Սովորական լոքո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոքոյի պատկերով լատվիական նամականիշ

Սովորական Լոքո (լատիներեն՝ Silurus glanis), լոքոյաձկների ընտանիքի ձուկ։ Սովորաբար հանդիպում է դանդաղահոս գետերի մերձհատակային մասերում, Հայաստանում Արաքս, Ախուրյան, Մեծամոր, Որոտան, Արփա գետերում, Արարատյան դաշտի ջրանցքներում ու լճակներում։ Խոշոր ձուկ է։ Մարմնի երկարությունը 60-90 սմ է (երբեմն՝ 2-3 մ, զանգվածը՝ 150 կգ և ավելի)։ Պոչային ցողունը երկար է, կողքերից սեղմված։ Գլուխը տափակ է, լայն, մաշկը՝ առանց թեփուկային ծածկի ու լորձնոտ։ Բերանը մեծ է, գտնվում է գնչի ծայրին և զինված է մանր խոզանանման ատամիկներով։ Ստորին ծնոտը վերինից երկար է։ Ունի 3 զույգ բեղիկներ, որոնցից 2-ը (կարճ զույգերը) գտնվում են ստորին ծնոտի տակ, իսկ մյուսը (երկարը)՝ վերին ծնոտի վրա։ Պոչային լողակը զուրկ է կտրվածքից և ունի կոր եզրագիծ։ Մեջքային լողակն ունի 2-4 ճառագայթ, հետնալողակը՝ 81-94: Խռիկային առաջին աղեղի վրա ծառագորտ կա 13-14 առէջ։ Կրծքային լողակի առաջին ճառագայթը խիստ հաստացած է, հետին մասում՝ ատամիկներով զինված։ Մեջքը բաց մոխրագույնից սևակապտավուն է, փորիկը՝ սպիտակ կամ մոխրասպիտակավուն, կողքերը՝ ավելի բաց գույնի։ Կողքերի և փորիկի վրա ցրված են բազմաթիվ մանր, մուգ բծեր։ Ծիածանաթաղանթը դեղին է՝ սև պտերով։ Սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում։ Բազմանում է գարնանը' 18-20 °C ջերմաստիճանային պայմաններում՝ պարզունակ կառուցվածք ունեցող և ջրային բույսերի արանքում գտնվող բներում։ Բեղունությունը կազմում է մինչև 480 հազար ձկնկիթ, որը կպչուն է, տրամագիծը՝ 2-3 մմ։ Ձկնկիթի զարգացումը տևում է 3-10 օր։ Արուն այդ ընթացքում հոգ է տանում ինչպես ձկնկիթի, այնպես էլ թրթուրների նկատմամբ։ Հասնելով 7 մմ երկարության՝ շերեփուկներ հիշեցնող մանրաձկներն անցնում են արտաքին սննդառության։ Գիշատիչ է։ Սնվում է փափկամարմիններով ու զանազան ողնաշարավորներով (ձկներ, գորտեր, թռչուններ, մանր կաթնասուններ)։ Սննդային ակտիվությունը բարձր է գիշերը։ Ցերեկը սովորաբար գտնվում է թաքստոցում։ Արժեքավոր տեսակ է։ Հայաստանի գետերում երբեք մեծաքանակ չի եղել։ Սիրողական ձկնորսության օբյեկտ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։