Jump to content

Չորեքթաթ մարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չորեքթաթ մարդը
անգլ.՝ The Adventure of the Creeping Man
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուբրիտանական անգլերեն
Գրվել է1923
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Հրատարակվել է1923
ՇարքՇերլոկ Հոլմսի արխիվը[1] և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
ՆախորդՏոր կամրջի հանելուկը
ՀաջորդՍուսեքսի վամպիրը
 The Adventure of the Creeping Man

«Չորեքթաթ մարդը» (անգլ. The Adventure of the Creeping Man), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի հայտնի խուզարկու Շերլոկ Հոլմսի մասին պատմող պատմվածքներից մեկը։ Հրատարակվել է 1923 թվականին և ընդգրկված է «Շերլոկ Հոլմսի արխիվը» ժողովածուում։

1903 թվականի սեպտեմբերի սկզբին Շերլոկ Հոլմսին օգնության համար դիմում է ոմն Ջոն Բենեթը, ով հայտնի պրոֆեսոր Փրեսբերիի ասիստենտն է։ Ծեր պրոֆեսորը իր գործընկերներից մեկի երիտասարդ դստերը ամուսնության առաջարկություն է արել, սակայն իր զառամյալ տարիքի համար մերժվել է։ Դրանից Հետո Փրեսբերին, առանց որևէ մեկին տեղեկացնելու, որոշ ժամանակով տանից անհետանում է, այնուհետև տարօրինակ նամակագրություն է սկսում ոմն չեխ Դորակ ազգանունով մարդու հետ, ով Լոնդոնում գտնվող համախանութի սեփականատեր է։ Բացի այդ, պրոֆեսորը փոքր տուփ է բերում, որին խստիվ արգելում է ձեռք տալ, նույնիսկ իր ասիստենտին։ Անհասկանալի կերպով փոխվում է նաև Փրեսբերիի պահվածքը։ Նա դառնում է կոպիտ, կասկածելի և փակ։ Ընդ որում, ըստ Բենեթի հետաքրքրական դիտողության, այդ «խոժոռությունը» պրոֆեսորի մոտ ուժեղանում է ինը օրը մեկ, երբ Դորակի կողմից հերթական նամակ և փոքր փաթեթ է ստանում։ Ռոյ անունով տնային շան պահվածքը նույնպես տարօրինակ է։ Շունը մի քանի անգամ այնպիսի կատաղությամբ է հարձակվել տիրոջ վրա, որ ստիպված էին նրան փողոցում շղթայակապել։ Վերջին կաթիլը, որը ստիպեց Բենեթին դիմել Հոլմսին, սարսափելի դրվագ էր։ Գիշերը Բենեթը պրոֆեսորին միջանցքում չորեքթաթ քայլելուց է տեսել։ Հոլմսը պատրաստ է հետաքննություն սկսել։ Եվ հենց այդ պահին Բեյքեր սթրիթի բնակարան է մտնում պրոֆեսոր Փրեսբերի դուստր և Բենեթի հարսնացու Էդիթը։ Չափազանց անհանգստացած նա ևս մեկ սարսափելի դեպք է պատմում։ Գիշերը ծառ բարձրացած պրոֆեսորը սկսել է դրսից ծեծել երրորդ հարկում գտնվող աղջկա սենյակի պատուհանը։

Հոլմսը Վաթսոնի ուղեկցությամբ անմիջապես մեկնում է համալսարանական քաղաք, որտեղ ապրում է Փրեսբերին։ Տունը շրջապատող ծառերը զննելուց հետո Հոլմսը և Վաթսոնը հանդիպում են Փրեսբերիին, ում արգեսիվ պահվածքը զարմացնում է նրանց։ Ստացած տեղեկությունը վերլուծելուց հետո Հոլմսը Վաթսոնին և Բենեթին առաջարկում է գիշերը հետևել պրոֆեսորին, այն բանից հետո, երբ նա Դորակից հերթական փաթեթը կստանա։ Շուտով դեպքը ներկայանում է, և կեսգիշերին Հոլմսը և Վաթսոնը տեսնում են, թե ինչպես է պրոֆեսոր Փրեսբերին իրեն կապիկի պես պահում։ Պրոֆեսորը քայլում է ոտքերի և ձեռքերի վրա և զարմանալիորեն ճկուն կերպով ցատկում է ծառերի վրայով` մի ճյուղից մյուսը։ Դրանից հետո Փրեսբերին սկսում է բորբոքել շղթայակապված շանը, ով դուրս պրծնելով վզակապից հարձակվում է իր տիրոջ վրա և համարյա կրծում էր նրա վիզը։ Տուժած Փրեսբերիին Վաթսոնը բժշկական օգնություն է ցուցաբերում։

Վաթսոնի և Բենեթի ներկայությամբ Հոլմսը բացում է պրոֆեսորի խորհրդավոր տուփը, որի մեջ դրված էր պրեպարատներով սրվակ, ներարկման համար շպրիցեր, Դորակի հետ նամակագրություններ, ինչպես նաև նամակներ Պրահայի գիտնականներից մեկից՝ Գ․ Լովենշտեյնից, ով իբրև երիտասարդացման շիճուկ է բացահայտել և ում բոյկոտում են Եվրոպայի բոլոր գիտնականները, քանի որ նա հրաժարվում էր կիսվել իր բացահայտման արդյունքներով։ Պրոֆեսոր Փրեսբերին, ով ցանկանում էր երիտասարդանալ, օգտվում է Լովենշտեյնի արդյունքներից և սկսում է իրեն «շիճուկ» ներարկել, որը պատրաստվել է ոմն պրիմատի՝ «սևագլուխ գուլմանի» արյունից։ Ավաղ, բնությանը խաբել չստացվեց, իսկ երկրորդական ազդեցությունը դարձավ կապիկի մակարդակին հասնող պրոֆեսորի բարոյական և ֆիզիկական դեգրադացիան։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Չորեքթաթ մարդը» պատմվածքը ներառված է Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածների մասին պատմող պատմվածքների սահմանափակ ցանկում (օրինակ, ինչպիսիք են՝ «Սկանդալ Բոհեմիայում», «Անվանի ամուրին», «Պատռված շրթունքով մարդը» պատմվածքները), որտեղ քրեական նախապատմությունը բացակայում է։

Ադապտացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չորեքթաթ մարդը» պատմվածքը ցուցադրվել է 1994 թվականին BBC Radio 4-ի ռադիո ադապտացիայում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Doyle A. C. The Case-Book of Sherlock HolmesJohn Murray, 1927.
  2. «The BBC audio complete Sherlock Holmes». merrisonholmes.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • "The Adventure of the Creeping Man," [Illustration by Frederic Dorr Steele]. The Courier-Journal, Magazine section [Louisville, Ky.] (March 15, 1925), 2, 8.
  • "The Adventure of the Creeping Man," Evening Bulletin [Philadelphia] (March 28, 1925), 19, illus.
  • "The Creeping Man," Illustrations by Frederic Dorr Steele. Hearst's International, 43, No. 3 (March 1923), 8-13, 116, 118, 120.
  • "The Adventure of the Creeping Man," [Illustrated by Criswell]. Los Angeles Times Sunday Magazine (March 22, 1925), 7, 19-20.
  • "The Adventure of the Creeping Man," Illustrated by Howard Elcock. The Strand Magazine, 65, No. 387 (March 1923), 210-224.
  • "The Adventure of the Creeping Man," Sunday Chronicle [Manchester] (February 2, 1930), 6, 19. illus.
  • "The Adventure of the Creeping Man," The Times-Picayune [New Orleans] (March 22, 1925), 2, 4, 6. illus.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորեքթաթ մարդը» հոդվածին։