Գարեգին Աբրահամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | 1921 |
Ծննդավայր | Վերին Մալև, Զանգեզուրի գավառ, Լեռնահայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ | «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան |
Գարեգին Գևորգի Աբրահամյան (1921, Վերին Մալև, Զանգեզուրի գավառ, Լեռնահայաստան), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Շվանիձոր գյուղի միջնակարգ դպրոցը։ 1940-1941 ուսումնական տարում աշխատել է Ալդարան գյուղի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։ Պատերազմի սկսվելուն պես զորակոչվել է բանակ և 369-րդ հրաձգային գնդի կազմում մասնակցել Հյուսիսային Կովկասի պաշտպանական մարտերին։
1942 թվականի հոկտեմբերի վերջերին մասնակցել է Գիզելի շրջանում մղված մարտերին։ Եղել է վաշտի քաղղեկի տեղակալ։ Երկու անգամ վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո շարունակել է ծառայությունը Անդրկովկասյան ռազմաճակատի 139-րդ հրաձգային գնդում։
1945 թվականին զորացրվել է բանակից և անցել մանկավարժական աշխատանքի։ Եղել է Մեղրու շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի ուսմասվարը և պատմության ուսուցիչը։ 1953-1958 թվականներին աշխատել է Արզական, Բջնի, Ֆանտան գյուղերի միջնակարգ դպրոցներում։
1959 թվականից աշխատել է մայրաքաղաքի դպրոցներում, դասավանդել պատմություն։
1977 թվականին արժանացել է «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանի, պարգևատրվել մի շարք մեդալներով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ա. Հ. Հարությունյան, Հ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան, Հայաստանի ուսուցիչները մեծ Հայրենականում, գիրք 2, Ե., «Լույս», 1982, էջ 7-8