Jump to content

Սիմանկասի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմանկասի ամրոց
իսպ.՝ Castillo de Simancas
Նկարագրություն
Տեսակդղյակ և archive building?
Վարչական միավորՍիմանկաս
Երկիր Իսպանիա
Համալիրի մասQ6344997?
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Simancas Վիքիպահեստում

Սիմանկասի ամրոց (իսպ.՝ Castillo de Simancas), պաշտպանական կառույց Իսպանիայի Կաստիլիա և Լեոն ինքնավար միության Վալյադոլիդ նահանգի Սիմանկաս քաղաքում։ Քաղաքը տեղակայված է Վալյադոլիդից 10 կմ դեպի հարավ-արևմուտք և հայտնի է նրանով, որ 10-րդ դարի վերջին այնտեղ եղել է ռազմական մեծամասշտաբ ընդհարում, որի ժամանակ Կաստիլիայի, Լեոնի ու Նավառայի միացյալ զորքերը ջախջախել են մավրերի բանակը՝ արաբներին ստիպելով նահանջել դեպի հարավ[1]։

1540 թվականից Սիմանկասի ամրոցում տեղակայված է Իսպանիայի Գլխավոր արխիվը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարում Իսպանիայի թագավորը Սիմանկասում՝ իսլամական շրջանի հին ամրաշինական կառույցի տեղում, կառուցել է ամրոց։

Ամրոցը, որ ունի բազմաթիվ բաստիոններ ու ատամնաշարավոր աշտարակներ, կառուցվել է բաց գույնի քարից։ Տանիքը կառուցված է մուգ գույնի շինանյութից և իր գույնով հակադրվում է հիմնական կառույցին։ Ամրոցի գլխավոր աշտարակը, որ ունի բարձր գմբեթ, կառուցված է բարոկկոյի ոճով։ Ամրոցի պատերը, հրակնատները, խրամները, մուտքը և երկու կամուրջները կառուցվել են միջնադարում՝ 15-րդ դարում։ Այդ ժամանակ է կառուցվել նաև մատուռը։ Ամրոցը վերակառուցվել է 16-րդ, 17-րդ և 18-րդ դարերում։

Կառլոս I թագավորի օրոք ամրոցը վերածվել է բանտի, որտեղ պահվել են կալանավորները[1]։ Ներկայում պահպանվում է նաև տանջանքների սենյակը։

1540 թվականին ամրոցի աշտարակներից մեկում Կառլ V թագավորի հրամանով տեղակայվել է արխիվը[3], որտեղ պահվում էին Իսպանիայի թագավորության հիմնական փաստաթղթերը։ Ֆելիպե II թագավորի օրոք ողջ ամրոցն սկսում է օգտագործվել փաստաթղթերի պահպանության համար։ Այդ նպատակով ամրոցում կատարվում են որոշակի փոփոխություններ, և այն հարմարեցվում է Գլխավոր արխիվի պահանջներին։ Փաստաթղթերի պահպանության համար նշանակվում է արխիվիստ, որը պատասխանատու էր փաստաթղթերի բոլոր թղթերի պատշաճ պահպանության համար։

Թագավորության գլխավոր արխիվը պատմական փաստաթղթերի հավաքածու է, որոնց թվում կան թեմական ծախսերի մատյաններ, քաղաքային ցուցակագրություններ, հողային ցուցակագրություններ, քաղաքի կառավարության հրամաններ, առանձնաշնորհումների վերաբերյալ թղթեր և այլն։ Ներկայում արխիվը Եվրոպայի ամենակարևոր արխիվներից մեկն է. այնտեղ պահվում է շուրջ 35 միլիոն (այլ տվյալներով՝ 33 միլիոն[1]) տարբեր փաստաթղթեր, որոնցից շուրջ 400 հազարը Սուրբ ինկվիզիցիայի գործերին վերաբերող թղթեր են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Замок Симанкас: фото, описание». votpusk.ru. Վերցված է 18 սեպտեմբերի, 2016-ին. (ռուս.)
  2. Christopher Markiewicz and Nir Shafir, ed. (2014). «Archivo General de Simancas». Hazine: a Guide to Researching the Middle East and Beyond.
  3. «Historia del Archivo». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]