Տրամաբանական սխալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տրամաբանական սխալներ, սխալներ, որոնք առաջանում են մտածողության պրակտիկայում որպես տրամաբանական օրենքների ու կանոնների խախտման դրսևորումներ, հակադրվում են փաստական սխալներին, ինչպես որ տրամաբանական ճշմարտությունն է հակադրվում փաստական ճշմարտությանը։ Լինում են չկանխամտածված (պարալոգիզմներ) և կանխամտածված (սոփեստաբանություն, սոփեստություն)։

Տրամաբանական սխալները լինում են ապացուցման կամ հերքման մեջ՝ կապված դրանց հիմքերի (փաստարկների), թեզիսի և փաստարկման հետ, ինչպես նաև մտահանգման, սահմանման, տրամա բանական բաժանման մեջ և այլն։ Ապացուցման հիմքերի հետ կապված տրամաբանական սխալներ են՝ ինքնին կեղծ փաստարկի օգտագործումը (կոչվում է «հիմնական մոլորություն», լատիներեն՝ error fundamentalis), չապացուցված փաստարկի օգտագործումը։ Վերջինիս մասնավոր դեպքն է հիմքի կանխարկումը (petitio principii), երբ որպես հիմք օգտագործվում է մի դատողություն, որի ճշմարտությունը ենթադրում է թեզիսի ճշմարտությունը։

Նույն սխալի դրսևորում է շրջապտույտը («արատավոր շրշանը» (լատիներեն՝ circulus vitiosus), նույնաբանությունը) ապացուցման մեշ, երբ թեզիսն ապացուցվում է մի դատողության միջոցով, որն ինքը ապացուցվում է թեզիսի միջոցով։ Շրշապտույտի առավել կոպիտ ձևն է թեզիսի ապացուցումն իր իսկ միջոցով («նույնը նույնի միշոցով», idem per idem), սովորաբար որոշ արտաքին, լեզվական արտահայտության տարբերակմամբ։

Թեզիսի հետ կապված հիմնական սխալն է թեզիսի գաղտնափոխումը (լատիներեն՝ ignoratio elenchi), երբ ապացուցման ընթացքում տվյալ թեզիսը փոխարինվում է այլ թեզիսով, որի ապացուցումը ներկայացվում է որպես տվյալ թեզիսի ապացուցում։ Այս սխալի դրսևորումներից են թեզիսի մասնակի ապացուցումը ամբողջական ապացուցման փոխարեն, «չափից ավելի ապացուցումը» (երբ փաստորեն ապացուցվում է մի միտք, որի միայն մի դեպքն է տվյալ թեզիսը), թեզիսի ապացուցումը, երբ այն վերցվում է բացարձակ, և ոչ հարաբերական առումով, «փաստարկումը առ մարդը» (ad hominem), երբ տվյալ թեզիսի ապացուցման (հերքման) փոխարեն ցույց են տրվում այդ թեզիսը պաշտպանողի արժանիքները (արատները) և այլն։

Փաստարկման սխալներից են «չի բխում» (լատիներեն՝ non sequitur) կոչվող սխալը, երբ թեզիսն առերևույթ բխեցվում է մի դատողությունից, թեկուզև ինքնին ճշմարիտ, որից այն ըստ էության չի բխում, «փաստարկում առ հանրությունը» (լատիներեն՝ ad populum) կոչվող սխալը, երբ թեզիսի ապացուցման փոխարեն ապացուցողը ներգործում է մարդկանց զգացմունքների վրա այդ թեզիսի ճշմարտության մեշ նրանց համոզելու նպատակով, և այլն։ Մտահանգումների կանոնների խախտումները տրամաբանական սխալներ են ինչպես ապացուցման առումով, այնպես էլ ինքնին։ Դրանցից առավել նշանակալից են՝ տերմինների «չորսացումը» սիլլոգիզմի մեջ, երբ սիլլոգիզմի կազմում, ըստ կանոնի եղած երեք տերմիններից բացի, երևան է գալիս ևս մի չորրորդ տերմին, սովորաբար, եղած տերմիններից մեկի հետ նույնանուն կամ նման լեզվական արտահայտության հողի վրա, «հապճեպ ընդհանրացումը» պարզ թվարկման ինդուկցիայի մեջ, երբ ընդհանուրի մասին սխալ եզրակացություն է արվում դիտարկվող մասնավոր դեպքերի սակավաթիվության կամ պատահականության հետևանքով, «դրանից հետո՝ ուրեմն դրա հետևանքով» (լատիներեն՝ post hoc ergo propter hoc) կոչվող սխալը, երբ երևույթի պատճառ է դիտվում նրան նախորդող, բայց իրականում նրա հետ պատճառական կապ չունեցող որևէ երևույթ, և այլն։ Ապացուցման առումով սրանք հանդես են գալիս որպես «չի բխում» տիպի սխալ։

Սահմանման մեշ կատարվող տրամաբանական սխալներից են շրջապտույտը («արատավոր շրջանը», նույնաբանությունը), երբ մի հասկացություն սահմանվում է մի այլ հասկացության միջոցով, որն իր հերթին սահմանվում է տվյալ հասկացության միջոցով, մասնավոր դեպքում՝ հասկացության սահմանումն իր իսկ միջոցով, թեև առերևույթ տարբերակմամբ (նույնպես կոչվում է «նույնը նույնի միջոցով»), լայն և նեղ սահմանումները, բաժանման մեջ՝ նույն օղակում բաժանման փոխումը (որի հետևանքով բաժանման անդամներն իրար չեն բացառում), թերի բաժանումը և այլն։ Տրամաբանական սխալներ են մտածողության հիմնական տրամաբանական օրենքների պահանջների խախտումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png