Jump to content

Սուրբ Գրիգորիսի եկեղեցի (Նյուգդի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գրիգորիսի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային ժառանգության օբյեկտ և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունNyugdi?
Հիմնական ամսաթվերը1916
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Հիմնադրված1916
Առաջին հիշատակում1916
Քարտեզ
Քարտեզ
 Saint Gregory Church (Nyugdi) Վիքիպահեստում

Սուրբ Գրիգորիսի եկեղեցի, հայկական եկեղեցի, որը կառուցվել է 4-րդ դարի իրադարձությունների հիշատակին, Դաղստանի Դերբենտսկի շրջանի Նյուգդի գյուղում, Դերբենտից 37 կմ հեռավորության վրա։

Սուրբ Գրիգորիսի մատուռի մուտքերից մեկի վերևում գտնվող հայերեն արձանագրության թարգմանության մեջ ասված է. «Տաճարը կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռան հոր Սուրբ Գրիգորիսի նահատակության տեղում, Գրիգոր և Լազար Պետրոսի Վանեցյանց եղբայրների հաշվին, Տիրոջ տարում 1916»։ Նյուգդիի Սուրբ Գրիգորիսի եկեղեցու ներկայիս շենքը փոխարինել է մատուռին, որը կառուցվել է նույն  տեղում մինչև 20-րդ դարի սկիզբը։ Նյուգդի (Մոլլա-Խալիլ) գյուղի Սուրբ Գրիգորիսի մատուռում գոյություն ունի  հայերեն մակագրությամբ մի քար, որը հայտնաբերվել է մեր ժամանակներում, քարի վրա արձանագրությունը թարգմանվել է և այն գտնվում է մատուռում։ Արձանագրության մեջ գրված է. «Ես՝ տիկին Ելիզավետա Կոչկաչյանցս, վերականգնեցի եկեղեցին՝ ի հիշատակ իմ և իմ ընտանիքի։ Տե՛ր, հիշի՛ր մեզ, երբ բառերն ավարտվեն, և գործը թագավորի։ 1879»։ Այսպիսի տեսք ուներ մատուռը 1899 թվականին:

Գրավոր աղբյուրներում Նյուգդիի Սուրբ Գրիգորիսի մատուռի մասին ամենավաղ հայտնի հիշատակությունները սկսվում են 1850 թվականից, երբ այնտեղ է այցելել Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը (1819-1879)։ Նա այդ մասին գրել է «Ճանապարհորդություններ Մեծ Հայքում» գրքի երկրորդ մասում. «Կառուցվեց մի փոքրիկ մատուռ, որի ներսում կար քառակուսի գերեզման ...»[2]: 1857 թվականին մատուռ է այցելել հայտնի հրապարակախոս, Դաղստանի ժողովուրդների պատմության և կյանքի հետազոտող Ռոստոմ-բեկ Երզինկյանը[3]։ Երզինկյանը գրել է «... Աղվանքում աղյուսով կառուցվել է մատուռ Գուրգանի գետակի ափին, լեռնոտ դաշտի եզրին։ Մատուռն ունի 18 ոտնաչափ երկարություն, 10 ոտնաչափ լայնություն և 20 ոտնաչափ բարձրություն։ Այս փոքր մատուռի հարավային պատը ունի երկու պատուհան, թաղածածկ կառուցվածք, ներսից փոքր աղյուսե կամարներ և բոստոնի պատի վերին մասում կախված են Քրիստոսի խաչելության, Քրիստոսի և Տիրամոր չարչարանաց հին պատկերներ՝առանց մակագրությունների։ Սուրբ մատուռի կենտրոնում կա մի փոքրիկ գմբեթ, որի բարձրությունը 5 ու կես թզաչափ է, լայնությունը՝ 3, իսկ երկարությունը՝ 4: Այն ունի 3 շատ փոքր պատուհան և դռան արևելյան կողմում, որտեղ խունկ են  ծխում ի պատիվ սուրբ մասունքների, օրհնված նշխարքների և երջանիկ նահատակի, այն ունի սրածայր գմբեթ, որի վրա դրված է երկաթե խաչ»[4]։

Մատուռը, իսկ 1916 թվականին՝ եկեղեցին, կառուցվել է ի հիշատակ Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռան և Սուրբ Վրթանեսի որդու՝ Գրիգորիսի, որը սրբադասվել էր։ 4-րդ դարի սկզբին Սուրբ Գրիգորիսը քրիստոնեություն է տարածել Վրաստանում և Ալբանիայում, ինչը, ի վերջո, հանգեցրել է նրա տանջալից նահատակության։

Ըստ վաղ միջնադարյան պատմաբանների՝ Մերձկասպյան տարածաշրջանի Սանեսանի մուսկուտների հեթանոսական ցեղերի արքայի հրամանով Գրիգորիսին կապել են ձիուց և քաշել ափամերձ քարերի վրայով, մինչ նա մահացել է։ Նրա աշակերտները սրբի մարմինը տեղափոխել են Ամարասի վանք և թաղել այնտեղ։ Հեթանոսների անարգանքներից խուսափելու համար թաղման վայրը չի նշվել և այն ժամանակի ընթացքում մոռացվել է։ Սուրբ Գրիգորիսի մասունքները հայտնաբերվել են ավելի ուշ՝ 489 թվականին, թագավոր Վաչագան III Բարեպաշտի կողմից։

Խորհրդային շրջանում եկեղեցին ճանաչվել է որպես պատմական հուշարձան, բայց եկեղեցու ներսում, երկար տասնամյակների պետական աթեիզմի տարիներին ամայություն է տիրել։ Նյուգդիի Սուրբ Գրիգորիսի եկեղեցու պատերը պահպանվել են, բայց ներքին հարդարանքը՝ ոչ։ Չնայած դրան, գյուղացիները չոչնչացրեցին հնագույն տաճարը, այլ, ընդհակառակը, հարգեցին իրենց տարածքում գտնվող կրոնի և ճարտարապետության հուշարձանը[5]։

Եկեղեցու երկարությունը 17 մ է, լայնությունը՝12 մ, բարձրությունը՝ շուրջ 18 մ գմբեթով։ Յուրաքանչյուր պատի վրա կան խորշեր՝ ուղիղ եռանկյուն պրիզմաների տեսքով, որոնք վերևում ավարտվում են հինգ ճյուղավորված  գծերով։ Չորս կողմից տանիքի տակ պատերին  խաչաձև անցքեր կան։ Եկեղեցում վերականգնման աշխատանքներ են ընթանում[6], որը երկար տարիներ ղեկավարում էր Դերբենտի հայ համայնքի և Ռուսաստանի հայերի միության Դաղստանի տարածաշրջանային մասնաճյուղի նախագահ Վիկտոր Դանիլյանը (1951-2019)՝ էնտուզիաստների խմբի աջակցությամբ։ Վերականգնվել է եկեղեցու ուխտագնացության ավանդույթը, երբ Դաղստանից, Հարավային Ռուսաստանից և այլ վայրերից հայ ընտանիքները գալիս են Սուրբ Գրիգորիսին երկրպագելու, ամեն տարի  օգոստոսի նախավերջին կիրակի օրը[7]։

2011 թվականի օգոստոսին տաճարը զգալիորեն վերափոխվել է։ Ներսում պատերի հարդարման աշխատանքներն  ամբողջությամբ ավարտվել  են, նորոգվել է քարե հատակը և խորանի վեհարանը, պատրաստվել է գմբեթի խաչ, տեղացի նկարիչ Մելիք-Մամեդ Ագաբալաևը, Դաղստանի հայերի հոգևոր առաջնորդ  Տեր-Սարգիսի հետ խորհրդակցելով, հայկական կրոնական ոճով նկարել է չորս տաճարական սրբապատկերներ՝ (Փրկչի, Աստվածամոր, Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Գեորգի)։ 2011 թվականի օգոստոսի 20-ին Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավի թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը կատարեց վերականգնված գմբեթավոր խաչի և սրբապատկերների օծման արարողությունը[8]։ 2014 թվականին նրա տեղում տեղադրվել է գմբեթավոր խաչը։

2016 թվականի օգոստոսի 21-ին Նյուգդիում հանդիսավորությամբ նշվել է Սուրբ Գրիգորիս եկեղեցու 100-ամյակը, կատարվել է աղոթք, նոր ծխականների մկրտության արարողություն և տոնական հացկերույթ, ներկա են գտնվել դաղստանցի հայեր, հյուրեր Երևանից, Պյատիգորսկից, Կիսլովոդսկից, Դաղստանի ռուսական, մուսուլմանական և հրեական համայնքների և հանրապետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ։ 

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. Джалалянц С. Путешествие по Великой Армении. Ч. 2. (на арм. яз.). — Тифлис, 1858. — С. С. 419.
  3. Гаджиев В. Г., Григорян В. Дагестан в армянской дореволюционной литературе. Ростом-бек Ерзинкян о стране гор// Историография истории Дагестана досоветского периода. Сборник статей. Махачкала, 1986. С.132.
  4. Отрывки путешествий Ростом-бека Ахпатского по Дагестану. Гора Абасова и часовня святого Григориса (на арм. яз.) // Мегу Айастани. — 1859. — № № 1. — С. 3.
  5. Почитание Святого Григориса — традиция сквозь столетия (ФОТОРЕПОРТАЖ) — 8 Сентября 2009 — Информационный центр газеты армян России «Еркрамас»
  6. http://www.rgvktv.ru/open_news/obshestvo/v_okrestnostyah_sela_nyugdi_prodoljaetsya_restav(չաշխատող հղում)<
  7. «Храм у истоков нашей веры». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  8. Освящение креста церкви Святого Григориса в городе Дербент

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]