Սուրբ Գևորգ եկեղեցի (Սիղնաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՍիղնաղ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Գևորգ եկեղեցի, գործող եկեղեցի Վրաստանի Կախեթի մարզի Սիղնաղ քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ազգային արխիվի նյութերի համաձայն այն կառուցվել է 1793 թվականին, որպես հայկական եկողեցի՝

«Ի քաղաքն Սղնախ, ի մէջ պարսպի գոյ եկեղեցի մի առանց յարկի, միմեայն զորմունս քարիւ և բռամբ կառուցեալ յանուն Սրբոյն Գէորգեայ յամի 1793, որոյ առաստաղն է եղեգնածածկ, արդեամբ հասարակութեան»
- [1]:

Իր գոյության ընթացքում Սբ. Գևորգ եկեղեցին մի քանի անգամ ենթարվել է նորոգման։ երեցփոխ Հովսեփ Մխիթարյանի օրոք, 1851 թվականին կատարվել են 820 ռուբլի 39 կոպեկի աշխատանքներ[2]։ Ըստ Հայաստանի ազգային արխիվի մեկ այլ նյութերի 1861 թվականին առանց հոգևոր իշխանությունների թույլտվության, Սբ. Գևորգ եկեղեցու շուրջը, 18 սաժեն տարածությունում, կառուցել են ուխտավորների համար պարսպապատ սենյակներ[3]։ Երեցփոխ Դավիթ Հարությունյանցը 1864 թվականին խնդրել է՝

«...թոյլ տալ նմա շինել զվեղար նախեղակ զանգակատուն նոյն եկեղեցւոյ...»
- [4]

։ Զանգակատան աշխատանքների համար նախատեսվել է եկեղեցու պահուստից ծախսել 1000 ռուբլու արծաթե դրամ։

1896 թվականին եկեղեցում բացվել է դպրոց, որտեղ սովորել են 60 երկսեռ աշակերտ։

1902 թվականին Սբ. Գևորգ եկեղեցու երեցփոխ է ընտրվել Վ. Տեր-Հակոբյանը։ 1909 թվականին նա վերընտրվել է նույն պաշտոնում[5]։

Եկեղեցու պարսպից դուրս գտնվող որոշ ազատ հողատարածություններ 1911 թվականի դրությամբ ենթարկվել են եկեղեցուն[6]։

1915 թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Մշակ» թերթի № 196֊ում նշվել է, որ եկեղեցին նորոգման կարիք ունի[7]։

1924 թվականի հունվարի 22-ին եկեղեցին փակվել է և վերածվել ակումբի[8]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ներքուստ միանավ, արտաքուստ եռանավ բազլիկներին բնորոշ ծածկերով թաղակապ շինություն է։ Արտաքին չափսերն են 15,45 x 9,7 մ։ Եկեղեցու արևելյան մասում կիսաշրջանաձև եզրագծերով խորանից հարավ և հյուսիս գտնվում են կրկնահարկ ավանդատները։ Եկեղեցու մկրտարանի ավազանը պահպանվել է, այն գտնվում է հյուսիսային պատի մեջ։ Պատերի վրա կան հայերեն մակագրություններով կիսապահպանված որմնանկարներ։

Եկեղեցին ունի երեք մուտք՝ արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներում, կառուցված է աղյուսով, անմշակ քարերով ու կրաշաղախով, կղմինդրածածկ երկլանջ ծածկերի կենտրոնում գտնվում է սրածայր վեղարով ավարտվող փոքրիկ զանգակատունը։ Գլխավոր զանգատատունը, որն ունի կամարակապ դարպաս, գտնվում է եկեղեցուց մի քանի մետր հարավ֊արևելք՝ պարիսպի պատին կից։ Զանգակատունը տեսանելի է քաղաքի բոլոր մասերից։ Եկեղեցու մոտակայքում է գտնվում այն տունը, որտեղ ծնվել է հայ նկարիչ, գրող, հասարակական գործիչ, Գևորգ Բաշինջաղյանը։

Վիմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու ներսի տապանաքարերից մեկի վրա կա վրացերեն արձանագրություն, որը թարգմանվում է հետևյալ կերպ՝ «Գերեզմանի ներքո ամփոփված եմ Շիրվանցի ոսկերիչ Սահակի որդի Տեր-Գրիգորովս, կարդացողաց խնդրեմ ասել ողորմի, թիվ 485+1312 (1797»)։

Եկեղեցական իրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցում պահպավում են զարդեր, անոթներ, արձանագիրներ՝

  • Արծաթե սկիհ՝ մազմանով․ պատվանդանին՝ «Ես Սղնաղեցի Մամուլեանց պապի կողակից Դարէջանս ընծայեցի Սղնախու բերդի 'ի դուռն Սբ. Գէրոգեայ եկեղեցւոյն զայս սկիհս յիշատակ է, ով ոք ձեռնամուխ լիցի սորա Յուդայի բաժին առցէ, ամէն. մսխալ հարիւր ութսուն, թուին ՌՍԾԴ (1805)։»
  • Արծաթե խաչ, պատվանդանին վրացերեն եղել է գրված՝ «Ես Յոհաննէսի որդի Թաթօն հանդերձ իմով եղբարբք»
  • Խաչ՝ «...ընդ մէջ խաչին զետեղեալ է շուշայ մի ընդ, որով եդեալ գոյ... մասն Սրբոյն Գէվորքայ, շուրջ զորով գրեալ 'ի վերա փոքրի թղթոյ»

Ս(ուր)բ Գէվորքայ մասունքն է

  • Արծաթ խաչ՝ պատվանդանին վրացերեն՝ «Ընծայեցի ես Սարգսի որդի Կար(ա)պ(ե)տն Սղնախու ամրուցի Ս(ր)բ(ոյ)ն Գէորգեայ եկ(ե)դ(ե)ցլ(ո)յն վասն յիշատակ ինձ»։
  • Արծաթե բաժակաման, վրան վրացերեն՝ Ընծայեցի Մօսինի որդի Ասատուրս և կինն իմ Սալօմէն Սղնախու Ս(ր)բ(ոյ)ն Գէորգեայ եկ(ե)ղ(ե)ցւ(ո)յն վասն բարեխօս լինի մեր․ մսխալ եօթանասուն։
  • Արծաթե գինու թաս, վրան՝ վրացերեն՝ «Ես Ջավախեանց Այվազի որդիք Թաթուլ և Սով սէսս, ընծայեցաք բերդին Ս(ր)բույն Գերգեայ վ(այս(ն) յիշատակ ննջեցելոցն մերոց և վ(ա)ս(ն) առողջութեան կենդանեաց. մսխալ երեսուն և եօթն. թուին վրաց 504» (1816)։

Քահանաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեր Բարսեղ Տեր-Մուսայելյանը 1778-1818 թվականներին քահանայագործել է եկեղեցում։ Նա ծնվել է 1738 թվականին, ձեռնադրվել 1778-թվականին՝ Թիֆլիսում, Աղվանից Իսրայել կաթողիկոսի կողմից[1]։

1912 թվականի «Մշակ» թերթի 182 համարում նշվել է, որ նույն թվականին Սբ․ Գևորգ եկեղեցու երկու քահանաներից Հարություն Տեր֊Նիկողոսյանը իր ծխով տեղափոխվել է Սբ․ Կարապետ եկեղեցի[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 32
  2. ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3438, թ. 5
  3. ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 4152, թ. 7-8
  4. ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 5218, թ. 1
  5. 1909, № 154, с.3
  6. ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 682, թ. 107, 114
  7. «Մշակ», 1915, № 196, էջ 3
  8. ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3146, թ. 10
  9. «Մշակ», 1912, № 182, էջ 3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]