Սիբիրյան հասկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիբիրյան հասկի
Տեսակշան ցեղատեսակ և Հասկի
Այլ անուններՍիբիրյան լայկա,
չուկչա
ՄականուններՀասկի
ԲնաշխարհՌուսաստան (Սիբիր)
Առանձնահատկություններ
Զանգված արու20,5–28 կգ
Զանգված էգ15,5-23 կգ
Հասակ արու53,5-60 սմ
Կյանքի տևողություն12-15 տարի
Կյանքի տևողություն12-15 տարի
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Սիբիրյան հասկի (ռուս.՝ Сибирский хаски, անգլ.՝ Siberian Husky), շան ցեղատեսակ, որը գրանցվել է ամերիկացի կինոլոգների կողմից 20-րդ դարի 30-ական թվականներին՝ որպես տեղաշարժի համար նախատեսված շուն, որը ստացվել է Հեռավոր Արևելքի, մասնավորապես, Անադիրի, Կոլիմայի, Կամչատկայի աբորիգեն շներից, որոնք պատկանում են տեղի ափամերձ շրջաներում բնակվող ցեղերին՝ յուկագիրներ, կերեկներ, ասիական էսկիմոսներ և չուկչաներ[1][2]։ Ռուսական Հեռավոր Արևելքի այս շնատեսակը հանդիսանում է շան ամենահին ցեղատեսակներից մեկը։ Ներկայումս «սիբիրյան հասկի» ցեղատեսակն օգտագործվում է ոչ միայն տեղաշարժի նպատակով, այլև որպես ուղեկից և շոուների շուն։

Ցեղատեսակի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական հեռավոր Արևելքի շներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական Հեռավոր Արևելքի՝ լծման համար նախատեսված շները դեռևս նեոլիթի ժամանակաշրջանից պահվում էին նստակյաց աբորիգեն ցեղերի կողմից, որոնք զբաղվում էին ձկնորսությամբ և ծովային հրեշին որսալով ու պատկանում էին այսպես կոչված «որսորդական մշակույթին»։ Այդ ազգերի սերունդները՝ նիվխեր, յուկագիր-չուվաններ, մասամբ նաև ասիական էսկիմոսներ, պահպանել են այս շներին պահելու ավանդույթը։ Պատահական չէ, որ այս շրջանները հարևաններն անվանում էին «շների երկիր»․ ունենալով կերի բավարար քանակություն՝ չորացած ձուկ, նրանք ի վիճակի էին կերակրել մեծ քանակությամբ շներ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ լծընթացի համար՝ նվազագույնը 9 շուն[2]։

Նմանատիպ շների քանակի ավելացմանը նպաստեց նաև 17-18-րդ դարերում ռուսների կողմից այս շրջանների ակտիվ հետազոտումը՝ «փափուկ ոսկի» գտնելու նպատակով․ հպատակած ցեղերից գանձվող հարկերը հավաքելու, ապրանքներ մատակարարելու, փոստերը փոխանցելու և պաշտոնյաների տեղաշարժն ապահովելու համար նրանց անհրաժեշտ էր փոխադրման միջոց։ Ի հայտ եկավ և տարածվեց ավելի մեծ և տարողունակ փոխադրման միջոց, որն անվանում էին «արևելասիբիրյան ռուսական»։ Ուստի, տեղաշարժի համար պահանջվում էր շների ավելի մեծ քանակություն։ Ռուսներն ակտիվորեն վարձում էին տեղացիներին, իրենք էին սովորում։ 1920 թվականին Ամունդսենը Կոլիմայի ռուսների մոտ լինելուց հետո ապշած գրել է․

Շներով տեղաշարժվելու հարցում ռուսներն ու չուկչաներն ինձ հանդիպածների մեջ ամենաբարձր հորիզոնականում են։

Երբ Ալյասկայում սկսվեց Ոսկե տենդը, լծման համար օգտագործվող շների պահանջարկը կտրուկ աճեց նաև Հյուսիսային Ամերիկայի բնակիչների համար։ Եվ քանի որ ռուսական Հեռավոր Արևելքը բավականին լավ յուրացված էր ամերիկացիների կողմից (Չուկոտկայում, Կամչատկայում և Օխոտյան ծովում ամերիկացի որսագողներն ակտիվորեն զբաղվում էին կետերի և փոկերի որսով), շներին տարան նաև այնտեղ։

Վերաբնակեցումը ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական Հեռավոր Արևելքի՝ լծման համար օգտագործվող շներն առաջին անգամ Ալյասկա տարվել են 1908 թվականին։ Քանի որ շներն օժտված էին հիանալի լծարշավային հատկանիշներով, նրանց շարունակեցին տանել ԱՄՆ նաև հաջորդող երկու տասնամյակների ընթացքում, որպեսզի մասնակցություն ունենային մրցույթներում։ Իսկ ահա ԽՍՀՄ-ում, երբ կազմվեց հյուսիսային ցեղատեսակների ռեեստրը, Սիբիրի հյուսիսի, Հեռավոր Արևելքի, Սախալինի, Չուկոտկայի լծաշները դուրս մնացին ցուցակից, քանի որ սկսվել էր մեկ ցեղատեսակ ձևավորելու քաղաքականությունը, իսկ դրանից հետո լծաշները համարվեցին ոչ հեռանկարային, քանի որ դրանց փոխարինելու էին գալիս օդային փոխադրամիջոցները և մոթորասահնակները։ 1934 թվականին «Սիբիրյան հասկին» ԱՄՆ-ում պաշտոնապես ճանաչվեց որպես ցեղատեսակ և նրա համար ստանդարտ սահմանվեց[3]։

Պատմությունը պահպանել է այն մարդկանց անունները, ովքեր կանգնած են եղել այս ցեղատեսակի ստեղծման ակունքներում։ Նրանք են՝ մորթեղենի առևտրով զբաղվող Ուիլյամ Գուսակը (մասնակցել է 1909 թվականի Ալյասկայի մրցումներին), ով արմատներով Ռուսական կայսրությունից էր, ոսկու հանքափոր շոտլանդացի Ֆոկե Մաուլ Ռեմսին (մասնակցել է 1911 թվականին), մորթեղենի առևտրով զբաղվող Օլաֆ Սվենսոնը, ով լրջորեն ուսումնասիրում էր այս շներին պահելու և աճեցնելու փորձը 1930-ական թվականների վերջին, և, իհարկե, լծավար Լեոնարդ Սեպպալան[3]։

Լեոնարդ Սեպպալայի լծվածքի պատմությունը և պատվաստանյութի առաքումը Նոմ քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգացի Լեոնարդ Սեպպալան Ալյասկա էր ժամանել 1901 թվականին և 1915 թվականից սկսած նա բազմաթիվ անգամներ իր՝ Սիբիրից բերված շներով հաղթել է տարբեր լծարշավներում։ Սեպպալան համարվում էր ամենաարագ լծավարը, ով տարիներ շարունակ անընդմեջ հաղթում էր լծարշավներում։ Նա դարձավ 1925 թվականի ձմռան «բարեսրտության մեծ արշավի» գլխավոր հերոսը, երբ Ալյասկայի Նոմ քաղաքում բռնկված դիֆթերիայի համաճարակի ժամանակ երկաթուղու մոտակա կայարանից անհրաժեշտ եղավ քաղաք հասցնել դեղամիջոց, ինչը հնարավոր էր անել միայն լծվածքի օգնությամբ։ Սեպպալան իր լծվածքով անցավ ճանապարհի ամենաանանցանելի հատվածը՝ Նորթոնի ծովածոցը, իսկ նրա ոհմակագլուխը՝ Տոգո սիբիրյան հասկին, առանձնացավ բոլորից՝ Լեոնարդին ցուցաբերելով անգնահատելի օգնություն։ Տոգոն իր հետևից թողեց բարձրակարգ սերունդ։ 1925 թվականի հունվարին Նոմ քաղաքից, որը գրեթե մեկուսացած էր արտաքին աշխարհից, հեռագիր էր ստացվել․

Նոմը կանչում է․․․ Նոմը կանչում է․․․ Մեզ մոտ դիֆթերիայի բռնկում է․․․ Բուժաշիճուկ չկա․․․ Մեզ շտապ օգնություն է հարկավոր․․․ Նոմը կանչում է․․․

Նոմի վրա բարձրացող արկտիկական փոթորիկը թույլ չտվեց Սիեթլի սավառնակներին օդով դեղամիջոց հասցնել քաղաք։ Բուժաշիճուկն ուղակեցին գնացքով մինչև Նենան, որտեղ ավարտվում էր երկաթգիծը․ առաջ գնալ կարող էին միայն շների լծվածքները։ Բուժաշիճուկի շուտափույթ առաքման համար կազմված խումբը բաղկացած էր 20 լծավարներից և մոտ 150 շներից, ովքեր Նենանից մինչև Նոմ պետք է անցնեին 1085 կմ[4]։

Լեոնարդը Նոմից դուրս եկավ՝ նպատակ ունենալով բուժաշիճուկը վերցնել Նուլատոյից։ Շակտոլիկ գյուղի մոտ, Նոմից մոտ 300 կմ հեռու, նա հանդիպեց դեղաբաժին տեղափոխող մի լծավարի։ Նրանք գրեթե կորցրել էին միմյանց ձնամրրիկի պատճառով, սակայն Սեպպալան հասցնում է կանգնեցնել լծվածքը, վերցնել բուժաշիճուկը և վերադառնալ։ Ջերմաստիճանը զրոյից 30 աստիճանով ցածր էր․ փորձելով տնտեսել թանկարժեք ժամանակը՝ Լեոնարդը ռիսկի դիմեց՝ ընտրելով կարճ ճանապարհ Նորթոնի ծովածոցի սառույցներով։ 80 կմ լծվածքն անցավ գիշերը, ուժգին ձնամրրիկի ժամանակ․ սառույցը ճաքճքում էր շնասահնակի և շների թաթերի տակ, վտանգ կար, որ լծվածքը կտապալվի կամ սառույցը կկոտրվի կանցնի ջրի տակ։ Դա գրեթե տեղի ունեցավ․ երբ նրանց շուրջ եղած սառույցը կոտրվեց, նրանք մի քանի ժամ շրջում էին բաց ծովում, իսկ երբ սառույցի կտորը ի վերջո մոտեցրեցին ամբողջական սառույցի, Սեպպալան և Տոգոն լծափոկերով անցան մոտ 1,5 մ ջրի վրայով, որպեսզի մյուս շներին մոտ ձգեին։ Երբ լծվածքը սահեց ջրի մեջ, Տոգոն նետվեց ջուրը և սկսեց ձգել լծափոկը դեպի լծավարն այնքան ժամանակ, մինչև սառույցի կտորը բավականաչափ չմոտեցավ, որպեսզի շները կարողանային տեղափոխվել ավելի ամուր սառույցի վրա։ Տոգոն համարձակությունից և տոկունությունից բացի տիրապետում էր նաև այլ հատկանիշներով՝ կարողանում էր ճանապարհ գտնել, կանխազգալ վտանգը։ Նա հոգնած և սառած շներին ստիպում էր աշխատել, մթության մեջ ճիշտ ուղղություն էր ընտրում, լծավարին զգուշացնում էր սառցահալատեղերի և ճեղքերի մասին։

Հյուսիսային ափին Լեոնարդը շնասայլը կանգնեցրեց այն վայրում, որտեղ անց էր կացրել նախորդ գիշերը, շներին տարավ հյուղակ, կերակրեց, իսկ բուժաշիճուկը տեղափոխեց տաք վայր՝ հույս ունենալով, որ որ մի քանի ժամից ձնամրրիկը կդադարի։ Վաղ առավոտյան ջերմաստիճանը կրկին զրոյից 30 աստիճան ցածր էր, ձնամրրիկը չէր դադարել, և Լեոնարդը ստիպված էր շարունակել ճանապարհը նույն պայմաններում[5]։

Երբ նրանք հասան Գոլովին, շներն արդեն ուժասպառ էին եղել։ Տոգոն այլևս չէր կարողանում վազել՝ նրա թաթերն ընդարմացել էին։ Լծավազքի ժամանակ նա արդեն 10 տարեկան էր։ Բայց դրա փոխարեն բուժաշիճուկը Նոմից ընդամենը 125 կմ հեռավորության վրա էր։ Սեպպալի լծվածքը գրեթե առանց ընդմիջման անցել էր արդեն 418 կմ։

Ճանապարհի վերջին հատվածում բուժաշիճուկը տանում էր Գուննար Կաասենի թարմ շնասահնակը, որի ոհմակագլուխն այն ժամանակ դեռ երիտասարդ Բալտո շունն էր․ նա նույնպես ճանապարհից չշեղվեց ուժգին մրրիկի ժամանակ։ Հենց այդ շնասահնակն էլ դեղամիջոցը Նոմ հասցրեց։ Բուժաշիճուկը սառել էր, բայց չէր վնասվել, և այն անմիջապես սկսեցին օգտագործել։ 5 օր անց համաճարակը լիովին դադարեցված էր[5]։

Գուննար Կաասենի շուն Բալտոն

ԶԼՄ-ները փառաբանեցին նրանց, ովքեր բուժաշիճուկը հասցրել էին Նոմ։ Բալտոն իսկական աստղ դարձավ․ Հոլիվուդում 30 րոպեանոց վավերագրական ֆիլմ նկարահանեցին՝ «Բալտոյի արշավը դեպի Նոմ»[6]։ Սակայն փառքը շուտով խամրեց, վաստակը մոռացվեց, և թիմը վաճառվեց երաժշտական անհայտ մի պրոդյուսերի։ 1927 թվականին Քլիվլենդից մի գործարար շներին գտավ Լոս Անջելեսում մի ցուցահանդեսի ժամանակ՝ չխնամված ու հիվանդ։ Նրա կոչով Քլիվլենդի բնակիչները 2000 դոլար հավաքեցին թիմի գնման համար, և շներին տարան Քլիվլենդի կենդանաբանական այգի, որտեղ և նրանք սկսեցին ապրել։

Շնասահնակները հյուսիսում փոխադրման հիմնական միջոցն էին, և այդ արշավը դարձավ մամուլի կողմից ամենաշատ լուսաբանված իրադարձությունը մինչև այն պահը, երբ աշխարհը սկսեց օգտագործել ձյունագնաց մեքենաներ։ Սակայն մինչ օրս շնասահնակը շատ հաճախ օգտագործում են որպես փոխադրամիջոց, որն ապահովության տեսանկյունից միանշանակ գերազանցում է ձյունագնացներին։ Իսկ ահա «շնասահնակներով մրցարշավներ» սպորտաձևի վերածնունդը տեղի ունեցավ 1970 թվականին և այդ պահից շարունակում է ընդլայնվել։

Ցեղատեսակի անվան առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հասկի» եզրույթը (խեղաթյուրված «էսկի») ի սկզբանե նշանակում էր էսկիմոս։ Արդյունքում այդ անվանումն ամրացավ էսկիմոսյան հասկիների համար։ Դրանք խիտ մազածածկոցով, սուր մռութով, բարձր ականջներով և ուղիղ պոչով շներ են։ Երբ չուկոտյան շների առաջին ներկայացուցիչները ժամանեցին Հյուսիսային Ամերիկա, էսկիմոսյան հասկիներից նրանց տարբերելու համար հասկիներին սկսեցին անվանել սիբիրյան հասկի, և այդ անվանումը պահպանվել է մինչ օրս[3]։

Ցեղատեսակի պաշտոնական ստանդարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիբիրյան հասկի ցեղատեսակի շան ընդհանուր տեսքը առաջին հերթին թեթևության և արագության մարմնավորումն է։ Շանը բնորոշ է միջին հասակ և կոմպակտ մարմնակազմություն։ Մազածածկույթը բավականաչափ խիտ է, լավ զարգացած ենթածածկույթով։ Ականջներն ուղղահայաց դիրքում են, պոչն ունի փետուրի ձև։

Շունը շատ լավ է աշխատում լծասայլում, հեշտությամբ տեղափոխում է ոչ ծանր բեռներ։ Այս շները շատ դիմացկուն են, որձերն արտաքնապես տարբերվում են էգերից հզոր ոսկրերով և մարմնի համամասնություններով։ Էգերի ողնաշարն ավելի նուրբ է, սակայն նրանց չի կարելի ավելի թույլ համարել։ Այս ցեղատեսակի շներին ճիշտ կերակրելու դեպքում նրանք ավելորդ քաշ չեն ունենում։

Գլուխ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպիտ, ինչպես նաև շատ թեթև գլուխը համարվում է այս ցեղատեսակի թերությունը։ Քթի ծայրից մինչև գանգի սկիզբն ընկած հեռավորությունը պետք է հավասար լինի մռութի սկզբից մինչև ծոծրակ ընկած հեռավորությանը։ Մռութը միջին լայնության է, շուրթերն ունեն պիգմենտացիա և չպետք է փափուկ լինեն։ Ականջները միջին չափի են, եռանկյունաձև, իրարից ոչ շատ հեռու և տեղակայված են գլխի վրա բարձր դիրքում, հաստ, խիտ մազածածկույթով, առանց առաջ ուղղվածության, հստակորեն դեպի վեր բարձրացող, փոքր-ինչ կլորավուն եզրերով։

Աչքերը նշաձև են, չափավոր լայն և փոքր-ինչ թեք տեղակայված։ Աչքերի գույնը կարող է լինել շագանակագույնից մինչև երկնագույն, ինչպես նաև հնարավոր է հետերոքրոմիա (ծիածանաթաղանթի գույնի տարբերություն)։ Թերություն է համարվում աչքերի չափազանց մոտ կամ հեռու գտնվելը։

Պարանոց և կուրծք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասկիի ձագ

Կանգնած դիրքում շան վեր բարձրացրած պարանոցը միջին երկարության է, բավականաչափ թեք և վեր սլացող։ Եթե շունը շարժվում է վարգով,պարանոցն առաջ է ձգված, ինչի շնորհիվ գլուխը զգալիորեն առաջ է ուղղված։ Թերություն է համարվում պարանոցի մեծ զանգվածը։

Ստանդարտով ուսերը պետք է ունենան թեք թիակ, որը հորիզանականի նկատմամբ տեղակայված կլինի 45 աստիճանի տակ։ Ուսը չպետք է գետնի մակերեսի նկատմամբ ուղղահայաց դիրքում գտնվի։ Թերություն համարվում է ուղիղ և շատ ազատ, այսպես կոչված «անկարգ» ուսը։ Կողերը ողնաշարից դեպի կողքեր են տարածված և չեն խոչընդոտում ազատ տեղաշարժին։

Հասկիի կուրծքը խորը և հզոր է, չնայած այնքան էլ լայն չէ։ Ցեղատեսակի թերություն է համարվում չափազանց լայն կամ տակառաձև կուրծքը։

Առջևի և հետևի վերջույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասկի

Սիբիրյան հասկիի առջևի վերջույթները արտաքինից ունեն համաչափ լայն դիրք, պարտադիր զուգահեռ և ուղիղ են, արմունկները պետք է մարմնին շատ մոտ դիրքում գտնվեն, դաստակները՝ փոքր-ինչ թեքված։ Վերջույթի երկարությունն արմունկից մինչև մատներ մեծ է արմունկից մինչև վզակոթ ընկած հեռավորությունից։ Թերություն է համարվում արմունկների չափազանց լայն դասավորվածությունը։

Հետևի վերջույթները ևս զուգահեռ են, համաչափ լայն դիրքում։ Հզոր կոնքերը, վարգման անկյունը բավականաչափ արտահայտված են։

Շարժման ժամանակ շան թաթերը մնում են ուղիղ և չեն շրջվում ոչ ներս, ոչ դուրս։ Թերություն համարվում է թույլ թաթը, չափազանց խոշոր կամ, ընդհակառակը, փոքր և նուրբ թաթը։ Դեպի թաթի ներսի մաս ուղղված մատները ևս համարվում են ցեղատեսակի թերություն։

Թաթերի թմբիկները լավ հարմարված են ձյանը, մատների արանքում կուտակվող սառույցի պարբերական մաքրման կարիք չկա։ Այնուամենայնիվ, հաստ սառույցի վրայով ակտիվ տեղաշարժի դեպքում թաթը վնասվում է։ Դրանից պաշտպանելու համար շատ հաճախ լծավարներն օգտագործում են հատուկ «կոշիկներ», որոնք հագցվում են շան թաթերին։

Առջևի թաթերին կան բութ մատներ։ Այդ մատները չեն համարվում թերաճ, դրանք շանն անհրաժեշտ են մռութը քորելու համար։ Սակայն որոշ լծավարներ վիրահատությամբ հեռացնում են իրենց շների այդ մատները, որպեսզի կոշիկները հագցնելու ժամանակ խուսափեն թաթերը վնասելուց։

Պոչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շան պոչը կախ է, հիշեցնում է աղվեսի պոչ, մարմնի վերին հատվածի գծից ներքև է։ Հանգիստ վիճակում ուղիղ է և կախված, լարված վիճակում մեջքի նկատմամբ գեղեցիկ մանգաղաձև բարձր դիրքում է։ Պոչը չի թեքվում վեր մեջքի վրա։ Պոչի մազածածկույթը միջին երկարության է, հավասարաչափ բաշխված։ Թերություն են համարվում՝ արտահայտված թեքված պոչը, չափազանց կախ պոչը, պոչի չափազանց բարձր կամ ցածր դիրքը։

Գունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանդարտի համաձայն, սիբիրյան հասկիի գունավորումը կարող է լինել գրեթե ամեն տեսակի՝ սևից մինչև սպիտակ, ամբողջ մարմնի վրա նշաններով ու գծերով։ Առավել տարածված է համարվում սպիտակասև և մոխրասպիտակ գունավորումը։ Հազվադեպ հանդիպում է նաև շագանակասպիտակ ու գունատ դեղին, պիբոլդ (բծավոր) գունավորումը։ Ամբողջովին սև, շագանակագույն (առանց սպիտակի) և սպիտակ գունավորումները խիստ հազվադեպ են, բայց չեն հանդիսանում ցեղատեսակին չվերաբերող։ Բնորոշ, սակայն ոչ պարտադիր հատկանիշ է հանդիսանում աչքերի շուրջ դիմակի (սև կամ սպիտակ) և քթի մոտ կրկնակի ուղղահայաց գծերի առկայությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В. Г. Богораз. Чукчи. Ч.1. Ленинград 1934 стр.3
  2. 2,0 2,1 «МИФ О ТЫСЯЧЕЛЕТНЕЙ ПОРОДЕ» статья Елены Поцелуевой, Людмилы Чебыкиной Журнал «ДРУГ» № 11/2002 По материалам книги «Ездовые собаки», авторов: Поцелуева Елена Васильевна, Озерова Марина Евгеньевна, Чебыкина Людмила Игоревна, 2002 г.
  3. 3,0 3,1 3,2 По материалам книги «СИБИРСКИЙ ХАСКИ» К. и К. Киско, Ш. И С. Луксмур, 2006 г.
  4. Того. Великая Гонка Милосердия.
  5. 5,0 5,1 ИСТОРИЯ ПОРОДЫ СИБИРСКИХ ХАСКИ։ Собаки русского Дальнего Востока
  6. Легендарный Балто и «Великая Гонка Милосердия». Кто был настоящим героем? Надежда Грянник