ինչ ես ասում եմ հիմա, սուտ է»։ Փորձե՛ք մի պահ մտածել․ Ես ասացի ճշմարտությու՞նը, թե՞ ստեցի։ Սա ստի պարադոքսն է, որը ձևավորվել է դեռևս մ․թ․ա․ 4-րդ դարում՝ հույն փիլիսոփա Էվբուլիդ Միլետացու կողմից, ով համարվում է պարադոքսների ստեղծողը։ Եթե ես իսկապես ստում եմ, ուրեմն ես ասացի ճշմարտությունը, սակայն, եթե ես ասել եմ ճշմարտությունը, ուրեմն իմ ասածը սուտ է[7]։

Վերոնիկի առաջարկած պարադոքսը` «Իմ քիթը հիմա երկարում է», կամ ապառնի ժամանակով` «կերկարի», տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս: Վեպում Պինոքիոյի քիթը շարունակում է աճել, քանի դեռ նա ստում է. «Երբ նա խոսում էր, նրա քիթը, թեև երկար էր, դարձավ առնվազն երկու մատնաչափ ավելի երկար»[3]: Այսպիսով, տրամաբանները հարցադրում են անում. արդյոք «Իմ քիթը հիմա կերկարի» նախադասությունը միակ նախադասությունն է, որ ասել է Պինոքիոն, արդյոք նա պատրաստվում էր ստել նախքան «Իմ քիթը կերկարի» ասելը, թե՞ նա պատրաստվում էր ստել այն ասելով, և որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի նրա քիթը սկսի աճել[2]:

Նույն նախադասության ներկա ժամանակը՝ «Իմ քիթը երկարում է հիմա» կամ «Իմ քիթը երկարում է», կարծես թե ավելի լավ հնարավորություն է տալիս ստախոսի պարադոքսի համար[2]:

«Իմ քիթը երկարում է» նախադասությունը կարող է լինել կամ ճիշտ, կամ կեղծ:

Ենթադրենք «Իմ քիթը հիմա երկարում է» նախադասությունը ճիշտ է.

  • Ինչը նշանակում է, որ Պինոքիոյի քիթը չի աճում հիմա, քանի որ նա ճշմարտացիորեն ասում է, որ աճում է, բայց հետո
  • Պինոքիոյի քիթը հիմա չի աճում, քանի որ, ըստ վեպի, այն աճում է միայն, երբ Պինոքիոն ստում է, բայց հետո.
  • Պինոքիոյի քիթը հիմա աճում է, քանի որ Պինոքիոյի քիթը հիմա չի աճում, և Պինոքիոն ճշմարտացիորեն ասում է, որ հիմա աճում է, և դա կեղծ է, ինչը ստիպում է Պինոքիոյի նախադասությունը կեղծ լինել, բայց հետո
  • Պինոքիոյի քիթը հիմա չի աճում, քանի որ Պինոքիոյի քիթը հիմա է աճում, և Պինոքիոն ճշմարտացիորեն ասում է, որ հիմա աճում է, և դա ճիշտ է, որ Պինոքիոյի նախադասությունը ճշմարիտ է դարձնում, բայց հետո
  • Եվ այսպես շարունակ՝ անվերջ[2]։

Ենթադրենք, որ «Իմ քիթը հիմա երկարում է» նախադասությունը կեղծ է.

  • Ինչը նշանակում է, որ Պինոքիոյի քիթը չի աճում հիմա, քանի որ նա կեղծ է ասում, որ աճում է, բայց հետո
  • Պինոքիոյի քիթը իսկապես աճում է, քանի որ, ըստ վեպի, այն աճում է միայն, երբ Պինոքիոն ստում է, բայց հետո
  • Պինոքիոյի քիթը հիմա չի աճում, քանի որ Պինոքիոյի քիթը հիմա է աճում, և Պինոքիոն կեղծ է ասում, որ հիմա աճում է, և դա կեղծ է, ինչը Պինոքիոյի նախադասությունը դարձնում է ճշմարիտ, բայց հետո
  • Պինոքիոյի քիթը հիմա աճում է, քանի որ Պինոքիոյի քիթը հիմա չի աճում, և Պինոքիոն կեղծ է ասում, որ հիմա աճում է, և դա ճիշտ է, որ Պինոքիոյի նախադասությունը կեղծ է, բայց հետո
  • Եվ այսպես շարունակ՝ անվերջ։

Եվ պարզապես հեշտացնելու համար, ինչպես ասում է Էլդրիջ-Սմիթը, «Պինոքիոյի քիթն աճում է, եթե և միայն այն դեպքում, եթե այն չի աճում», ինչը Պինոքիոյի նախադասությունը դարձնում է «Սուտասանի տարբերակ»:

Էլդրիջ-Սմիթը պնդում է, որ քանի որ «ճիշտ չէ» և «աճում է» արտահայտությունները հոմանիշներ չեն, Պինոքիոյի պարադոքսը իմաստաբանական պարադոքս չէ.

Պինոքիոյի պարադոքսը, ինչ-որ կերպ, հակաօրինակ է Սուտասանի խնդրի լուծման համար, որը բացառում է իմաստային ստորոգյալներն օբյեկտ-լեզվից, քանի որ «աճում է» իմաստաբանական պրեդիկատ չէ[2]:

Ծանոթագրություններ

  1. Eldridge-Smith, Peter (27 January 2011). «Pinocchio against the dialetheists». Analysis. 71 (1): 306–308. doi:10.1093/analys/anr007. hdl:1885/54731.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Eldridge-Smith, Peter; Eldridge-Smith, Veronique (13 January 2010). «The Pinocchio paradox». Analysis. 70 (2): 212–215. doi:10.1093/analys/anp173.
  3. 3,0 3,1 Carlo Collodi. The Adventures of Pinocchio Chapter 17. classicreader.com. Արխիվացված է օրիգինալից 2018-06-21-ին. Վերցված է 2011-02-11-ին.
  4. Carlo Collodi. The Adventures of Pinocchio Chapter 35. classicreader.com. Արխիվացված է օրիգինալից 2018-06-21-ին. Վերցված է 2011-02-11-ին.
  5. Peter Eldridge-Smith & Veronique Eldridge-Smith. The pinocchio paradox, փիլիսոփայական ամսագիր` Analysis 70 (2):212-215 (2010) , Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն
  6. William F. Vallicella (April 7, 2010). «The Pinocchio 'Paradox'». maverick_philosopher.
  7. «Paradoxes of Eubulides». web.archive.org. 2012-11-11. Վերցված է 2024-06-21-ին.