Jump to content

Սուսեքսի վամպիրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուսեքսի վամպիրը
անգլ.՝ The Adventure of the Sussex Vampire
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1924
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Հրատարակվել է1924
ՇարքՇերլոկ Հոլմսի արխիվը[1] և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
ՆախորդՉորեքթաթ մարդը
ՀաջորդԵրեք Գարիդեբները
 The Adventure of the Sussex Vampire

«Սուսեքսի վամպիրը» (անգլ. The Adventure of the Sussex Vampire), հայտնի խուզարկու Շերլոկ Հոլմսի մասին պատմող անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի պատմվածքներից մեկը։ Հրատարակվել է 1927 թվականին և ընդգրկվում է «Շերլոկ Հոլմսի արխիվը» ժողովածուում[2]։

Շերլոկ Հոլմսին է դիմում թեյեր վաճառող պարոն Ռոբերտ Ֆերգյուսոնը, ով կասկածում է, որ իր կինը վամպիր է։ Հոլմսին ուղղված նամակում նա ներկայացնում է իր պատմությունը։ Ֆերգյուսոնը երկրորդ անգամ ամուսնացել է մի գեղեցիկ և երիտասարդ պերուուհու հետ և նրանք երեխա որդի ունեն։ Բացի այդ, տանը նաև ապրում է Ֆերգյուսոնի առաջին կնոջից որդին, 15-ամյա Ջեքը, ով փոքր հասակում վնասելով ողնաշարը, մասամբ հաշմանդամ է դարձել։ Խորթ մոր և Ջեքի միջև հարաբերությունները ի սկզբանե չեն ստացվել, ավելին, խորթ մայրը երկու անգամ հարձակվել է տղայի վրա` ուժեղ ծեծելով։

Հանկարծ, մի դաժան դեպք է տեղի ունենում։ Ստնտուն մտնում է սենյակ, որտեղ պառկած է երեխան, և տեսնում է, թե ինչպես է մայրը ատամները խրել երեխայի պարանոցի մեջ և ծծում է նրա արյունը։ Տեսածից քիչ էր մնում խելագարված ստնտուն ցանկանում էր անհապաղ ամեն ինչ Ֆերգյուսոնին պատմել, սակայն մայրը աղաչում է ոչինչ չասել և նույնիսկ դրա համար նրան գումար է վճարում։ Սակայն այս պատահարը այնքան է ստնտուին ցնցում, որ շուտով նա չի դիմանում և այդ սարսափելի պատահարի մասին Ֆերգյուսոնին է պատմում։ Նա լսածը հիմար կատակի նման է ընդունում, սակայն նույն պահին երեխայի սենյակից երեխայի ծղրտոցն է լսվում։ Ֆերգյուսոնը և ստնտուն վազում են այդ սենյակ և տեսնում են, որ մայրը ծնկի է իջել երեխայի առաջ, ում պարանոցին խայթոցի վերքերն են, իսկ մոր շուրթերը իր որդու արյան մեջ են։ Մայրը կտրականապես հրաժարվում է որևէ բացատրություն տալ կատարվածի համար և առանձին սենյակում փակվում է, որտեղ հավատարիմ սպասուհին սկսում է ուտելիք և խմիչք տանել։

Այս գործով չափազանց հետաքրքրված Հոլմսը, Վաթսոնի ուղեկցությամբ մեկնում է Սուսեքսում գտնվող Ֆերգյուսոնի տուն, որպեսզի հետաքննություն սկսի։ Հոլմսը ուշադրություն է դարձնում, որ տան պատերը զարդարված են ոչ միայն նկարներով, այլ նաև «հարավամերիկյան սպասքի և զենքերի հավաքածուով»։ Բացի այդ, Հոլմսը տանը ապրող շան մոտ տարօրինակ հիվանդություն է նկատում։ Սպանիելը, առանց որևէ պատճառի, համարյա կաթվածահար է եղել։ Շփվելով Ֆերգյուսոնի ավագ որդու հետ և կրտսեր երեխային զննելուց հետո Հոլմսը հաղորդում է, որ գործը բացահայտված է, սակայն հետագա բոլոր բացատրությունները տեղի կունենան միայն Ֆերգյուսոնի կնոջ ներկայությամբ։ Վաթսոնի և Ֆերգյուսոնի հետ միասին կնոջ սենյակ բարձրանալով, Հոլմսը բացահայտում է այս անսովոր դեպքի էությունը։

Ատելով իր փոքր արյունակից, և, ամենագլխավորը, առողջ եղբորը, Ջեքը որոշում է կործանել նրան։ Օգտվելով հարավամերիկյան հավաքածուի թունավոր ծայրադիր ունեցող զենքերից մեկից, Ջեքը սկզբում դրա ազդեցությունը փորձում է շան վրա, իսկ հետո երեխայի պարանոցի վրա է կրակում։ Երջանիկ պատահականությամբ մայրը այդ տեսարանի ականատեսն է դառնում և հասցնում է վերքից ծծել թույնը։ «Վամպիրիզմի» բոլոր հետագա դեպքերը կապված են նրա հետ, որ մայրը փորձում էր վերջնականապես իր որդուն ազատել թույնից։ Իմանալով, թե ինչքան ուժեղ է իր ամուսինը սիրում իր ավագ հաշմանդամ որդուն, երիտասարդ կինը որոշեց չպատմել նրան սարսափելի ճշմարտությունը։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին «Սուսեքսի վամպիրը» բեմադրվել է BBC Radio 4-ի համար[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Doyle A. C. The Case-Book of Sherlock HolmesJohn Murray, 1927.
  2. Christopher Redmond, Sherlock Holmes Handbook: Second Edition (Dundurn, 2009), ISBN 978-1554884469, pp. 35–36. Excerpts available at Google Books.
  3. «The BBC audio complete Sherlock Holmes». merrisonholmes.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսեքսի վամպիրը» հոդվածին։