Jump to content

Սննդականոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սնունդ
Սնունդ

Սննդականոն, սննդի ռեժիմ, սննդի օրաբաժնի բաշխումը օրվա ընթացքում։ Կախված է անհատի տարիքից, օրվա ռեժիմից, աշխատանքի բնույթից ու ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև սննդի ծավալից, կալորիականությունից, որակական կազմից և այլն։ Սննդականոնը ճիշտ կարևոր սկզբունքներն են․ սննդի ընդունումը որոշակի, կայուն ժամերին, որի դեպքում ստեղծվում է մարսողական համակարգի գործունեության որոշակի ռիթմ և մարսողության պրոցեսների բնականոն ընթացքի համար առավել նպաստավոր պայմաններ։ Կարևոր է նաև միանվագ, մեծ քանակով սնունդ չընդունելը, սնվելու ընդմիջումները 4—5 ժամից չգերազանցելը, որով ապահովվում է մարսողական համակարգի հավասարաչափ ծանրաբեռնվածությունը, մարսողության պրոցեսների բնականոն ընթացքը։ Առավել նպատակահարմար է սնունդն ընդունել օրական 4 անգամ, որի ժամանակ սննդի օրաբաժինն ըստ կալորիականության բաշխվում է հետևյալ ձևով՝ նախաճաշ՝ 25%, ճաշ՝ 35%, ետճաշիկ՝ 15%, ընթրիք՝ 25%։ Մարսողական համակարգը կարիք ունի օրական 8—10 ժամյա հանգստի, ուստի պետք է ընթրել քնելուց 3 ժամ առաջ (ուշ ընթրիքը հյութազատիչ ապարատին զրկում է հանգստից, հանգեցնում մարսողական գեղձերի գերլարվածության և հյուծման)։ Կարևոր է նաև օրվա ընթացքում առանձին սննդամթերքների ճիշտ բաշխումը։ Մպիտակուցներով հարուստ սննդամթերքները (միս, ձուկ և այլն), որոնք գրգռում են նյարդային համակարգ, ակտիվացնում նյութափոխանակությունը, երկար են մնում ստամոքսում ու մեծ չափով դրդում հյութազատությունը, անհրաժեշտ է ընդունել օրվա առաշին կեսին։ Ընթրիքին պետք է օգտագործել առավելապես կաթնա-բանջարեղենային թեթև սնունդ, որը հեշտությամբ է յուրացվում։ ճիշտ Սննդականոնը նպաստում է մարսողական համակարգի բնականոն գործունեությանը և սննդի առավել արդյունավետ յուրացմանը, օրգանիզմի կենսական պրոցեսների ռիթմին համապատասխան անհրաժեշտ սննդանյութերով ապահովմանը, հետևապես առողջության պահպանմանն ու աշխատունակության բարձրացմանը։ Սննդականոնի խախտումները բացասաբար են անդրադառնում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, նպաստում ստամոքսաբորբերի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության, հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների և այլ հիվանդությունների զարգացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 482