Սիրահարները I (կտավ, Մագրիտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրահարները I
ֆր.՝ Les amants
տեսակԳեղանկար
նկարիչՌենե Մագրիտ
տարի1928
բարձրություն54
լայնություն73
ուղղությունսյուրռեալիզմ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԿանբերրա
հավաքածուԱվստրալիայի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Սիրահարները I» (անգլ.՝ Lovers I), Ռենե Մագրիտի նշանավոր նկարներից, որը հեղինակը նկարել է 1928 թվականին։ Նկարում պատկերված կնոջ և տղամարդու դեմքերը խորհրդավոր կերպով ծածկված են սպիտակ սավանով։ Այն այժմ ցուցադրվում է Ավստրալիայի ազգային պատկերասրահում։ Սիրահարների շարքի 1928 թվականին նկարված երկրորդ նկարը՝ «Սիրահարներ II», գտնվում է Նյու Յորքում՝ կոլեկցիոներ Ռիչարդ Զայսլերի հավաքածուում։ Այս նկարում նույն կերպ ծածկած դեմքերով պատկերված կինը և տղամարդը արդեն համբուրում են միմյանց[1]։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան տարբեր վարկածներ, թե ինչից է ոգեշնչվել Մագրիտը այս նկարը նկարելիս։ Ռենեն էլ իր մի շարք սյուրռեալիստ հետևորդների նման հիացած էր Ֆանտոմասի կերպարով։ Վերջինս 1913 թվականին լույս տեսած վեպի խորհրդավոր հերոսն էր, որն ավելի ուշ հայտնվում է ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Լուի Ֆյոյադի ֆիլմերում։ Ֆանտոմասի ինքնությունը երբեք չի բացահայտվում։ Նա միշտ հայտնվում է դեմքը սպիտակ կտորով կամ գուլպայով քողարկած[1]։

Մեկ այլ վարկածի համաձայն Ռենեն խիստ ազդված է եղել մոր ինքնասպանությունից։ 1912 թվականին, երբ նա դեռ 13 տարեկան էր, նրա մորը գտնում են Սամբրա գետում խեղդված։ Երբ նրա մարմինը հանում են գետից, Ռենեն ականատես է լինում այդ տեսարանին և տեսնում է մոր` գլխին փաթաթված թաց, սպիտակ գիշերազգեստը[1]։

Անձամբ Ռենեն հերքել է այս վարկածը։ Նա նշել է, որ այս նկարները զուտ իր սեփական երևակայության և որոշ չափով նևրոզի արտացոլումն են[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիրահարները I» նկարում կինը և տղամարդը այնպես են պատկերված, ասես պատրաստվում են լուսանկարվել։ Առաջին հայացքից այն տպավորությունն է ստեղծվում, թե զույգը նկարվել է միգուցե որևիցե տոնի ժամանակ, ուրախ և ջերմ մթնոլորտում, քաղաքից դուրս, հավանաբար Նորմանդիայի ափին, սակայն ծովից հնարավորինս հեռու։ Բայց ավելի ուշադիր նայելիս կարելի է նկատել մուգ կանաչ, որոշ հատվածներում անգամ սև թփերը, ծառերը։ Նրանց գլուխները ամուր փաթաթված են սպիտակ, տեղ-տեղ ստվերից գորշացած կտորով։ Մտերմիկ և սիրային նկարի տպավորությունը միանգամից անհետանում է։ Ի հայտ է գալիս օտարացման, խեղդվելու, շնչահեղձության և անգամ մահվան պատկերը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 The Lovers I(անգլ.)