Jump to content

Սիբիրական պլատֆորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիբիրական Պլատֆորմ Հյուսիսային Ասիայի կենտրոնական մասի հին (մինչռիֆեյան) խոշոր պլատֆորմ։ Սիբիրական պլատֆորմի կառուցվածքում առանձնացնում են արխեյպրոտերոզոյան ծալքավոր բյուրեղային հիմքը և նրա վրա մեղմ տեղադրված ռիֆեյ-ֆաներոզոյան ծածկոցը։ Բյուրեղային հիմքը տեղ-տեղ (Անաբարի զանգված, Ալդանի վահան ևն) մերկանում է Երկրի մակերևույթին, իսկ մնացած վայրերում ծածկված է 10-12 կմ հաստության նստվածքներով, մասնատվել է առանձին բլոկների և իջել տարբեր խորություններ։ Սիբիրական պլատֆորմի հիմքը կազմված է արխեյի և պրոտերոզոյի բյուրեղային ապարներից (գնեյսներ, թերթաքարեր, մարմարներ ևն), նստվածքային ծածկոցը՝ վերին քեմբրիից մինչև անթրոպոգենի հասակի նստվածքներից, որոնցից լայնորեն տարածված են ռիֆեյի,քեմբրիի և օրդովիկի բեկորային, կարբոնատային և աղաբեր հաստվածքները։ Սիբիրական պլատֆորմի սահմաններում են գտնվում Տունգուսկայի կարբոնի ու պերմի, Իրկուտսկի յուրայի ածխաբեր ավազանները։ Տունգուսկայի սինեկլիզի ծայրամասերում կան հիմքային հրային ապարներ՝ տրապներ, որոնք առաջացնում են դայքեր, երակներ և ծածկոցներ, ինչպես նաև կիմբեռլիտներ՝ իրենց ալմաստաբեր փողակներով։ Սիբիրական պլատֆորմի հիմքային ապարներին հարում են երկաթի, փայլարի, պիեզոքվարցի, ապատիտի, նստվածքային ծածկոցիապարներին՝ նավթի, այրվող և բիտումինային թերթաքարերի, գազի, ածխի (Լենայի, Տունգուսկայի, Իրկուտսկի ավազաններ), քարաղի, գիպսի, երկաթի, ֆոսֆորիտների, մանգանի, ցրոնային ոսկու և այլ հանքավայրեր։ Տրապային ֆորմացիայի ապարների հետ կապված են մագնետիտի, նիկելի, պղնձի, ազնիվ մետաղների, գրաֆիտի, իսլանդական սպաթի և ալմաստի հանքավայրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 357