Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Տալլին)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տալլին |
Հասցե | Tallinn, Tartu maantee 16a |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմ |
Ժառանգության կարգավիճակ | ճարտարապետական հուշարձան[1] |
Ճարտարապետական ոճ | բարոկկո |
Հիմնադրված | 1648 |
Առաջին հիշատակում | 1237 |
![]() | |
![]() | |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (նաև՝ Յանայի անկելանոցի Տալլինի եկեղեցի, էստ․՝ Tallinna Jaani seegi kirik), հայ առաքելական եկեղեցու տաճար Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ Տաճարը Էստոնիայի եկեղեցական խորհրդի անդամ է։
Եկեղեցու պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի տարբերություն սփյուռքի մյուս հայկական եկեղեցիների, այս եկեղեցին ի սկզբանե որպես հայկական չի կառուցվել։ Մինչ այդ տաճարը եղել է Սուրբ Յանայի լյութերական եկեղեցին, 1813 թվականին ստացել է անկելանոց պաշտոնական անվանումը[2]։
Առաջին քարե եկեղեցին այս վայրում կառուցվել է 13-րդ դարի առաջին կեսին։ 1237 թվականին հիշատակվում է որպես Սուրբ Յանայի (Հովհաննեսի) ապաստան՝ խաչակիրների կողմից այստեղ բերված բորոտության զոհ գնացածների համար[3]։ Ենթադրաբար, ապաստանը հիմնել է Տալլինի եպիսկոպոսը, որը ենթակա է եղել Տալլինի քաղաքապետարանին։ 1363 թվականի գրավոր աղբյուրները նշում են տասներկուերորդ եպիսկոպոսի կողմից մեղքերի թողությունը նրանց, ովքեր նվիրատվություններ են արել ապաստանին և եկել են աղոթելու նրա մատուռում[4]։
Եկեղեցին եղել է փոքր, առանց կամարների։ Այն ընդգրկել է նաև բնակելի շենք, ամբար և բաղնիք, որոնք հետագայում քանդվել են[2]։ 1449 թվականին եկեղեցին, ինչպես նաև նրա կողքին գտնվող գերեզմանատունը վերաօծվել են, որն իրականացրել է Տալլինի եպիսկոպոս Հենրիխը[4]։
15-րդ դարի սկզբին, 14-րդ դարում կատարված լայնածավալ աշխատանքներից հետո եկեղեցու վիճակը համեմատաբար բարվոք է դարձել։ Եկեղեցին ավերվել է 1570 թվականին Լիվոնյան պատերազմի ժամանակ, վերականգնողական աշխատանքները սկսվել են 1648 թվականին, երբ կանգնեցվել է աշտարակը։ Հյուսիսային պատերազմի ժամանակ եկեղեցին առանձնապես չի տուժել։ Հիմնական շինարարական աշխատանքներն իրականացվել են 1724 թվականին. շենքն ընդարձակվել է և կառուցվել նոր աշտարակ։ Լրացվել է եկեղեցու ներքին հարդարանքը, աշտարակի վրա կախվել է երկրորդ, գեղարվեստորեն զարդարված զանգը, որը պահպանվել է մինչ օրս[2][4]։
Խորհրդային իշխանության հինգ տասնամյակների ընթացքում եկեղեցին օգտագործվել է որպես պահեստային շինություն[2]։ 1999 թվականին շինությունը ընդգրկվել է Էստոնիայի մշակութային հուշարձանների պետական ռեգիստրում[2]։ Անցած տասնամյակների ընթացքում բազմադարյան եկեղեցու շրջակայքում կառուցվել են բարձրահարկ շենքերև եկեղեցու շենքը խիստ հակադրության մեջ է գտնվում իր շրջակայքի հետ[2]։
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեկ հարկանի շենքը կառուցվել է կրաքարով և սվաղվել։ Ունի սեղանատիպ հիմնական հատակագիծ։ Իր երկար կողմով այն հասնում է Տարտուի մայրուղու սկիզբ։ Եկեղեցու բարոկկո ոճի աշտարակը և կտուրը փայտյա են և ծածկված հորիզոնական տախտակով։ Դիմային ճակատն ունի շքամուտք՝ կլոր կամարով։ Շենքի երկհարկանի տանիքը ծածկված է կերամիկական սալիկներով[2]։
Շենքի ներքին չափերը՝ երկարությունը՝ 14,8 մ, լայնությունը դեպի հյուսիս-արևմուտք՝ 4,15 մ, դեպի հարավ-արևելք՝ 5,6 մ[4]։ 2020 թվականի ապրիլի 17-ին կատարված հետազոտության ընթացքում եկեղեցու շենքի վիճակը գնահատվել է վատ[2]։
Ներքին հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցում կան Հայ առաքելական եկեղեցու այնպիսի սրբերի պատկերների պատճեններ, ինչպիսիք են Սուրբ Մարիամ Աստվածածինը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Սուրբ Սարգիսը և Հիսուս Քրիստոսը։ Հայկական բնօրինակներից պատճեններն իրականացրել է հայտնի նկարիչ Սերգեյ Մինինը։
Էստոնիայի հայկական եկեղեցական համայնքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս Էստոնիայի տարածքում հայերն առաջին անգամ սկսել են բնակվել 19-րդ դարի կեսերից։ Նրանց ճնշող մեծամասնությունը ապրում է մայրաքաղաք Տալլինում, որտեղ բացվել է Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։
Որպես Հայ առաքելական եկեղեցի, տաճարը գրանցվել է 1993 թվականի նոյեմբերի 11-ին և այդ ժամանակվանից օգտագործվում է էստոնական Սուրբ Գրիգոր համայնքի կողմից։ Տեղի հայ համայնքն այդ շենքը ստացել է Էստոնիայի Լյութերական եկեղեցու հետ Կունո Պայուլայի կնքած պայմանագրով, ըստ որի եկեղեցու արտաքին տեսքը մնացել է անփոփոխ, բայց ներսում այն ոչնչով չի տարբերվում սովորական հայկական եկեղեցուց՝ բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Սուրեն Սահակյանն ու Վանուշ Կարապետյանը մեծ աշխատանք են կատարել եկեղեցին հայկական համայնքին փոխանցելու հարցում[5]։
Հայ եկեղեցական համայնքի գրանցումից հետո ընտրվել է եկեղեցական խորհուրդ, որը համակարգել է եկեղեցու բարեկարգման նպատակով ծխականների գործողությունները։ 2000-2001 թվականներին եկեղեցին ռեստավրացիայի է ենթարկվել։ Այս գործում մեծ ներդրում է ունեցել եկեղեցու առաջնորդ Կարեն Տեր-Հովհաննիսյանը։ Վերականգնված եկեղեցին և խաչքարը օծվել են հայաստանցի Եզրաս եպիսկոպոսի և Առաքել եպիսկոպոսի կողմից[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Estonian National Registry of Cultural Monuments — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «22252 Tallinna Jaani seegi kirik, 14. saj., 1648. a., 18. saj.»։ Kultuurimälestiste register (էստոներեն)
- ↑ Йосеф Кац (15.06.2016)։ «Яанов город Таллинн: улица, богадельня, церкви»։ Переулки городских легенд
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Tallinna Jaani seegi kirik. Ajalooline tõend»։ Kultuurimälestiste register (էստոներեն)
- ↑ 5,0 5,1 Армен Андраникян (30.06.2005)։ «В этом году исполняется 12 лет со дня основания Церковной общины Св. Григория Просветителя в Таллинне»։ ААЦЭ Таллинн